Լրահոս
Օրվա լրահոսը

Այս շաբաթ Ժնեւից (Շվեյցարիա) ստացվեց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի

Հուլիս 21,2001 00:00

Աջակցության արժանի նախաձեռնություն Այս շաբաթ Ժնեւից (Շվեյցարիա) ստացվեց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարություն. մի բան, որը կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խթանիչ ուժ։ Պատկանելով հասարակության տարաբնույթ կտրվածքների՝ հանձնաժողովի անդամները չափազանց պատրաստված են ու ունեն նշանակալի փորձ ու խոր ըմբռնում՝ հարցերի ու գործընթացի հանդեպ։ Հանձնաժողովի ձեւակերպմամբ, իրենց նպատակն է խթանել թուրքերի ու հայերի միջեւ փոխըմբռնման ու բարի կամքի զարգացումը եւ խրախուսել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը։ Հավատացած ենք, որ այն արժանի է մեր լիակատար աջակցությանը եւ պետք է կայանալու հնարավորություն ստանա։ Չնայած երկուշաբթի օրը հայտարարված Հանձնաժողովի գործունեության սկզբունքներում բացակայում է Հայոց ցեղասպանության ուղղակի հիշատակումը, հաշտեցման անհրաժեշտությունը բխում է այն երկարամյա անվստահությունից, որը ծնունդ է առել 1915-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հետեւանքով։ Վստահության բացակայությունը անջատ է պահում երկու երկիրն ու ժողովուրդը, մինչդեռ նրանց տարանջատող խնդիրները ժամանակի ընթացքում դարձել են առավել բարդ, խճճված ու զգացմունքային։ Համոզված ենք, որ թուրք ժողովրդի օգտին է ընդունել պատմական իրողությունը, ինչպես որ դա արեցին ԱՄՆ-ը, Գերմանիան եւ վերջերս՝ Հարավսլավիան։ Սա կխթանի ազգերի Եվրոպական ընտանիքին միանալուն ուղղված Թուրքիայի ջանքերը, որոնք երկար ժամանակ է, ինչ խափանվում են ցեղասպանության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդարանի մտահոգություններով։ Աշխարհի բոլոր հայերի համար դա կնշանակեր Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման արշավի դադարեցում եւ երկու ժողովրդին անջրպետող խնդրի հաղթահարում։ Հայաստանում ապրողների համար Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունները կնշանակեին Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման ավարտ, ինչը կհանգեցներ նշանակալի տնտեսական օգուտների։ Բաց սահմանը վերջ կտար առեւտրական գործունեությունից Հայաստանի մեկուսացմանը՝ արեւելք-արեւմուտք ուղղություններով։ Այն կբացեր Թուրքիայի եւ Հայաստանի շուկաները միմյանց ապրանքների համար եւ երկրից երկիր տրանզիտի հնարավորություն կընձեռեր դեպի արեւմուտք եւ արեւելք։ Սահմանների բաց լինելն ու կայունությունը կխրախուսեր ներդնողներին եւ օտարերկրյա կապիտալի ներհոսքը։ Բազմաթիվ հայերի համար հաշտեցման օգուտները թերեւս նշանակեն երկրում մնալու հնարավորության ընտրություն՝ ի տարբերություն ներկայիս տնտեսական ճնշումներից դրդված երկիրը լքելուն։ Եղել են նաեւ հաշտեցմանն ուղղված այլ ջանքեր, սակայն դրանցից ոչ մեկը չի հասել այսպիսի տրամաչափի։ Վերջին ամիսներին արձանագրվել է միջսահմանային տնտեսական, մշակութային, կրոնական եւ նույնիսկ կառավարական շփումների աճ երկու հարեւանների միջեւ։ Գիտակցելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների համար առկա են լուրջ խոչընդոտներ, հաշտեցման հանդեպ աճող հետաքրքրությունը պատեհաժամ է դարձնում սույն Հանձնաժողովի ի հայտ գալը եւ խոստումնալից՝ նրա կայացման հնարավորությունը։ Դրա կազմը երաշխավորում է բազմակողմանի եւ համապարփակ մոտեցում։ Ըմբռնելով, որ Հանձնաժողովի անդամները գործում են որպես անհատներ՝ հուսով ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունները կաջակցեն նրանց ջանքերին։ Սույն Հանձնաժողովն արժանի է, որ իրեն կայանալու հնարավորություն ընձեռվի, սակայն վերջինիս հաջողությունը պայմանավորված է ամերիկահայերի աջակցությամբ։ Հավատացած ենք, որ ամերիկահայերը կարող են եւ պիտի պաշտպանեն այս նախաձեռնությունը։ Հիշելով մեր կորուստները, պետք է քայլենք դեպի ցեղասպանության սպառնալիքից զերծ ապագան։ Մեր աջակցությամբ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը կարող է առավել լավ ապագայի հիմք դառնալ։ Armenian reporter, 10 հուլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել