Լրահոս
Օրվա լրահոսը

90-ամյա

Սեպտեմբեր 18,2001 00:00

Անկրկնելի Հոր-Հոր աղան 90-ամյա հոբելյանի առթիվ Թիֆլիսի հայաբնակ Հավլաբար թաղամասում է ծնվել Դավիթ Պողոսյանը՝ արհեստավորների թաղամասում, արվեստների քաղաքում։ Տասնամյա հասակում առաջին անգամ լսելով Վերդիի «Ռիգոլետոն»՝ միանգամից որոշում է, որ օպերային դերասան պիտի դառնա։ Այդ ցանկությունն իրագործելու համար է, որ 20-ամյա երիտասարդը, լսելով Երեւանում օպերային թատրոն բացելու մասին, առանց երկմտանքի գալիս է մայրաքաղաք, որտեղ ոչ մի ծանոթ, բարեկամ չուներ։ 1933թ. հունվարի 23-ին Օպերային թատրոնի բացումը նշանավորվեց Ալ. Սպենդիարյանի «Ալմաստով»։ Այստեղից էլ սկսվեց Դավիթ Պողոսյանի ստեղծագործական կյանքը։ Սկզբում նա երգում էր օպերային թատրոնի երգչախմբում, այնուհետեւ դիրիժորի եւ ռեժիսորի ամենատես աչքից չվրիպեցին նրա ձայնային տվյալները եւ դերասանական ընդունակությունները։ Այդ ամենն ավելի բացահայտելու համար նա մեկնեց Մոսկվա՝ կատարելագործվելու Մեծ թատրոնում։ Վերադարձավ Երեւան, եւ սկսվեց նրա առաջընթացը։ Նրան դերեր վստահվեցին, ունեցավ հրաշալի խաղընկերներ։ Հոր-հոր աղա, Նադիր շահ, Ռենե արքա, Մեֆիստոֆել, Կապոլետի՝ նրա դերակատարումների շարքը թվելն անհնար է, խաղընկերներն էլ նույնպես շատ են եղել՝ Գոհար Գասպարյան, Տաթեւիկ Սազանդարյան, Հայկանուշ Դանիելյան, Եվգենյա Խաչիկյան, Լուսին Ամարա, Միհրան Երկաթ, Պավել Լիսիցյան։ Հիմնադրման օրվանից սկսած՝ Դ. Պողոսյանը 55 տարի երգեց օպերային թատրոնում՝ ստեղծելով մոտ 100 կերպար։ Դրանով չավարտվեց նրա առաքելությունը։ Մինչ օրս նա դասախոսում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ավագ դասախոս եւ պրոֆեսոր է։ Տարիների ընթացքում ձեռք բերված փորձը, բեմական արվեստի խորին գաղտնիքները փոխանցելով ապագա դերասաններին, նա իրեն երջանիկ մարդ է համարում։ Երաժշտանոցում կատարվող յուրաքանչյուր միջոցառման ցանկալի եւ պատվավոր հյուր է, որտեղ նա միշտ շրջապատված է երիտասարդ օպերային դերասաններով։ Նրանք Դ. Պողոսյանին հիշեցնում են իր անցած բեմական ուղին։ Այդ մասին է հիշում նաեւ Գոհար Գասպարյանը, որը 1951-ին առաջին անգամ բեմ է բարձրացել Դ. Պողոսյանի հետ՝ խաղալով «Լակմե» ներկայացման մեջ. – Դավիթ Պողոսյանը մեր օպերային թատրոնի հրաշալի դերասաններից մեկն է։ Նա այն հազվադեպ դերասաններից է, որի ամեն մի շարժումը զգացմունք ու հույզ էր։ Անկրկնելի էր նրա Հոր-հոր աղան, որտեղ Դ. Պողոսյանը անգերազանցելի էր։ Ոչ միայն երջանիկ արվեստագետ, այլեւ երջանիկ մարդ. այսպես կարելի է բնութագրել Դավիթ Պողոսյանին։ Նրա մշտական ուղեկիցն է եղել կինը՝ նկարչուհի Քնարիկ Վարդանյանը, որը Դ. Պողոսյանի ստեղծագործական կյանքի ականատեսն էր։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել