ԲԴԽ նիստի ժամանակ հրապարակվել էր արդարադատության նախարարի միջնորդության առաջին էջում առկա դատավորի խոսքից մեջբերում. «Հստակ տեղեկատվություն կա, առավել քան հստակ, որ այս տիպի խնդրահարույց խնդիրներ առաջանում են Հայաստանում գործող երեք բանկերի հետ»։
Արդարադատության նախարարության միջնորդության մեջ նշվել էր, թե դատավորը բանկերի վերաբերյալ արտահայտել է բացասական դիրքորոշում։ Ուշագրավն այն էր, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն օրինական կազմով է եղել, բայց դատավորներից մեկը «խախտել է» կարգապահական կանոնները։
«Դատավորն ունի՞ խոսքի ազատության սահման», հարցրել էր ԲԴԽ անդամ, նախկին հելսինկյան Կարեն Թումանյանը, ապա՝ «Դուք անկողմնակալությա՞ն համար եք միջնորդություն բերել, թե ասում եք՝ մեզ համար որևէ նշանակություն չունի գործի էությունը, ինչ գործ է քննել, պետք է դատավորը զուսպ պահի, կարծիք չհայտնի, անկախ այն բանից, թե դատավորը փաստին տվել է բացասական կամ դրական գնահատական, թե՞ կարող էր օգտվել խոսքի ազատությունից»։ Իսկ ԱՆ ներկայացուցիչը պատասխանել էր՝ «նախագահող դատավորը զրկված չէ այդ իրավունքներից, բայց դատավորը սահմանափակված է դատավորի վարքագծի կանոններով»։
ԲԴԽ–ն սեպտեմբերի 18-ին խիստ նկատողություն տալու որոշում ընդունեց։ Հրապարակվեց որոշման եզրափակիչ մասը, սակայն իրականում ինչ էր տեղի ունեցել մինչ որոշումը, ներկայացնեմ ստորև։
Կարդացեք նաև
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Արդարադատության նախարարի 09.06.2026 թ. թիվ 62-Ա որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Լիազոր մարմնի կողմից 20.07.2026 թ. կայացվել է «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ 80-Ա որոշումը: Ռ. Բունիաթյանի նկատմամբ էլ լիազոր մարմնի կողմից 07.07.2026 թ. կայացվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ–ին դիմելու մասին թիվ 71-Ա որոշումը:
Դատավորի ներկայացուցիչն էր Տաճատ Ոսկանյանը։
Նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանն այս գործով հանդես էր գալիս որպես ԱՆ ներկայացուցիչ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Քոչարյանի հետ։
Դատավորի ներկայացուցիչը մինչ ԲԴԽ քննությունը, օգոստոսի 31-ի նիստի ժամանակ դիմել էր ԲԴԽ անդամներին, հարցրել՝ տեսաձայնագրությունները ուսումնասիրվելո՞ւ են, դիտվելո՞ւ են, թե ոչ, հայտնեց, որ դրանք կարևոր են, դրա ցուցադրման, հետազոտման դեպքում, կկառուցվի իրենց խոսքը. «ցույց է տվում այն հավաքները, ցույցերը, կապված զեղծարարությունների հետ»։
Ըստ ԲԴԽ ներկայացված «մեղադրանքի», դատավորը իքս–գործով՝ բանկի դեմ հայցով պատճառված վնասի հատուցման համար, դատական նիստերից մեկի ժամանակ հարց է ուղղել կողմին՝ զեղծարարության տեսանկյունից խնդրահարույց լինելու տեղեկատվության վերաբերալ, որի մասին հայտնել են անգամ պատկան մարմինները՝ ԿԲ–ն, առկա է եղել քրեական վարույթ ՔԿ–ում, գլխավոր դատախազի միջնորդագիր։
Նախարարության ներկայացուցչի դիտարկմամբ՝ դատական նիստերի դահլիճում դատավորը կարծիք է հայտնել՝ դա տարածելով դատական համակարգի դիրքորոշման վրա, ինչով կասկածի տակ է դրվել դատավորի անկողմնակալությունը, նախարարության դիտարկմամբ՝ դատավորը կարծիք է հայտնել՝ դա տարածելով դատական համակարգի դիրքորոշման վրա, ողջամտորեն ստեղծել է դատավորին բացարկ հայտնելու հիմքեր։ Այն է՝ այս տարվա ապրիլի 14-ի նիստի ժամանակ՝ մինչ դատական ակտի կայացումը, դատավորը գնահատական է տվել, ներկայացրել է որպես հաստատված փաստեր։
Դատավորը և նրա ներկայացուցիչը, սակայն, գտնում էին՝ ոչ թե գնահատական է հնչեցվել, այլ հարց՝ տեղեկության վերաբերյալ։
ԱՆ ներկայացուցիչը խնդրել էր միջնորդությունը բավարարել, դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Դատավորի ներկայացուցիչը հարցրել էր ԱՆ ներկայացուցչին. «Հստակ տեղեկատվություն կա, դատավորի խոսքի առաջին մասում էր, սա ի՞նչ էր, սրանով դատավորը ի՞նչ է պնդում, պնդում է, որ տեղեկատվությունը հստա՞կ է, թե՞ որ գնահատական է տալիս»։ Ըստ ԱՆ ներկայացուցչի՝ նման ձևակերպման հասցեատերը Համբարձումյանն է, ըստ նրա, դա դատավորի վարքագծի կանոնների խախտում է։
Եթե ալիմենտի գործ քննվեր, բանկի կողմից վճարման հարց լիներ, դատավորը նույն արտահայտություններն աներ, կլինե՞ր նման հետևանք, ըստ ԱՆ ներկայացուցչի, կլիներ հետևանք…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2026


















































