Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գիտությունը պահող գրանտատու կազմակերպություններից մեկի՝ INTAS-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆ

Հուլիս 07,2001 00:00

INTAS-ը մրցակցում է ԱՄՆ-ի հետ Հայաստանի գիտությունը պահող գրանտատու կազմակերպություններից մեկի՝ INTAS-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Ֆերինին հուլիսի 3-ից գտնվում է Երեւանում եւ երեկ ԳԱԱ-ի դահլիճում հանդիպեց հայ գիտնականների հետ։ Պարոն Ֆերինին նրանց ներկայացրեց իրենց կազմակերպության աշխատանքի սկզբունքները եւ 2001թ. ծրագրերը, որոնց մրցույթին կարող են մասնակցել հայ գիտնականներն ու դրամաշնորհ ստանալ։ Սակայն այս հնարավորությունը ոնց որ թե մեր գիտնականներին առանձնապես չէր ոգեւորել, քանի որ այնքան էլ շատ մարդ չկար։ Կարելի է նաեւ ենթադրել, որ հայ գիտնականները այնքան տեղեկացված են այս կազմակերպության մասին (INTAS-ի ինտերնետային էջից կամ Երեւանյան խորհրդատվական գրասենյակից), որ այդ ծրագրերի ներկայացումը, ընդ որում՝ շատ վատ թարգմանությամբ մատուցված, նրանց համար հետաքրքիր չէր։ Սակայն ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը եւս հանդիպման վերջում փաստեց, որ հայ գիտնականները, ի տարբերություն, ասենք՝ վրացիների, շատ պասիվ են գրանտային ծրագրերին մասնակցելու հարցում՝ չնայած պետությունն այսօր գիտությունը պահելու համար միջոցներ չունի եւ հույսները հենց այդ գրանտատու կազմակերպություններն են։ Սակայն, ինչպես կարելի է ենթադրել նաեւ գիտնականների արձագանքից, INTAS-ի նկատմամբ պակաս հետաքրքրությունը կարելի է բացատրել նաեւ վերջինիս պահանջների խստությամբ ու ոչ այնքան բարենպաստ պայմանների առկայությամբ, ինչի պատճառով մյուս, հատկապես ամերիկյան կազմակերպությունները շատ ավելի գայթակղիչ են գիտնականների համար։ INTAS-ը, որի կենտրոնական գրասենյակը Բրյուսելում է, միջազգային միություն է, որի անդամները եվրոպական զարգացած երկրներ են, ինչպես նաեւ Եվրամիությունը՝ որպես առանձին միավոր։ Այն իր առաքելությունն է համարում աջակցել ԱՊՀ երկրներում գիտության զարգացմանը եւ ԱՊՀ ու եվրոպական երկրների գիտնականների համագործակցությանը։ Դրամաշնորհի համար հայտ պետք է ներկայացնեն խմբով, ընդ որում՝ խմբի անդամները ցանկալի է լինեն տարբեր երկրներից, ինչը հաճախ այնքան էլ հեշտ չէ ապահովել։ Լրագրողների հետ առանձնազրույցում «Նոյյան տապանի» թղթակցի հարցին՝ կա՞ մրցակցություն INTAS-ի եւ մյուս, հատկապես ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող գրանտատու կազմակերպությունների միջեւ, Ֆեդերիկո Ֆերինին բացասական պատասխան տվեց։ Սակայն հարեւանությամբ կանգնած Վլ. Բարխուդարյանը ցածրաձայն նկատեց՝ «Կա՛, կա՛ մրցակցություն»։ Իսկ Ֆ. Ֆերինին շեշտեց, որ իրենք շատ լավ համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ։ Ըստ Ֆ. Ֆերինիի՝ INTAS-ը օգնում է հայ գիտնականներին, քանի որ Եվրոպայի համար շատ կարեւոր է, որ պահպանվի ԱՊՀ երկրների գիտական համակարգը՝ որպես զարգացման, խաղաղության երաշխիք։ INTAS-ի ներկայացուցիչն, այնուամենայնիվ, հետո ընդունեց, որ մրցակցություն կարող է լինել ԱՄՆ-ի համեմատ ավելի շատ գիտնականներ ԱՊՀ երկրներից ներգրավելու հարցում ու զարմանալի է համարում, որ ինչո՞ւ են եվրասիական երկրների գիտնականները աշխատում ոչ թե Եվրոպայի համար, այլ՝ մյուս մայրցամաքների։ INTAS-ը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1992 թվից եւ մինչ օրս հատկացրել է 2.257.675 եվրոյի դրամաշնորհ՝ 115 տարբեր ծրագրերի համար։ INTAS-ին առավել հետաքրքրում է ֆիզիկայի ոլորտը՝ թեեւ Ֆ. Ֆերինիի հավաստմամբ, իրենք ֆինանսավորում են գիտության բոլոր ոլորտներին առնչվող ծրագրերը։ Յուրաքանչյուր տարվա մրցութային ծրագրերը որոշակի թեմայով են լինում։ Այս տարվա թեման շրջապատի աղտոտվածության խնդիրն է, որի լուծման առաջարկով կարող են հանդես գալ տարբեր ոլորտների գիտնականներ։ Բացի թեմատիկ մրցույթներից, կան նաեւ բաց մրցույթներ, որոնց կարող են մասնակցել բոլոր բնագավառների գիտնականները եւ ցանկացած թեմայով։ Նույն գիտնականը կարող է մի քանի ծրագրերի հայտ ներկայացնել, բայց եթե բոլորի համար էլ դրամաշնորհ շահի, կվարձատրվի միայն մեկ դրամաշնորհի համար նախատեսված հոնորարի չափով։ Բացի այդ, գրանտների չափը գրեթե նույնն է եւ հաշվի չեն առնված գիտության տարբեր ոլորտների առանձնահատկությունները, առավել կամ պակաս ծախսատար լինելը։ Հասկանալի է, որ սրանք այնքան էլ գայթակղիչ պայմաններ չեն։ Ֆեդերիկո Ֆերինին, ի պատասխան լրագրողի հարցին, տեղեկացրեց, որ գիտական աշխատանքների հեղինակային իրավունքը պատկանում է միայն գիտնականներին։ Նա վստահեցրեց, որ INTAS-ը բացարձակ ոչ մի հավակնություն այս հարցում չունի։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել