Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Հոկտեմբեր 27,2001 00:00

ՆՈՐ ԼԻՑՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ Երեկ ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցում էր շուրջ 27-30 հազար մարդ: Նախկին վարչապետն, ըստ էության, իր խոստումը կատարեց, անշուշտ, ընդդիմադիր մյուս երկու կուսակցությունների մասնակցությամբ եւ օժանդակությամբ: Ինչպես նախորդ հանրահավաքում, այս անգամ եւս այն հրավիրվել էր նախագահ Քոչարյանի ու նրա ռեժիմի պաշտոնանկության կարգախոսով: Ու բնական էր, որ կուսակցությունների առաջնորդների, ԱԺ-ում վերջիններիս ներկայացուցիչ պատգամավորների ելույթներն առնչվելու էին հենց Քոչարյանի պաշտոնանկության անհրաժեշտության փաստարկմանն ու պաշտոնանկության պահանջով սկսված համաժողովրդական ու խորհրդարանական ստորագրահավաքին: Բնական էր, որ այդ համատեքստում անդրադարձ էր լինելու Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին «27»-ի կազմակերպման մեջ առաջինը բարձրաձայն մեղադրանք առաջադրած, Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կալանավորման փաստին: Հանրահավաքում ելույթ ունեցողները համակարծիք էին այն հարցում, որ վերջինիս կալանավորումը միմիայն քաղաքական նպատակներ է հետապնդում: «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության երկրորդ տարեդարձն ամփոփեց ԱԺ պատգամավոր, ՀԺԿ ներկայացուցիչ Էմմա Խուդաբաշյանը: Նա նշեց, որ այսօր՝ «27»-ից երկու տարի անց, պետք է խոստովանել, որ ժողովուրդն ու քաղաքական գործիչներն են մեղավոր, որ չկարողացան կանգնեցնել մարդասպաններին, որ վերջիններս այսօր նույնքան հանդուգն են ու ինքնավստահ, որքան 99-ի «27»-ին՝ ԱԺ դահլիճում կատարած ոճրագործության պահին, որովհետեւ վստահ են ու համոզված իրենց հովանավորների ամենազորության մեջ: «Մինդեռ այդ ամենազորությունը թվացյալ է, եւ մենք առաջին հերթին պետք է վերջ տանք ոճրագործների հովանավորների կարծեցյալ ամենազորությանը»,- նկատեց տիկին Խուդաբաշյանը: Նա կարծիք հայտնեց, թե «27»-ը չի բացահայտվի, քանի դեռ Հայաստանի արդարադատության ղեկը գտնվում է ժողովրդի քվեն չստացած եւ նախագահի պաշտոնն ապօրինաբար զավթած Քոչարյանի ձեռքում. «Այս երկրում երբեք արդարություն չի լինի, քանի դեռ արժանի պատժի չեն ենթարկվել ոճրագործներն ու նրանց հովանավորները: Իսկ դրանք ակնհայտ են: Բավական է տեսնել, թե ովքեր են պաշտպանում ոճրագործներին: Այսօր մենք հայտնվել ենք հանցագործների հետ կողք կողքի, եւ դեռ գտնվում են մարդիկ, որոնց թվում է, թե մարդասպանների հովանավորները կարող են ինչ-որ բան անել ժողովրդի համար: Չի լինելու ոչ արժանապատիվ Հայաստան, ոչ ազատագրված Արցախ, քանի դեռ կան այս իշխանություններն ու նրանց պնակալեզները»,- հայտարարեց Է.Խուդաբաշյանն ու միասնության կոչ արեց հասարակությանը, որի խնդիրն է՝ «պահանջել իշխանությունն ապօրինաբար զավթած Քոչարյանի եւ նրա թայֆայի հեռացումը»: ԱԺ պատգամավորը նաեւ դիմեց իրավապահ մարմիններին՝ «Հավատացեք, դուք ընդամենը երկարացնում եք այս իշխանությունների հաշված օրերը: Մի բռնացեք ժողովրդի արդար ընդվզման վրա, մի դարձեք ժամիշխանների կամակատարները: Արեւմտյան իմաստությունն ասում է՝ «Ով կրակում է անցյալի վրա ատրճանակից, ապագայից ստանում է թնդանոթային համազարկ»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին նկատեց, թե «27»-ի ոճրագործությունից հետո ստեղծվել է անհեթեթ իրավիճակ, երբ ոճրագործության լիարժեք բացահայտմանն ուղղված ընդդիմության պահանջները իշխանությունները ներկայացնում են իբրեւ քաղաքական շահարկում: «Մենք ասում ենք՝ ինչո՞ւ ոճրագործության օրվանից իշխանությունները փորձեցին մարդկանց գիտակցության մեջ մտցնել, թե «27»-ն իրականացնողները գործել են ինքնուրույն, ու նրանց թիկունքում ոչ ոք կանգնած չէ, կամ ինչո՞ւ են համաներմամբ ազատ արձակվում ոճրագործության մասին տեղյակ եղած ու այդ մասին չհայտնած մարդիկ, մեզ պատասխանում են՝ դուք իշխանություն եք ուզում: Երբ մենք այդ ամենին տալիս ենք մեր գնահատականն ու ասում, որ իշխանություններն ահաբեկիչներին հովանավորում են, նրանք մեզ պատասխանում են՝ «ամբողջ աշխարհում ընդդիմությունը հավաքվում է իշխանությունների շուրջ՝ ընդդեմ ահաբեկչության»: Բա մենք ի՞նչ անենք, ո՞ւմ շուրջ համախմբվենք»,- ընդվզեց պարոն Դեմիրճյանը: «Մեզ նաեւ մեղադրում են, թե ընդդիմությունը ծրագիր չունի: Մենք ունենք այդ ծրագիրը եւ պատրաստ ենք այն ներկայացնել ժողովրդին: Բայց գտնում եմ, որ առաջին հերթին երկրում պետք է օրինականություն հաստատվի: «27»-ի բացահայտումը պետք է ոչ միայն զոհվածների հարազատներին, այլ՝ մեր ժողովրդին ու պետությանը: Եթե մենք ուզում ենք ապագա ունենալ, ապա ժողովուրդն ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը, արդար ընտրությունների միջոցով ձեւավորի օրինական իշխանություն, երկրում պետք է իշխեն օրենքները եւ ոչ թե մի խումբ մարդիկ, պետք է ունենանք ուժեղ, բայց արդար իշխանություն: Այլապես՝ այն իշխանությունը, որն ուժեղ է, բայց զուրկ արդարությունից՝ դառնում է ժողովրդի գլխին չարիք»,- նշեց ՀԺԿ նախագահը: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ իր ելույթում նկատեց. «Քոչարյանը չի կարողանում ներել մի մարդու, որն իրեն ուղղակիորեն իր անունով բարեւել է (խոսքը «Պապլավոկում» սպանված Պ.Պողոսյանի մասին է, որը Ռ.Քոչարյանի հասցեին նետել էր՝ «Սեդրակ-օղլի»- Ն. Մ.): Արդյո՞ք այդ մարդը կարող էր ներել Վ.Սարգսյանին, Կ.Դեմիրճյանին, «Միասնություն» դաշինքին, որոնք ընտրություններում հաղթեցին, որոնք ունեին իշխանություն եւ, ի տարբերություն իրեն, վայելում էին ժողովրդի հարգանքն ու սերը: Իհարկե չէր ներելու: Եվ այդ մարդն այսօր խոսում է բարության մասին, բարոյականության դասեր է տալիս մեզ, այսինքն՝ ձեզ, ժողովո՛ւրդ: Մ.Սաղաթելյան անունով մի մարդ փորձեց այդ ամենը ոչ թե ինքն իր համար, այլ՝ բարձրաձայն ասել, եւ արդյունքում որտեղ է նա՝ ուղղիչ-աշխատանքային գաղութում»: Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակին եւ այդ վիճակը ծուռ հայելիների արտացոլմամբ ներկայացնող նախագահ Քոչարյանի՝ տնտեսական աննախադեպ աճի մասին հայտարարություններին եւ եկան այն եզրակացության, որ Հայաստանի քաղաքացիներից ոչ մեկն այդպես էլ Քոչարյանի վկայակոչած տնտեսական աճն իր մաշկի վրա չի զգում: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն էլ նկատեց, թե այսօր գողն արդարություն է քարոզում, մարդասպաններին հովանավորողը գթությունից ու ազգի համախմբվածությունից է խոսում, ստեղծագործական կլիմաքս ապրած վայ-արվեստագետներն այսօր բարոյականություն են քարոզում ու դոլարներ վերցնում: Նա նաեւ դիմեց նախագահին՝ «Եթե դուք այն տղամարդն եք, որից ինքներդ էիք զարմացել, եթե դուք այն վոյինն եք, որ ձեր սխրանքներն ուզում եք հիմա Հայաստանի վզին փաթաթել, հրավիրում ենք բաց զրույցի ու տեսնենք, թե որինս է խելք, որինս՝ տասը շահի: Իսկ եթե երկիրը հասցրել ես այն վիճակին, որ դրսից վտանգ է սպառնում՝ դա քո ապաշնորհ ղեկավարության շնորհիվ է: Էլ ինչո՞ւ միանանք քեզ: Ինքդ գնա, վտանգն էլ հետդ տար»,- նախագահին խորհուրդ տվեց պարոն Գեղամյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել