Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավոր Կիմ Բալայանին

Նոյեմբեր 21,2001 00:00

«Երեսուն արծաթի կամակատարը» Բաց նամակ ՀՀ ԱԺ պատգամավոր Կիմ Բալայանին Եվ բազում սուտ մարգարեներ կհայտնվեն… Աստվածաշունչ Հարգարժան պարոն Բալայան, խորապես ափսոսալով հանդերձ, որ Դուք, գուցե եւ ակամա, դարձել եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների նկատմամբ իր բարյացակամությամբ, մեղմ ասած, երբեւիցե աչքի չզաՐնվող՝ հայաստանյան մի թերթի «աներկյուղ հերոսը», այնուամենայնիվ, ստիպված ենք արձագանքել Ձեր «բարոյախոսական մտքի հերթական փայլատակումներին»: Մեզ բնավ էլ չի զարմացնում, որ իր հարցազրույցում Կիմ Բալայանը «գլոբալ աշխարհաքաղաքականության» հարցերից փափուկ անցում է կատարում դեպի այն ոլորտները, ուր իրեն մղում է «երեսուն արծաթի» համար փոխհատուցած լինելու պարտավորվածությունը: Եթե այս աստվածաշնչյան շրջասությանը հասու չէ նրա իմացությունը, ապա խոսենք ավելի պարզ լեզվով: «Մարտի 22»-ի գործով նախաքննական նյութերում, միայն մեր ունեցած տեղեկություններով, մի շարք ուղղակի ցուցմունքներ կան առ այն, որ Կիմ Բալայանը Սամվել Բաբայանից շուրջ 40.000 դոլար է «նվեր ստացել»՝ գործուն քաղաքականության վերադառնալու եւ «Արցախի դատը» պաշտպանելու համար: Գուցե ԼՂՀ պետական բյուջեից ա՞յս կարգով արված ծախսումների մասին է խոսքը, պարոն Բալայան: Հավատացնում ենք, որ նման շռայլ նվիրատվությունները Սամվել Բաբայանն արել է ոչ իր անձնական միջոցների հաշվին, եւ Դուք, եթե քրիստոնեական բարոյականության նշույլ իսկ ունենայիք, ապա կհրաժարվեիք այն «հացից», որ գողացված էր Արցախի ազատության համար նահատակվածների որբերի համեստ սեղանից: Բայց դեռեւս ամեն ինչ կորած չէ, կարող եք այսօր էլ այդ գումարը փոխանցել ԼՂՀ պետական բյուջե՝ որպես թողություն անցյալ ու ներկա մեղքերի, թեեւ համոզված չենք, որ Արցախի ժողովուրդը Ձեզ կների: Չափազանց ծանր է Կիմ Բալայանի «խղճի բեռը»: Չէ՞ որ նա, ով սիրում է պատեհ- անպատեհ խոսել իր անձի կարեւորության հանդեպ նախկինում կազմակերպված ոտնձգությունների մասին, դեռեւս ոչ մի բառով չի ակնարկել, որ Սամվել Բաբայանն իրեն պատանդ է վերցրել, ենթարկել ստորացումների եւ միայն ԼՂՀ քաղաքական ղեկավարության ջանքերով է, որ ազատ է արձակվել եւ տեղափոխվել Երեւան: Ասում են՝ աչքը տեսածից է վախենում: Երեւի պարոն Բալայանն այդ սկզբունքով է առաջնորդվում՝ երկյուղածաբար համբուրելով այն ձեռքը, որ իրեն հնազանդության դասե՞ր է տվել: Ձեր գործն է, պարոն, ինչպես եւ այն, որ «մոռանում եք», թե Սամվել Բաբայանն ինչ դաժանությամբ ծաղր ու ծանակի ենթարկեց, ի տարբերություն Ձեզ, ամբողջ Ղարաբաղում հարգված Գաբրիել Բալայանին՝ Ձեր հարազատ հորը: Այդ անդատուդատաստան նվաստացումից հետո էր, որ Գաբրիել Բալայանը սրտի կաթվածից մահացավ, եւ Դուք դարձյալ համարձակություն չունեցաք գործի դնել Ձեր իրավաբանական գիտելիքները՝ պարզելու համար, թե ինչո՞ւ պիտի մարդը տառապեր քննչական մեկուսարանում, երբ ԼՂՀ որեւէ իրավապահ կառույց նրա դեմ քրեական հետապնդում չէր արտոնել: Գուցե հենց ա՞յդ ժամանակ եք «երեսուն արծաթ» ստացել՝ Ձեր հոր արյան եւ հետագա հավկուր հպատակության գինը: Դարձյալ Ձեր գործն է, պարոն, բայց այդ ո՞ր իրավունքով եք «արծաթասիրության» քարոզ կարդում՝ մի ամբողջ ժողովրդի փորձելով մղել անմռունչ հպատակության: ԼՂՀ նախագահը մարտի 22-ին ահաբեկչության է ենթարկվել, եւ դատարանը լիովին ապացուցել է, որ այն կազմակերպել եւ հրահրել է Սամվել Բաբայանը: Դուք, որպես իրավաբան, նույնպես համոզված եք դրանում, բայց հանրությանն ակնհայտ կեղծ վարկած եք մատուցում: Չե՞ք կարծում, որ գոնե բարոյական առումով դառնում եք մեղսակից, երբ փորձում եք ահաբեկչին արդարացնել: Թե՞ լիակատար բավարարվածության համար ուրախ պիտի լինեիք, եթե, Աստված մի արասցե, մարտի 22-ի ծրագրերն իրականանային: Հավատացնում ենք, որ ԼՂՀ-ում մարդիկ այլ կերպ են մտածում: Դուք բազմիցս բախվել եք դրան եւ գիտեք, որ Կիմ Բալայան անունը նույնիսկ իր հարազատ գյուղում հեղինակություն չէ: Չէ՞ որ ԼՂՀ Ազգային ժողովի 2000թ. ընտրությունների մրցապայքարի ժամանակ, մեկ ամիս ապրելով Ներքին Հորաթաղում, Ձեզ, այնուամենայնիվ, չհաջողվեց «կողմնորոշել» մարդկանց: Միայն այս՝ անցած ու գալիք ընտրությունների հարցում Ձեզ հետ համաձայն ենք. ամեն ինչ պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը: Իսկ նա իր ընտրությունն արդեն կատարել է՝ պաշտպանելով օրինական իշխանություններին՝ Սամվել Բաբայանի արկածախնդրությունների եւ անօրինականությունների դեմ պայքարում: Եվ միայն կարելի է խորապես ցավել, եթե ՀՀ Ազգային ժողովի պատգամավորն այնքան թյուր կարծիքի է ժողովրդի մասին, որ նրան «վախեցնում է» հնարովի բանդագուշանքներով: Չե՞ք ասի, պարոն Բալայան, ադրբեջանական այդ ո՞ր լրատվամիջոցն է տեղեկացրել, թե իբր Բաքվում ցուցարարները գոռացել են. «Վազգենը չկա, Սամվելը ձերբակալված է, Ղարաբաղը մերն է»: Դա հիվանդ երեւակայության պտուղ է, ինչպես եւ այն վերջին «հայտնագործությունը», թե իբր ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ այժմ Սամվել Բաբայանը չկա, եւ ոչինչ չի խանգարում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Եթե Ձեր խոսափող լրատվամիջոցն ու նրա հովանավորները Ձեր պատկերացրած «ադրբեջանցի ցուցարարներն» են եւ ԼՂՀ նախագահի՝ ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ականատեսները, ապա այս հարթության վրա մեր տեսակետները համընկնում են: Մեզնից մի քանիսը մասնակցել են ադրբեջանցի լրագրողների հետ նախագահ Ղուկասյանի հանդիպմանը, եւ իրավասու ենք հայտարարել, որ Սամվել Բաբայանի մասին այդ ընթացքում խոսք անգամ չի եղել: Մեզ համար ակնհայտ է, թե ինչո՞ւ հատկապես այս պահին եք Դուք տեսադաշտում հայտնվել: Չէ՞ որ ՀՀ Ազգային ժողովում սպասվում են բյուջեի մասին օրինագծի քննարկումներ: Ուրեմն՝ կարելի է առիթը բաց չթողնել: Բարեբախտաբար, Հայաստան- ԼՂՀ միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունները Ձեր մակարդակով չեն կարգավորվում: Համոզված ենք, որ Ձեր «հերոստրատյան» այդ կեցվածքը Հայաստանի Ազգային ժողովում էլ միայն համարժեք վերաբերմունք է ստանալու: Երեսուն արծաթի կամակատարը 2000 տարի է՝ նզովվում է, ինչպես նաեւ՝ Պիղատոսը, որ ավազակ Հեսուին ազատ արձակելու, իսկ Հիսուսին՝ խաչ հանելու հրաման տվեց: Եվ բարեպաշտ քրիստոնյան ավելի քան անողոք է Չարի հանդեպ՝ անկախ նրանից՝ Հուդայի՞ մասին է խոսքը, թե՞ Կայենի, որ սպանեց հարազատ եղբորը: Երկուսն էլ անիծվում են հավասարապես: Ուզում ենք հավատացած լինել, որ Ձեր կրոնագիտական պատրաստվածությունը բավարար է վերջին համեմատությունները հասկանալու համար ու հուսով ենք, որ ծանոթ եք աստվածաշնչյան «Անառակ որդու» պատմությանը: Ապաշխարելու համար երբեք էլ ուշ չէ: Հարկավոր է միայն ուժ գտնել եւ գնալ այն ճանապարհով, որը տանում է տաճար: Դա Հայաստան-Արցախ միասնության, ազատ հայրենիքի, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կերտման այն դժվար ուղին է, որով վճռականապես առաջ են ընթանում ԼՂՀ ժողովուրդը եւ նրա կողմից ընտրված օրինական իշխանությունները: ԼՂՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ 23 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել