
ԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ «ԲԱԶԱՌ-ԲԼՈՏ» ԱԺ 3 պատգամավորներ՝ Գրիգոր Մադաթյանը, Հակոբ Հակոբյանը (14 ընտրատարածքից) եւ Ռուբեն Գեւորգյանն իրենց ստորագրություններով դարձյալ համալրեցին այն անհրաժեշտ քանակը, որ հարկավոր էր ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրինագծի ընդունման օրինականության հարցը ՍԴ-ում քննարկման առարկա դարձնելու համար։ Ըստ լուրերի, իշխանություններն էլ իրենց հակաքայլն են պատրաստում եւ ստորագրություններից հրաժարվողների քանակը հասել է արդեն 13-ի։ ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ «Մարդասպանություն կատարած մարդը ձերբակալված չէ, մինչդեռ ձերբակալված է մի մարդ, որի մոտ զենքեր են հայտնաբերել (խոսքը Ազատ Արշակյանի մասին է.- խմբ.)։ Այդ զենքերի գործածման մասին որեւէ տեղեկություն չունենք։ Բայց մարդը, որը մարդ է սպանել, ձերբակալված չէ»։ Վլ. Նազարյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում։ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԵԶՐԵՐ ԳՏՆԵԼ Երեկ ԱԺ 5 պատգամավորներ հանդիպել են «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասին եւ իրենց մտահոգությունները հայտնել րոպեավճարի կիրառման հետեւանքով հնարավոր սոցիալական խնդիրների առնչությամբ։ Յորղուլասը տարբերակներ է առաջարկել այդ խնդիրների լուծման համար։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները մտադիր են այդ տարբերակները քննարկել կառավարության հետ համատեղ։ Սա այն դեպքում, երբ դեռ «27»-ից անմիջապես հետո կատարված ոճրագործության համատեքստում նախագահ Քոչարյանը հայտնվել էր կասկածյալի, անշուշտ, ոչ պաշտոնական եւ իրավաբանական տեսանկյունից չֆիքսված կարգավիճակում: Հիշեցնենք, ի դեպ, որ հենց այդ կասկածներով էին պայմանավորված ողբերգությունից հետո ներիշխանական երկու թեւերի միջեւ երկարատեւ հակադրությունը, 2000-ի մայիսի կադրային տեղաշարժերն ու, թերեւս, նաեւ այսօր՝ նախագահին «կասկածողների» դեմ իշխանությունների սկսած հետապնդումներն ու հակաքարոզչությունը: Հետաքրքիր է. արդյո՞ք Ռ.Քոչարյանն իրավունք ուներ տեղյակ լինելու «27»-ի նախաքննության մանրամասներին, երբ նրա նկատմամբ կասկածն առկա էր, կամ երբ նա հանդես էր գալիս որպես գործով կարեւոր վկա: Այդ հարցին մեր խնդրանքով անդրադարձավ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, կրթությամբ իրավաբան Կիմ Բալայանը: Վերջինս՝ մեր հիշյալ հարցադրումներին անդրադառնալով, նկատեց. – Հարցը ոչ միայն ծանր է, այլեւ՝ մտահոգիչ: Ի վերջո, մինչ օրս բազմաթիվ հայտարարություններ են եղել: Ես հիշում եմ հենց միայն իմ հայտարարությունները դեռ նախաքննության սկզբում, երբ ասում էի, որ Գագիկ Ջհանգիրյանը ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական իրավունք ուներ ղեկավարել այդ գործի նախաքննությունը, քանի որ Քրդատօրենսգիրքը արգելում է դատավարության մասնակից դառնալ մի անձի, որը այս կամ այն կողմի հետ մտերմական, ջերմ հարաբերություններ ունի: Այսօր ես չեմ կարող հիմք ընդունել այն հանգամանքը, որ հանրապետության նախագահի վերաբերյալ, ինչպես ասում եք, կասկածներ կան: Փոխարենը, ես տեսնում եմ, որ Գ.Ջհանգիրյանը հստակ քաղաքական պատվեր է իրականացրել: – Ո՞ւմ պատվերը: – Դա քննությունը թող պարզի: Բայց նախաքննությունն ուղղորդվել է եւ, միգուցե, նաեւ դա է պատճառը, որ գործի օբյեկտիվությունն ամբողջությամբ չի պարզվել: – Այո, քննությունը դեռ չի պարզել, թե նախաքննությունը որ ուժերի կողմից է ուղղորդվել: Այդ պայմաններում, այնուամենայնիվ, զուտ իրավական տեսանկյունից եւ, հաշվի առնելով, որ նախագահ Քոչարյանը գործով կարեւորագույն վկա է՝ նա իրավունք ունե՞ր տեղյակ լինելու գործի նախաքննությանը: – Իհարկե ուներ: – Բայց չէ՞ որ «27»-ի գործի ենթատեքստում ներիշխանական համակարգի, նաեւ՝ հասարակության ներսում նրա նկատմամբ հենց սկզբից էլ կասկածներ կային. այլ խնդիր է, թե դրանք որքանով են հիմնավոր կամ անհիմն: Դա, ի դեպ, նույնպես նախաքննությունը պետք է պարզեր: – Դատավարական առումով նախագահը երբեւէ կասկածյալ չի եղել: Հետեւապես նա իրականացրել է իր նախագահական լիազորությունները: – Դուք ինչպե՞ս եք պատկերացնում. մեր երկրի պայմաններում հնարավո՞ր էր, որ նախագահը պաշտոնապես եւ դատավարական առումով հայտնվեր կասկածյալի կարգավիճակում (այստեղ մեր հարցը շրջանցվեց): – Բայց, եթե ինքն ասեր, որ որեւէ բանից տեղյակ չի, նրան նորից մեղադրելու էին «դիտորդ» լինելու մեջ: – Լավ, մի պահ վերանանք՝ նախագահը կասկածվել է, թե չի կասկածվել: Բայց միեւնույն ժամանակ, նախագահը նախաքննական փուլում հանդես է եկել որպես վկա: Վկան իրավունք ունի՞ ծանոթանալ մյուս ցուցմունքներին: Շարքային վկաները, չէ՞ որ, տեղյակ չէին գործով անցնող մյուս վկաների ցուցմունքներին: – Գիտե՞ք ինչ, դուք վերցնում եք դատավարությանը նրա մասնակցությունը եւ մոռանում եք, որ նա հանրապետության նախագահ է: – Չէ՛, եկեք մոռանանք նրա պաշտոնը եւ խոսենք իրավական հարթության մասին: Ի վերջո, մեր Սահմանադրությամբ օրենքի առաջ բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: – Չէ՛, մոռանալ հնարավոր չէ: Ինքը պաշտոնական լիազորություններ ուներ, որոնք պետք է կատարեր: Էլ ինչո՞ւ ենք ասում, թե նախագահն արդարադատության երաշխավորն է: – Բայց, միեւնույն ժամանակ, նախագահը հավասար է օրենքի առջեւ այնպես, ինչպես՝ ես, դուք եւ մեր մյուս քաղաքացիները: – Այո՛, հավասար է, եթե օրենքը խախտել է: Նա գործին ծանոթացել է ոչ թե որպես վկա, այլ՝ տեղեկատվություն է ստացել իբրեւ հանրապետության նախագահ: – Այսինքն, ինքը չարաշահել է դիրքը: – Ո՛չ, ամենեւի՛ն: Նա իրականացրել է իր պաշտոնական լիազորությունները: – Այստեղ կազուս չկա՞. մի կողմից՝ իբրեւ նախագահ նա իրավունք ունի ծանոթանալ գործի ընթացքին, մյուս կողմից՝ իբրեւ քաղաքացի եւ իբրեւ վկա՝ չի կարող նախաքննության ընթացքին տեղյակ լինել: – Ո՛չ, կազուս չկա: Այլ բան, եթե դատավարական առումով ինքը կասկածյալ լիներ: Այդ ժամանակ ե՛ւ ինքը, ե՛ւ իր փաստաբանը իրավունք կունենային ծանոթանալ գործի այն մասերին, որոնք վերաբերում էին նախագահին: Տվյալ դեպքում՝ նախագահը իր դրվագով վկա է, բայցեւ ամբողջի համար պատասխանատու է իբրեւ հանրապետության նախագահ: Ինչպե՞ս պետք է նա իրականացներ իր լիազորությունները՝ առանց ծանոթանալու գործին: Դա անհեթեթություն է: Նա պարտավոր էր հետեւել գործի քննությանը: Զրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ


















































