Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց

Սեպտեմբեր 11,2001 00:00

Մեծ հմայքի տեր Արվեստագետն ու Մարդը Ավարտվեց կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնը։ Սեպտեմբերի 6-9-ը երեւանյան համերգասրահներում ծավալվում էր մեղեդին, դուրս թռչում փողոց, եւ անցորդները կանգ էին առնում լսելու արդեն հարազատ դարձած, բաբաջանյանական անկեղծության ու մաքրության միջով անցնող ոգեւորության եւ հիացմունքի հիմներգությունը։ Առնո Բաբաջանյանը, որ մեծն Խաչատրյանից հետո, իր սերնդակիցներ Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի հետ միասին կենսախինդ երաժշտությամբ եկավ փոխարինելու հազարամյակներ հնչող աղետալի, ողբանվագ, վշտի, կարոտի, պանդխտության երգերին ու նվագներին։ Նրան վիճակվեց գտնել արդեն ստեղծված ավանդույթների միահյուսման առավել համոզիչ, նոր ուղիներ, եւ համաշխարհային երաժշտական մշակույթը մեծապես հարստացնել մեծ արժեք ունեցող գործերով։ Փառատոնի օրերին մեկ անգամ եւս հնչեցին նրա անմահ սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններն ու էստրադային երգերը։ Համերգներին մասնակցեցին հայ երաժիշտները եւ Մոսկվայից ժամանած արվեստագետները՝ Իոսիֆ Կոբզոնը, շեփորահար Վլադիմիր Տարտակովսկին, դաշնակահար Սերգեյ Մուսայելյանը եւ այլք։ Բաբաջանյանն այն անհատներից էր, որոնք կոչված էին ներկայացնելու մի ամբողջ ազգ, նրա ճակատագիրը, ապրած ժամանակի շունչը։ Տեղեկանալով, որ Իոսիֆ Կոբզոնը վերջերս վատառողջ էր, մտավախություններ կային, որ նա չի մասնակցի փառատոնին։ Իսկ մեծանուն երգիչն ասաց. «Հանուն Առնոյի, չգիտեմ ինչպես ասել… լուսին էլ կթռչեմ, ինչ վիճակում կամ իրադրությունում էլ լինեմ»։ Կոմպոզիտորի երաժշտությունը վերին աստիճանի կոնտրաստային է. այն նրբերանգներով հարուստ, խոր կրքերի ու զգացմունքների մշտապես հմայիչ մի աշխարհ է։ Եվ այդ աշխարհում շատ հաճելի էր շփվելը նրա հետ։ Ինչպես ասաց մաեստրո Կոնստանտին Օրբելյանը. «Առնոն մարդկանց հետ շփվելու, զրուցելու, քննարկելու անհագ ծարավ էր ապրում։ Նրա խոսքը միշտ լսվում էր չխամրող հետաքրքրությամբ։ Ստեղծագործական անկրկնելիությունը իր խոր կնիքն էր թողել եւ նրա անկաշկանդ վարքագծի վրա, կանխորոշելով նրա մարդկային մեծ հմայքը»։ Կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը մինչ փառատոնի սկսվելը մեզ տեղեկացրել էր, որ Փարաջանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ կկանգնի Առնո Բաբաջանյանի տուն-թանգարանը, Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Երեւան» մշակութային կենտրոնի համերգային սրահը կանվանակոչվի «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Մոսկվայում, Աստղերի հրապարակում կբացվի Բաբաջանյանի Աստղը, իսկ երկնքում արդեն կա «Առնո Բաբաջանյան» մոլորակը։ Երկիր մոլորակում ապրողներիս համար ապրում է մեծ հմայքի տեր արվեստագետն ու մարդը եւ, ինչպես կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը նկատեց. «Համոզված եմ, եթե մաեստրոն լիներ մեր կողքին, նրա գերհագեցած կյանքով ապրելու ընդունակությունը կխախտեր պատկերացումը մարդու տարիքային հնարավորությունների մասին»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել