Ո՞վ կարող է պատգամավորին զրկել մանդատից ԱԺ-ն իրավական ի՞նչ հիմքեր ունի որեւէ պատգամավորի զրկել պատգամավորական մանդատից։ Իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանին խնդրեցինք կարծիք հայտնել՝ խորհրդարանն ունի՞ բավարար հիմքեր, այս դեպքում՝ ԱԺ պատգամավոր Վանո Սիրադեղյանին, զրկել պատգամավորական մանդատից։ Վլ. Նազարյանն ասաց. «Մենք 5-րդ հոդվածում նշել ենք, որ պետական մարմինը եւ պաշտոնատար անձը կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց կատարման համար լիազորված է օրենքով։ Այսինքն, որեւէ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի կարող է թվալ, թե իր կատարած գործողությունը ճիշտ է եւ այլն։ Բայց՝ պետք է առաջնորդվել օրենքով»։ Ըստ գիտնականի՝ նախ պետք է օրենք ընդունվի այն դեպքերի կապակցությամբ, երբ ԱԺ պատգամավորը գտնվում է փախուստի մեջ եւ, հետեւաբար, փախուստի պատճառով, անհնար է, որ կարողանա մասնակցել ԱԺ աշխատանքներին։ Անցել է բավականին երկար ժամանակ Վանո Սիրադեղյանի բացակայությունից ի վեր, եւ, ցանկության դեպքում, կարելի էր շատ հանգիստ ԱԺ կանոնակարգ-ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն. «Ճիշտն ասած, երբ մենք ստեղծում էինք այդ կանոնակարգը, մեր մտքով չէր էլ անցնի այդպիսի վիճակ, հետեւաբար, չէինք նախատեսել։ Բայց չէ՞ որ արդեն տարուց ավելի ժամանակ է անցել եւ ԱԺ ցանկացած պատգամավոր (չհաշված կառավարությունը) ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք»։ Ինչը չի արվել։ Այս դեպքում, արդյո՞ք խորհրդարանն իրավասու է պատգամավոր Վանո Սիրադեղյանի մասով որոշում կայացնել։ Իրավաբանորեն՝ ոչ։ Ճիշտ ճանապարհը, Վլ. Նազարյանի ներկայացմամբ, հետեւյալն է. նախքան պատգամավոր Վանո Սիրադեղյանի բացակայությունների հարցը քննարկելը, պետք է ստեղծել օրենսդրական համապատասխան դաշտ եւ գործել այդ օրենսդրական դաշտում եւ ոչ թե «գործել ըստ էմոցիաների, ասենք՝ ովքեր են Վանո Սիրադեղյանին սիրում, ովքեր չեն սիրում»։ Սակայն, նույն կանոնակարգում շատ հստակ շարադրված է, որ ԱԺ քվեարկությունների կեսից ավելիի անհարգելի բացակայության դեպքում պատգամավորին կարելի է զրկել մանդատից. «Բայց անպայման պետք է իմանալ բացակայությունների պատճառը, գուցե պարզվի, որ Վանո Սիրադեղյանի բացակայությունները հարգելի են։ Եթե մի րոպե ելնենք անմեղության կանխավարկածից, ապա դրանք, իրոք, հարգելի են։ Եթե ելնենք մեղավորության կանխավարկածից՝ իրոք անհարգելի են»։ Վլ. Նազարյանը կրկնեց, որ նման իրավիճակ, երբ պատգամավորը գտնվում է փախուստի մեջ (հարգելի կամ անհարգելի պատճառներով), մեր օրենսդրական դաշտում նախատեսված չէ. «Եթե հիմա, առանց օրենսդրական դաշտի ստեղծման, խորհրդարանն ինչ-որ որոշում ընդունի, դա կլինի հակաօրինական որոշում, որովհետեւ կխախտվի 5-րդ հոդվածը, այսինքն՝ խորհրդարանը կկատարի այնպիսի գործողություն, որի համար լիազորված չէ օրենքով»։ Զարմանալին այն է, որ նման օրենսդրական փակուղու մեջ հայտնվել են հենց օրենսդիրները։ Եթե նույնիսկ խորհրդարանը, ինչ-ինչ հրահանգ կատարելով, այնուամենայնիվ, որոշի Վանո Սիրադեղյանին զրկել մանդատից, որոշումն անօրինական կլինի։ Կոսմետիկ որեւէ միջոց չկա նման որոշումն օրինականի փոխարեն անցկացնել, քանի որ շատ պարզ գրված է՝ պատգամավորի անհարգելի բացակայության համար եւս տեղեկանք պետք է ներկայացվի բացակայության պատճառների մասին։ Այդ տեղեկանքը պետք է գնահատվի խորհրդարանի կողմից։ Վանո Սիրադեղյանի պարագայում, քանի դեռ չի կարող լինել նման տեղեկանք, ուրեմն որեւէ որոշում կայացնելն օրենսդրական դաշտից դուրս կդիտվի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































