Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում մեր հանրապետությունում լայնորեն քննարկվում է մահապատժի հիմնահարցը, կապված, մասնավորա

Հուլիս 21,2001 00:00

ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ Է, ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ Վերջին շրջանում մեր հանրապետությունում լայնորեն քննարկվում է մահապատժի հիմնահարցը, կապված, մասնավորապես, նոր քրեական օրենսգրքի ընդունման, սահմանադրական բարեփոխումների, հոկտեմբերի 27-ի գործի դատավարության եւ Եվրախորհուրդ ընդունվելու իրողությունների հետ: Այդ քննարկումները, որպես կանոն, կրում են քաղաքական, բարոյական, երբեմն էլ զուտ զգայական բնույթ, որի արդյունքում հիմնահարցի իրավաբանական կողմը մնում է ստվերում: Մինչդեռ մահապատիժն իրավաբանական հիմնահարց է, եւ միայն իրավագիտությունը կարող է առաջարկել այդ հիմնահարցի համարժեք լուծումը: Իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի հոդվածում լուսաբանվում են մահապատժի հիմնահարցի իրավաբանական հարադրությունները: *** Իրավունքը ձեւական (իրավական) հավասարություն է եւ դրա հիմքում ընկած է հավասարին հավասարը (էկվիվալենտության) սկզբունքը: Իրավահավասարության սկզբունքի, արդարության (արդարադատության) եւ, դրա հետ միասին, արդարացի իրավունքի եւ պետության հիանալի խորհրդանիշ է արդարության (արդարադատության) աստվածուհի Ֆեմիդայի անմահ կերպարը՝ բոլորի համար հավասար Արդարության Կշեռքով եւ արդարացի-իրավական կարգը պաշտպանող Սրով: Այդ սկզբունքի ուժով իրավունքը, լինելով ձեւական (իրավական) հավասարության համընդհանուր չափ, միաժամանակ, ազատության եւ արդարության միասնական չափ է: Արդարության հիմքում ընկած է յուրաքանչյուրին իր արածին համաչափ (էկվիվալենտ) վերաբերմունք ցույց տալու սկզբունքը: Քրեական ամբողջ օրենսդրությունը կառուցված է հանցագործության եւ պատժի միջեւ հավասարության սկզբունքի հիման վրա: Այդ սկզբունքի ուղղակի պահանջն է՝ սպանության համար կիրառել մահապատիժ: Հին ժամանակներում դրան անվանում էին տալիոնի սկզբունք: Մարդկային քաղաքակրթությունը սոսկ ձեւափոխել եւ մեղմացրել է տալիոնի՝ որպես հավասարի համար հավասարի, սկզբունքի արտահայտության կոպիտ ձեւերը, սակայն ինքը՝ սկզբունքը, ներհատուկ է յուրաքանչյուր իրավունքի: Պատժի մարդասիրացման տեսանկյունից խոսքը կարող է գնալ սոսկ այդ հավասարակշռության (էկվիվալենտի) արտահայտության առավել ճշգրիտ եւ հնարավորինս մեղմ ձեւերի մասին, որը պետք է համապատասխանի հասարակության զարգացման պատմականորեն ձեռք բերված իրական մակարդակին, հասարակության իրավական մշակույթին, բարքերին ու հասարակական գիտակցության բնույթին, հանցագործությունների վիճակին եւ այլն: Ինչ վերաբերում է մահապատժին, ապա ակնհայտ է, որ այն իրավաբանորեն համարժեք (էկվիվալենտ) է միայն մեկ հանցագործության՝ դիտավորյալ սպանության համար: Սպանությունը բացարձակ հանցագործություն է, քանի որ այն ոչնչացնում է բացարձակ եւ բարձրագույն արժեքը՝ մարդկային կյանքը: Իսկ կյանքը՝ որպես եզակի արժեք, չունի այլ հավասարաարժեք փոխանակիչ. իրավական հավասարության սկզբունքին համապատասխան մեկի կյանքին համարժեք (էկվիվալենտ) է սոսկ մյուս կյանքը: Երբ մահապատիժ են կիրառում դիտավորյալ սպանության հետ չուղեկցվող այլ հանցագործությունների նկատմամբ, ապա առկա է ոչ միայն պատժի խստությունը եւ դաժանությունը, այլ նաեւ՝ դրա ակնհայտ անիրավաչափությունը եւ հակաիրավականությունը: Հակաիրավական գործողությունների բացառիկ դեպքում, երբ խախտվում է իրավունքի ելակետային ու գլխավոր արգելքը՝ սպանելու արգելքը, սպանության համար մահապատիժն իր իրավական էությամբ իրավունքի ուժի եւ հավասարաարժեք պատասխանատվության իրավական սկզբունքի արտահայտությունն ու հաստատումն է: Բարձրագույն պատժի եւ իրավունքի հիմնական արգելքի նման անհրաժեշտ ու արդարացի համապատասխանության առկայությունը հիմնադիր նշանակություն ունի իրավական արգելքների եւ համապատասխան պատժամիջոցների ամբողջ համակարգի համար: Այստեղից ակնհայտ է, որ դիտավորյալ սպանության համար մահապատժի վերացումը ոչ թե մեկ պատժամիջոցի փոխարինում է մեկ այլ պատժամիջոցով, այլ, փաստորեն, նշանակում է իրավական կարգավորման առավել խոր ու լարված խնդրում հրաժարվել իրավունքի եւ համարժեք իրավական պատասխանատվության սկզբունքից: Օրինական հարց է առաջանում, եթե հնարավոր է իրավական հավասարության սկզբունքից հրաժարվել այդ կարեւորագույն դեպքում, ապա ինչու՞ այդ սկզբունքը պետք է պահպանվի մնացած դեպքերում: Մահապատժի վերացման կողմնակիցներն այս եւ նմանօրինակ հարցերի վերաբերյալ իրավունքի պահանջներին եւ տրամաբանությանը համապատասխանող համոզեցուցիչ պատասխաններ չունեն: Այսպես, նրանց հղումը մարդկային կյանքի բացարձակ արժեքին ինքնին ճիշտ է, սակայն դա, ըստ էության, փաստարկ է ոչ թե ընդդեմ, այլ հանուն մահապատժի, քանի որ բացարձակ արժեքավոր է նաեւ զոհի (սպանվածի) կյանքը: Դիտավորյալ ծանր սպանության համար մահապատժի՝ որպես պատժատեսակի, իրավաբանական բնույթն անտեսվում է, երբ, վկայակոչելով կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի բնական իրավունքը, ընդհանրապես բացառվում է սպանության համար մահապատիժ սահմանելու հասարակության իրավունքը: Սակայն նման հղումներն այստեղ որեւէ բան չեն փոխում. յուրաքանչյուրը (ներառյալ՝ նաեւ զոհը եւ ոչ միայն մարդասպանը) բնական իրավունք ունեն հենց իրենց՝ ոչ թե ուրիշի կյանքի նկատմամբ: Բացի այդ, բնական իրավունքը՝ որպես ամեն մի իրավունք, անհրաժեշտաբար ենթադրում է հավասարի համար հավասար սկզբունքը: Այդ բնական-իրավական դիրքերից ակնհայտ է, որ սպանության համար մահապատիժը ոչ թե հասարակության ու պետության կամայական մտահղացումն է, այլ անհրաժեշտ արդարացի եւ հավասարաարժեք պատիժ՝ այլ մարդու հիմնական բնական իավունքի դեմ կատարած հանցագործության համար: Այնպես որ, հասարակությունը եւ պետությունը, բնական իրավունքի տրամաբանությամբ, իրավունք ունեն օրենքով մահապատիժ սահմանել միայն դիտավորյալ սպանության համար, քանի որ նման օրենքը համապատասխանում է իրավունքի պահանջներին ու իրենից ներկայացնում է յուրաքանչյուրի կյանքի բնական իրավունքի պաշտոնական ճանաչումը եւ պաշտպանությունը: Վերջերս, այդ հիմնահարցի շուրջ ծավալված բանավեճերում, մահապատժի հակառակորդները բերում են նաեւ այնպիսի փաստարկ, ինչպիսին է՝ դրանից հրաժարվելն իրավական տեսակետից զարգացած բազմաթիվ արեւմտյան երկրներում: Սակայն մոռացության է տրվում, որ մենք ու նրանք, բացի մյուս էական տարբերություններից, գտնվում ենք իրավական զարգացման միանգամայն տարբեր աստիճանների վրա: Այնտեղ մահապատժից հրաժարվելը հնարավոր դարձավ տվյալ պետության իրողության հիման վրա՝ դարերով հաստատված իրավունքի իշխանության, իրավական պետության, ձեւական (իրավական) հավասարության սկզբունքի, կայուն իրավական աշխարհայեցողության, իրավական մշակույթի բարձր մակարդակի պայմաններում: Այդ երկրներում մահապատժից հրաժարվելն ամուր եւ ինքնավստահ իրավակարգի կողմից կատարված զիջումն է հօգուտ ավելի մեղմ հասարակական բարքերի, որը որեւէ լուրջ վտանգի չի ենթարկում իրավունքի սկզբունքը եւ պահանջները: Մենք դեռեւս առաջին քայլերն ենք կատարում ամբողջատիրական համակարգի եւ հակաիրավական իրականության (ներառյալ՝ քրեական պատժի եւ մահապատժի բնագավառում) հաղթահարման ուղղությամբ, դեռ նոր ենք սկսում մեր շարժումը դեպի իրավունք եւ իրավական պետականություն, դեռեւս երկչոտորեն ենք խոսում բարու, բարեհամբուրության, դաժանությունն զսպելու մասին: Հետեւաբար, նախ անհրաժեշտ է մեր կյանքում, ներառյալ՝ քրեական իրավունքի ու քրեական դատավարության ոլորտում, հասնել իրավական հավասարության սկզբունքի եւ տարրական իրավակարգի ամրապնդմանը: Մինչդեռ մենք երկար ուղի պետք է անցնենք, մինչեւ կարողանանք հաստատել իրավական հավասարության սկզբունքը, որից մահապատժի վերացման կողմնակիցները պատրաստ են հրաժարվել իրավունքի այս արմատական խնդրում եւ ցանկանում են միանգամից, առանց իրավական հավասարության սկզբունքի հաստատման «ցատկել» դեպի մարդասիրություն: Մահապատժի դեմ բերվում է եւ այնպիսի փաստարկ, ինչպիսին դատական սխալի ողբերգական հնարավորությունն է: Սակայն այդ վտանգի կապակցությամբ համաշխարհային իրավական մշակույթը եւ պրակտիկան ստեղծել են միջոցների մի ամբողջ համալիր, որոնք երաշխիք են ծառայում ընդդեմ նման սխալների: Դրանց թվին են պատկանում՝ անմեղության կանխավարկածը, կասկածների փարատումը հօգուտ մեղադրյալի եւ ամբաստանյալի, օբյեկտիվ նախաքննության ու դատաքննության դատավարական ձեւերի եւ կանոնների պահպանման անհրաժեշտությունը, արդարադատության ծառայողների պատշաճ իրավական մշակույթն ու մասնագիտական որակավորումը, պաշտպանության իրավունքի ապահովումը եւ փաստաբանի մասնակցությունն անձի ձերբակալման պահից, մեղադրական դատավճռի վերաքննիչ ու վճռաբեկ վերանայումը, ներման ինստիտուտը եւ այլն: Անհրաժեշտ է կատարելագործել եւ հարստացնել այդ երաշխիքային միջոցներն ու ձեւերը, հասնել դրանց հետեւողական պահպանմանը եւ իրագործմանը: Ողբերգական հետեւանքներ ունեցող սխալի վերացական հնարավորությունն ինքնին, ոչ պակաս չափով, քան արդարադատության բնագավառում, ներհատուկ է նաեւ մարդկային գործունեության այլ ոլորտներին (օրինակ՝ գիտությանը, տեխնիկային, բժշկությանը, քաղաքականությանը եւ այլն): Եվ ամենուր առաջադիմությունն իրականացվում է ոչ թե սխալի վերացական հնարավորությանն անձնատուր լինելու միջոցով, այլ սխալի վերացական հնարավորությունն իրականության վերածելուն խոչընդոտող գործունեության ավելի հուսալի եւ կատարյալ միջոցների ու ձեւերի որոնման ուղիներով: Նույնն է վիճակը նաեւ քրեական իրավունքի եւ արդարադատության ոլորտներում, որտեղ, շրջանցելով իրավունքը եւ հրաժարվելով իրավունքի սկզբունքային պահանջներից, անհնար է գնալ պատիժների մարդասիրացման ուղիով: Ավելին՝ իրավունքի սկզբունքի հետեւողական պահպանումը հենց իրական մարդասիրությունն է: Եվ որքան արագ մենք շարժվենք դեպի իրավական օրենքն ու իրավական պետությունը, այնքան մոտ կլինենք մահապատիժն այլ պատժով փոխարինելու հարցի իրատեսական լուծմանը: Նշենք նաեւ, որ այն երկրներում, որտեղ մահապատիժը վերացվել է, այդ պատժատեսակը չի անհետացել, այլ սոսկ կասեցվել է դրա կիրառումը: Այլ կերպ ասած՝ իրավական վիճակից այն վերածվել է պոտենցիալ վիճակի: Մահապատիժը միշտ էլ մնում է իրավունքի պահուստում, քանի դեռ կա սպանություն եւ քանի դեռ կա իրավունք: Հետեւաբար, մահապատժի վերացումն այդ երկրներում միշտ էլ շարունակում է մնալ որպես իրավական փորձարարություն (էքսպերիմենտ)՝ որքան էլ դա երկար տեւի: Ներկայումս ստուգվում է, թե կարո՞ղ է, արդյոք, համապատասխան իրավակարգը բնականոն գործել իրավունքի հիմնական սկզբունքից՝ իրավական պատասխանատվության համարժեքության պահանջից նահանջելու պայմաններում: Եթե այո, ապա փորձարարությունը շարունակվում է, իսկ եթե ոչ՝ հասարակությունը միշտ էլ իրավունք ունի դիտավորյալ սպանության համար օրինական կարգով վերականգնել մահապատիժը: Նա, ով ցանկանում է իրավունք, պետք է լրջորեն հաշվի նստի իրավունքի եւ դրա սկզբունքից բխող հետեւանքների հետ: Հետեւաբար, մեր իրավակարգի վիճակը, ամբողջատիրական համակարգի շոշափելի մնացորդների առկայությունը, դեռեւս իրավունքի իշխանության, իրավական պետության, ձեւական (իրավական) հավասարության սկզբունքի, կայուն իրավաբանական աշխարհայեցողության, իրավական մշակույթի գրեթե իսպառ բացակայությունը մեզանում անիմաստ է դարձնում իրավունքի շրջանցմամբ դեպի մարդասիրություն «ցատկելը» եւ մահապատժի վերացման համար տարբեր սուբյեկտիվ պատճառներ հորինելը՝ սեփական ցանկությունը որպես իրականություն ներկայացնելու միտումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել