Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում

Հոկտեմբեր 10,2001 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐ ՉԷ» Փարիզում 4000 օրինակ տպաքանակով տպագրվել է Կլոդ (Արմեն) Մութաֆյանի եւ Էրիկ վան Լոուի «Հայաստան։ Պատմական ատլաս» նկարազարդ եւ սպառիչ պատմական տեղեկություններ ամփոփող գիրքը։ Երեկ Գրողների միությունում կայացավ հերթական կլոր սեղան- քննարկումը, որի ընթացքում ներկայացվեց Կ. Մութաֆյանի գիրքը։ Քննարկումը սկսվեց նախատեսվածից ուշ՝ սպասում էին տիկին Սիլվային եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Բաբկեն Հարությունյանին։ Սակայն քիչ անց, զգալով, որ անհարմար վիճակի մեջ են հայտնվում բոլոր ներկաները, այդ թվում՝ գրքի հեղինակը, կլոր սեղանը համարվեց գցված… ներողություն՝ բացված։ Ու քանի որ ԳՄ ղեկավարությունը Ծաղկաձորում էր՝ եվրոպացի գրողների հետ, քննարկումը սկսեց Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը՝ ջերմ խոսքերով ներկայացնելով Կլոդ Մութաֆյանին եւ նրա գիրքը։ Փաստելով, որ Մատենադարանում պահպանվում են Զատիկ Խանզադյանի, Սուրեն Երեմյանի եւ այլոց ատլասները, պրն Արեւշատյանը սակայն նկատեց, որ Կլոդ Մութաֆյանի գիրքը ե՛ւ տպագրական որակով, ե՛ւ հարուստ ու ճշգրիտ տեղեկատվությամբ անչափ գնահատելի երեւույթ է։ Նա ափսոսանք հայտնեց փոքր տպաքանակի համար, հույս ունենալով, որ գուցե մի օր այդ սխալը շտկվի եւ այդ հրաշալի գիրքը լույս տեսնի ոչ միայն ավելի մեծ տպաքանակով, այլեւ՝ անգլերեն եւ հայերեն թարգմանություններով։ Ու դա կլինի արժանի պատասխան թուրք պատմաբաններին, որոնք ամեն կերպ փորձում են աշխարհի պատմական քարտեզների վրայից վերացնել Արմենիա անունը, փոխարենը ողջ այդ տարածաշրջանը Անատոլիա անվանելով։ Ներկայացնելով Կլոդ Մութաֆյանին, պրն Արեւշատյանը հիշեց նրա բոլոր ներդրումները հայ մշակույթի զարգացման եւ տարածման գործում, ընդհուպ եվրոպական մի շարք երկրներում պարոն Մութաֆյանի անմիջական ջանքերով եւ օգնությամբ կազմակերպված ցուցահանդեսները՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին։ Երբ հերթը հասավ պարոն Մութաֆյանին՝ ներկայացնելու իր գործը, նա նախ գոհունակություն հայտնեց իր համահեղինակ, քարտեզագիր Էրիկ ֆոն Լոուի աշխատատար եւ դժվարին աշխատանքից։ Ի դեպ, կիսով չափ բելգիացի, կիսով չափ հայ քարտեզագրի մորական պապը՝ Աբրահամ Ջինջյանը Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել Հ. Այվազովսկու 40 ստեղծագործություն։ Պատմելով, թե ինչպես ծնվեց ատլաս հրատարակելու գաղափարը, պրն Մութաֆյանը ասաց. «Այս բոլոր ցուցահանդեսները, որոնց մասնակցեցի կամ պատասխանատու եղա, միշտ ուզեցի քարտեզներ զետեղել, որ այցելուներն իմանան, թե ինչի՞ մասին է խոսքը։ Շատ գրքերի եւ ցուցահանդեսների մեջ քարտեզների պակասը խիստ զգացվում է։ Լոնդոնում կայացած ցուցահանդեսում ոչ մի քարտեզ չկար։ Ոչ հայ կամ հայ այցելուն ի՞նչ պիտի իմանա՝ ո՞րն է Անին, ո՞րն է Դվինը, Նոր Ջուղան…»։ Ատլասում ընդգրկված 30 քարտեզներից յուրաքանչյուրը պատկերում է մ.թ.ա. 8-րդ դարից սկսած յուրաքանչյուր դարի կոնկրետ տարեթվին Հայաստանի ճշգրիտ դիրքը եւ սահմանները (օրինակ՝ 379թ., 439թ., 561թ. եւ այլն)։ Տարածական առումով քարտեզներն ընդգրկում են ոչ միայն Հայաստանը տարբեր պատմական ժամանակաշրջանում, այլ, ինչպես նշված է գրքի ենթավերնագրում՝ Միջին Արեւելքը եւ Հարավային Կովկասը։ Մի յուրօրինակ եզրագիծ է դարձած Թիֆլիս, Պոլիս, Կահիրե, Սպահան գագաթներով պատկերավոր քառանկյունը։ Պրն Մութաֆյանի հրատարակած ատլասը արժեքավոր է հատկապես նրանով, որ պարզորոշ երեւում է. «Հայաստանը միայն տառապյալ չի եղել, եւ նրա պատմությունը քրիստոնեությունից չի սկսել»։ Պրն Մութաֆյանը սա շեշտեց հատկապես այն պատճառով, որ զգացել է, որ դրսում հայերն ասոցիացվում են ցեղասպանության հետ՝ որպես մի տառապյալ ու խեղճ ազգ, իսկ այս 1-2 տարվա մեջ՝ նաեւ քրիստոնեության հետ։ Այնինչ, մեր պատմությունը շատ ավելի խորն է եւ շատ ավելի բազմաշտրիխ։ Պրն Մութաֆյանը կարեւորում էր նաեւ այն հանգամանքը, որ աշխարհում տարբեր ժամանակներում հրատարակված պատմական քարտեզներում, անկախ այն բանից՝ գոյություն ունեցե՞լ է հայկական պետականություն, թե՞ ոչ, միշտ ուրվագծված է եղել Հայաստանը՝ Արմենիան։ Դա, ըստ նրա, խոսում է այն մասին, որ Հայաստանը միայն քաղաքական գաղափար չէ, այլեւ՝ մշակութային եւ աշխարհագրական։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել