Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ հրավիրված էին, բայց նախկին 4 բորսաներից ոչ մեկի տնօրենը չէր եկել Հայաստանի ֆոնդային բորսայի առե

Հուլիս 07,2001 00:00

ԻՐԱՐ ԳԼՈՒԽ ՉԷԻՆ ՋԱՐԴՈՒՄ Թեեւ հրավիրված էին, բայց նախկին 4 բորսաներից ոչ մեկի տնօրենը չէր եկել Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակի բացմանը։ Սեդրակ Սեդրակյանը, որ շատ ջանք թափեց Armex-ի չկայացման համար, անգամ 2 հրավիրատոմս էր ստացել, բայց, պարզվում է, Հայաստանում մասնագիտական կուլտուրան դեռեւս բավականաչափ ցածր է։ Փոխարենը, հյուրերի ներկայացուցչական կազմից բացի, առաջին բորսայական առեւտրին հետեւելու էին եկել «Մաքուր երկաթի» Երեւանի ոսկերչական գործարանի տնօրենները։ Իսկ Մայքլ Լեմոնը, Օուեյս Սաադաթը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (ուղերձով), Կարեն Ճշմարիտյանը եւ Էդուարդ Մուրադյանը հարթակի բացումը խիստ նշանակալից համարեցին Հայաստանի տնտեսական կյանքում, բորսայի առեւտրային հարթակի հետ կապելով շուկայական տնտեսության կայացումը։ Իսկ Ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահ Էդվարդ Սանդոյանի կարծիքով, «այս հարթակն ընդամենը տեղ է, որտեղ բրոքերներն առեւտրով են զբաղվելու, շահույթ ստանալու։ Տեղը պատրաստ է, բայց դեռեւս ծավալն ու շուկան չկա, որի շնորհիվ կարող է այս տեղն իբրեւ բիզնես հանդես գալ»։ Մասնավորեցման ընթացքում պետությունը, տեսականորեն, կարող է օբյեկտների ազատ առեւտրի հանվող մասնաբաժինների արժեթղթերն իրացնել Ֆոնդային բորսայի միջոցով։ Սակայն կարող է հակառակ արդյունքը ստացվել՝ գներն ընկնելու իմաստով, ինչն, իհարկե, բորսայի մեղքը չէ, այլ Հայաստանում բնակչության խնայողությունների ցածր մակարդակը։ Մյուս կողմից, Armex-ի դիտորդ խորհրդի նախագահի կարծիքով, «սեփականաշնորհման գործընթացները եւ բորսայական խնդիրները տարբերություններ էլ ունեն եւ միշտ չէ, որ պետությունը մասնավորեցումը պիտի իրականացնի բորսայական մեթոդներով։ Պետական սեփականության օտարման բազմաթիվ ձեւեր կան, որոնք ենթադրում են պայմանների առաջարկ. ներդրումների ծավալ, աշխատատեղերի պահպանում եւ այլն, որոնք բորսան չի ճանաչում»։ Ինչ վերաբերում է խնայողությունների ցածր մակարդակի պատճառով ոչ արդար գնագոյացմանը, ապա Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի կարծիքով, այդ հարցին պետք է նայել վարչական հարցերի տեսանկյունից, այսինքն, արդյոք ինֆորմացիոն խաբեություն տեղի չի՞ ունենում, կեղծ գին չի՞ ստեղծվում եւ այլն։ Էդ. Մուրադյանի հավաստմամբ, իհարկե, հանձնաժողովը կկանխի դրանք, բայց բնակչության խնայողությունների շատ ցածր մակարդակը կդանդաղեցնի բուն շուկայի կայացումը։ Իսկ բորսայական առեւտրի հարթակը, որ միջազգային ստանդարտներին համապատասխան է, բրոքերներին հնարավորություն է տալիս աշխատել ինչպես այդ դահլիճում, այնպես էլ հեռավորությունից, Ինտերնետ համակարգի միջոցով։ Երեկ կենտրոնական դեպոզիտարիայի ԿԲ հաշվեհամարում 35 մլն դրամ կար դեպոնացված եւ 30 մլն դրամի մարման անվանական արժեքով պետական կարճաժամկետ պարտատոմս։ Մեկ ժամ տեւած սակարկության ավարտին արդեն 22 բրոքերները 6 գործարք էին կնքել, կատարելով 26 մլն 996 հազար 750 դրամի առեւտուր։ Ցավոք, դեռեւս կորպորատիվ արժեթղթի առքուվաճառք չի կատարվել եւ մեր շուկայի համար դեռ շուտ են գների տատանում եւ ակտիվ շուկային բնորոշ այլ հասկացություններ, բայց ամեն ինչ հերթով, եւ ինչպես Armex-ի վարչության նախագահ Արմեն Մելիքյանն ասաց, «առայժմ բացատրական աշխատանք է տարվում»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել