Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԴԱՇՏԵՐԸ

Հունվար 24,2002 00:00

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԴԱՇՏԵՐԸ Օրեցօր ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում ՀՀ մարզերից «Առավոտին» հասած տեղեկությունները, երբ գյուղացին, չկարողանալով հաղթահարել հողի, ջրի հարկերն ու վարձերը, իրեն կերակրող հողը «ջրի» գնով վաճառում է։ Հեկտարներով վաճառած գյուղացու հողակտորները գնում են մասնավոր սեփականատերեր, որոնք էլ մեծ գումարներ են ներդնում տվյալ գյուղում կամ ավանում սեփական գործը սկսելու համար։ Փաստորեն ստացվում է, որ տարիներ առաջ գյուղացուն սեփականաշնորհված հողը, ինքնըստինքյան, հետ է վերցվում՝ այս անգամ կենտրոնանալով ոչ թե պետության, այլ որոշ «կալվածատերերի» ձեռքում։ Պետք է ենթադրել, որ գուցե աշխարհագրական հարմար դիրքի, բնակլիմայական բարենպաստ պայմանների շնորհի՞վ է, որ վերը նշված երեւույթներն առկա են հատկապես Արարատի մարզում։ Դատելով մարզի տարբեր գյուղերի բնակիչների «Առավոտին» հղած դիմում-բողոքներից, գյուղացին մեծ դժվարությամբ է հող մշակում, ջրում, հարկերն ու վարձերը վճարում։ Որոշ գյուղերում էլ, ըստ բնակիչների, արդար ձեւով չեն գանձվում վարձավճարները։ Հասարակ գյուղացու շահը ստորադասվում է այլ սեփականատերերի շահերին։ Գրեթե նման հիմնախնդիրներով լի մի դիմում էր վերջերս Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Ա. Մովսիսյանի եւ մի խումբ համագյուղացիների ստորագրությամբ մեզ հասցեագրվածը։ Գյուղացիները բողոքում էին, որ իրենց գյուղի հողերի սեփականաշնորհման քարտեզագծումը եւ անձնագրավորումը կատարվել էր խախտումներով. հողակտորները չափվել են առանց հողատերերի ներկայության, քարտեզում եւ հողի սեփականության վկայականներում նշված չափսերը չեն համապատասխանում բնակչի զբաղեցրած հողակտորի չափսերին։ Նրանց խոսքերով. «Հոգսեր, պրոբլեմներ՝ որքան ուզես մեր գյուղում։ Արդեն մի քանի տարի է, որ շատ ոսկետափցիներ կանգնում են տխուր իրողության առջեւ։ Գալիս է բերքի հասուն ժամանակը եւ գյուղի ղեկավարությունը կանխամտածված ջուրը կտրում է՝ պատճառաբանելով, «թե չեք վճարել»։ Գյուղացու բերքը չորանում է։ Չէ՞ որ այդ բերքը գյուղացին պիտի վաճառի, որ հողի հարկ, ջրի վարձ տա ու ինքը ապրի։ Վերջերս, չգիտես որտեղից, ինչ-որ հարուստներ են հայտնվել եւ կարողանում են հեկտարներով հող գնել»։ Ոսկետափցիների կարծիքով, գյուղի ղեկավարությունն ինքն էլ է արհեստականորեն խոչընդոտներ ստեղծում, որպեսզի գյուղացու բերքը փչանա։ Սա ստիպում է, որ հարկերի ու վարձերի բեռի տակ կքած գյուղացին իրեն կերակրող հողը հետագայում էժան գնով վաճառի։ Ա. Մովսիսյանի խոսքերով. «Խոր Վիրապի պոմպակայանի ջուրը ամեն մարդու համար չէ»։ Ըստ բնակիչների, խնդրի առնչությամբ բազմիցս բանավոր եւ գրավոր դիմել են Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին։ Խնդրել հարցին լուծում տալ։ Ահազանգել են կադաստրի վարչություն՝ պրն Վարդանյանին, խնդրել, որպեսզի նախկին սխալները չկրկնվեն, հողատերերին մասնակից դարձնեն հողակտորների չափմանը։ Սակայն՝ ապարդյուն. «Շատ գյուղացիներ սեփական միջոցներ չունենալու պատճառով ուզում են գյուղվարկեր վերցնել։ Չեն կարողանում՝ հողի սեփականության վկայականներում թույլ տրված սխալների պատճառով վարկատուն խուսափում է այդ փաստաթղթերը որպես հիմք ընդունել»։ Հարցի վերաբերյալ պարզաբանումների համար «Առավոտն» այդպես էլ չկարողացավ մարզպետ Ա. Սարգսյանի հետ հեռախոսակապ հաստատել՝ տեղում չլինելու պատճառով։ Ոսկետափի գյուղապետ Սարգիս Աբրահամյանին զանգահարելու ջանքերը եւս ապարդյուն անցան։ Ա. Մովսիսյանը իմիջիայլոց նշել էր իրենց գյուղապետի՝ «դաշնակցական» լինելու մասին։ Իզուր չենք հիշատակում այդ փաստը, քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հարակից գյուղերում ղեկավար անձանց թվում եւս, ժողովրդի լեզվով ասած, դաշնակներ կան, որոնք էլ նպաստում են այս «հողաթափմանը»։ Հետաքրքիր մի զուգադիպությամբ ջրի գնով վաճառվող հողերին հավակնում են եւ տեր դառնում հենց դաշնակցականները։ Մի քանի գյուղերի օրինակով նկատենք, որ գյուղացու կողմից վաճառվող հեկտարներով «համեղ պատառներից» մեծ բաժին ունեն նաեւ ոչ այլ ոք, քան արտերկրում ապրող, բայց սեփական հայրենիքում, սեփական հողն ունենալու մասին երազող դաշնակցական կուսակցության լիդերներ հանդիսացող մեր հայրենակիցները։ Չնայած «Հողային օրենսգրքում» կատարված փոփոխություններին, այնուամենայնիվ, մեր երկրի օրենքները արտասահմանյան քաղաքացիներին դեռեւս իրավունք չեն տալիս Հայաստանում սեփական հող ունենալ (այսպես մեկնաբանեցին ԱԺ իրավաբանական ծառայությունից)։ Հիշյալ ձեւով հողերի համատարած գնման մասին գյուղացիների տեղեկատվությունը եթե նույնիսկ ճիշտ է, ապա, տրամաբանորեն, դրանք ձեւակերպվում են այլ մարդկանց անուններով։ Բայց քանի որ այս ամենն արվում է գյուղացուն ապօրինաբար նեղը գցելով, այն էլ տեղական իշխանությունների աջակցությամբ, անարդար է։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել