Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա

Նոյեմբեր 02,2001 00:00

ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԴՊՐՈՑԻՑ ԳՆԱՑԵԼ Է ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Սվետլանա Խաչատրյանը քառասուն տարուց ավելի մանկավարժ է աշխատում, որից քսանյոթ տարին՝ Երեւանի թիվ 149 դպրոցում՝ որպես տարրական դասարանների դասվար։ Ու թեեւ տիկին Խաչատրյանն այժմ վաթսուներկու տարեկան է, ինչպես ինքն է ասում. «Իմ աշխատանքի ընթացքում չեմ ունեցել ոչ մի բացակայություն, ուշացում, նկատողություն։ Միշտ վայելել եմ երեխաների, ծնողների, կոլեկտիվի համակրանքը»։ Ս. Խաչատրյանի պնդմամբ՝ իր դասարանի երեխաները միշտ աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ։ Սակայն այս տարի դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը նրան ազատել է աշխատանքից, քանի որ բավարար թվով առաջին դասարան դպրոցն այս տարի չի ունեցել։ Ուսուցչուհու հավաստմամբ՝ շատ ծնողներ դպրոց ընդունելության դիմումներում նշել էին, որ ցանկանում են, որպեսզի իրենց երեխային տիկին Խաչատրյանի դասարան ընդունեն, ինչը դպրոցի տնօրինուհուն բարկացրել է։ Այս տարի դպրոցում բացված երկու առաջին դասարաններում ուսուցումը ռուսական թեքումով է լինելու եւ տիկին Խաչատրյանը զրկվել է դասաժամերից։ Նա նաեւ համաձայն չէր ուսուցման այդ նոր մեթոդի հետ, գտնելով, որ «առաջին դասարան մտնող աշակերտին պետք է դիմավորի մի ուսուցիչ, որ ուսուցիչը ծնող հանդիսանա ու հասցնի նրանց մինչեւ երրորդ դասարան։ Բայց այս տարի առաջին դասարան մտնում են 4-5 ուսուցիչ. ամեն առարկա՝ տարբեր ուսուցիչ եւ տարբեր լեզուներով։ Հիմա առաջին դասարանում անցնում են ռուսերեն, երբ երեխան նույնիսկ հայերեն տառ չգիտի»։ Ընդունելով, որ տնօրինուհին իրեն ազատել է դասաժամերի կրճատման պատճառով, ուսուցչուհին կարծում է, որ ցանկության դեպքում Գ. Գալստյանը կարող էր իրեն պահել գոնե կես դրույքով՝ «դպրոցից չկտրվելու համար»։ Սակայն Սվետլանա Խաչատրյանին առավել վրդովել է ոչ թե աշխատանքից զրկվելը, այլ, որ «սրտացավ վերաբերմունքի» չի արժանացել։ Հուզված ուսուցչուհին ասում է, որ այդքան տարիներ դպրոցում աշխատելուց հետո, ինքը փոքր-ինչ ավելի ջերմ ու հարգալից վերաբերմունքի էր արժանի։ Նույնիսկ եթե հարկավոր էր իրեն ազատել աշխատանքից, գոնե դա անեին նրբանկատորեն եւ գնահատելով նրա մանկավարժական երկար տարիների աշխատանքը։ «Ինչպե՞ս կարելի է վաստակաշատ ուսուցչին գրչի մի հարվածով դուրս գցել դպրոցից»,- նեղսրտել էր տիկին Խաչատրյանը՝ պատմելով, որ ծնողները ցանկանում էին նամակներ գրել ԿԳ նախարարություն, սակայն ինքը թույլ չի տվել։ Թիվ 149 դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանի հետ խոսել չկարողացանք. դպրոցից տեղեկացրին, որ տիկին Գալստյանը մասնակցում է դպրոցների տնօրենների համար նախատեսված երկշաբաթյա դասընթացների։ Ամենեւին չենք վիճարկում տիկին Խաչատրյանին աշխատանքից ազատելու օրինականության հարցը։ Ինչպես տիկին Խաչատրյանին քաղաքապետարանի կրթության վարչությունում են հավաստիացրել, եթե դասաժամեր չկային, տնօրենը չէր կարող նրան պահել։ Տնօրենն էլ է տիկին Խաչատրյանին ասել, որ ամեն ինչ ճշտել է իրավաբանի հետ եւ աշխատանքից նրան ազատելը օրենքի տեսակետից լիովին հիմնավորված է։ Սակայն խոսքն այս դեպքում հարցի բարոյական կողմի մասին է։ Դժվար է չհամաձայնել Սվետլանա Խաչատրյանի հետ, որ մոտ քառասուն տարի իր կյանքը դպրոցին նվիրած ուսուցչուհուն դպրոցը պետք է ըստ արժանվույն հրաժեշտ տար։ Ժամանակին լավ ավանդույթ կար, երբ կենսաթոշակային տարիքի հասած իր գործընկերներին աշխատանքային կոլեկտիվը հրաժեշտ էր տալիս երախտիքի ջերմ խոսքերով, հուշանվերներով, փոքրիկ հանդիսավոր երեկույթով։ Կարծում ենք, վաստակաշատ ուսուցչուհու համար նման հրաժեշտը շատ տեղին կլիներ եւ նա դպրոցից չէր հեռանա այդպես վիրավորված։ Տիկին Խաչատրյանը պատմեց, որ իրեն հրավիրել էին դպրոց՝ մասնակցելու Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը։ Սակայն վիրավորանքն այնքան մեծ է եղել, որ նա չի գնացել։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել