Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի

Հոկտեմբեր 19,2001 00:00

Կենսագրությունն էլ է ազատազրկվում Սեպտեմբերի 13-ին ձերբակալվեց Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հիմնադիր, ԳԽ նախկին պատգամավոր, երբեմնի քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։ Ազատը Հակոբջան Թադեւոսյանից հետո թերեւս երկրորդ քաղբանտարկյալն է, որը ձերբակալվում է անկախ, ազատ, ժողովրդավարական Հայաստանում։ Հակոբջանը, եթե հիշում եք, դատապարտվեց ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ «սոցիալիստական Ադրբեջանի» դեմ ռազմական «ոտնձգություններ» անելու մեղադրանքով։ Արդյունքում սովետական ճամբարներում չընկճված մարդը հոգեբուժարան ընկավ եւ իր մահկանացուն կնքեց՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Նա դատապարտվեց այն դատարանի կողմից, ուր սովետական գերբը փոխարինվել էր զինանշանով, իսկ դատավորների թիկունքում էլ կարմիր-կապույտ-կարմիր դրոշը փոխարինվել էր եռագույնով։ «Մեր դատը հետաձգվում է,- ինձ ուղղված նամակում (26.05.92թ.) գրում էր Հակոբջանը,- թեպետ չեմ կասկածում Պարույրի ազնիվ նվիրումների մասին»։ Այն ժամանակ Պարույրը հանրապետության նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չէր։ Իրողություն է, սակայն, այն, որ Ազատ Արշակյանը ձերբակալվել է եւ այսօր գտնվում է թիվ 1 քննչական մեկուսարանում, թիվ 1 իրավապաշտպան Պարույր Հայրիկյանի եւ վարչապետ, նույնպես քաղբանտարկյալ, Անդրանիկ Մարգարյանի օրոք։ Պարույրի, որի վերջին խոսքը 1974թ. նոյեմբերի 22-ին, Գերագույն դատարանում հնչած, Ազատ Արշակյանի եւ նրա ընկերների միջոցով հասավ նաեւ ինձ. «Ես դատապարտվել եմ նախաքննության եւ դատաքննության նյութերի… դրանից բխող եզրակացությունների հիման վրա… Որքան երկար լինի իմ դատապարտման ժամկետը, այնքան թույլ եք դուք եւ նույնքան ուժեղ՝ ես»։ Պ. Հայրիկյանը նախկին քաղբանտարկյալներ Ռազմիկ Մարկոսյանի, Վարդան Հարությունյանի, Գագիկ Առաքելյանի, Մերուժան Հովհաննիսյանի, Վազգեն Կարախանյանի հետ դիմեց ՀՀ նախագահին՝ Ազատի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար։ Ինձ առնվազն անհասկանալի է նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի այսօրինակ պատասխանը «Առավոտին», երբ փորձել էինք նրանից ճշտել, թե ինչպես է նախագահը վերաբերում նախկին քաղկալանավորների խնդրանքին։ Խոսնակը պատասխանել էր. «Որքան ինձ հայտնի է, նման դիմում չի ստացվել…» (29.09.2001թ.)։ Մնում է ենթադրել, որ Պ. Հայրիկյանի գլխավորած հանձնաժողովի շատ ու շատ դիմումներ էլ տեղ չեն հասնում կամ արժանանում են այս նույն ճակատագրին։ Խոսնակը դարձյալ մեր թերթին ասել էր. «Սակայն, ամեն դեպքում, որեւէ անձի խափանման միջոցի ընտրությանը կամ փոփոխությանը ՀՀ նախագահն առնչություն չի կարող ունենալ»։ Դժվար սա չիմացության արդյունք լինի։ Արժե մեջբերել 27.09.2001թ. «Արմինֆոյի» տեղեկատվությունը. «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել անվտանգության այն աշխատակիցների աշխատանքը, ովքեր ուղեկցել են իրեն «Առագաստ» սրճարանում»։ Սա ի՞նչ է, փոփոխություն չէ՞։ Իրեն սատանի «մայլեքն» է գցում նաեւ գլխավոր դատախազության վարչություններից մեկի գլխավորը՝ Անդրանիկ Միրզոյանը։ Հանրությունը տեղյակ էր, որ հոկտեմբերի 2-ին ճանաչված մտավորականներ Հրանտ Մաթեւոսյանը, Տիգրան Մանսուրյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Երվանդ Ղազանչյանը, Հերբերտ Գասպարյանը, Արմեն Մարությանը, Վահե Շահվերդյանը, Արմեն Շեկոյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը դիմել էին քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանում ուժի մեջ մտած կալանքը փոխելու դիմումով։ «Առավոտի» իմ գործընկերոջ հարցին Անդրանիկ Միրզոյանը պատասխանել էր. «Այն, ինչ ներկայացվեց, մեզ չի ներկայացվել»։ Հետեւաբար, ուզում ես հարցնել. ա) դատարանը էլի՞ ինչ-որ հանգամանքներ է թաքցրել ձեզնից, բ) ի՞նչ է ներկայացրել այդ դեպքում, գ) հնարավո՞ր է, որ ոչինչ չի ներկայացրել։ Ազատ Արշակյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն էլ հակառակն է պնդում. «Դատարանն անդրադարձավ դրանց բոլորին եւ գտավ, որ այդ միջնորդություններն այս պարագայում, այս պահին բավարարման ենթակա չեն» (5.10.2001)։ Մեր տեղեկություններով, Ազատ Արշակյանը պահվում է երեք մարդասպանների խցում։ Սա ապացուցում է, որ այս պետությունը իրավահաջորդն է նախկին կոմունիստական ռեժիմի՝ իր մեթոդներով ու «կամքով»։ Կոմունիստական ազատազրկման վայրերում էլ քաղաքականներին նստեցնում էին քրեականների հետ, որպեսզի աշխարհին ցույց տային, թե քաղաքական հետապնդումների զոհեր չկան։ Եվ նույնացնում էին տարբեր հանցագործությունները։ Իսկ ինչո՞ւ Ազատ Արշակյանի խցում երեք մարդասպանների կողքին չէ նաեւ չորրորդ մարդասպանը՝ նախագահի թիկնապահը, որը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում մարդկային կյանք խլեց։ Ո՞վ է երաշխավորել, որ նա չի խոչընդոտի եւ չի խոչընդոտում քննությանը, ինչպես փորձում են պատճառաբանել Ազատի պարագայում։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը համոզված է. «Հաշվի առնելով Ազատի անցյալը, եթե ինչ-ինչ հնարավորություններ լինեն փոխելու նրա խափանման միջոցը, Ազատ Արշակյանն անպայման կալանքից ազատ կարձակվի» (2.10.2001)։ Իսկ ո՞վ է հաշվի առնում անցյալը եւ մի՞թե անցյալը, կենսագրությունները այսօր չեն ազատազրկվում եւ չեն դատապարտվում մի երկրում, որը քրիստոնեաբար ներում շնորհեց անգամ ԱԺ-ում պետության դեմ ոճիր իրականացրածների նկատմամբ։ Պարադոքս է։ Քրիստոնեադեմոկրատական միության հիմնադրի վրա չտարածվեց քրիստոնեության 1700-ամյակի առթիվ համաներումը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել