Լրահոս
Օրվա լրահոսը

Գայթակղիչ առաջարկներ

Հունվար 24,2002 00:00

Գայթակղիչ առաջարկներ Ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հրաչյա Հարությունյանին հանդիպեցինք «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հունվարի 25-ին նա հանդես կգա Բրամսի ջութակի կոնցերտի կատարումով։ Երաժշտին առանձնապես ներկայացնելու հարկ չկա։ Ասենք միայն, որ նա ավելի քան տասը տարի բնակվում է Գերմանիայում։ Աշխատել է որպես Բեռլինի ֆիլհարմոնիկի առաջին ջութակահար, Մյունխենի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստեր։ 1996-ին Նոյշտատ քաղաքում հիմնել է արդեն ճանաչում գտած Մասնագետ երաժիշտների վերապատրաստման Crescendo բարձրագույն դպրոցը։ Ներկայումս համերգային եւ մանկավարժական գործունեություն է վարում Եվրոպայում, Ասիայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում։ – Որպես ջութակահար հայրենիքում Ձեզ հանդիպում ենք, իսկ որպես մանկավա՞րժ։ Եթե չենք սխալվում, մեկ տարի առաջ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտորի հրամանով Ձեզ շնորհվեց պրոֆեսորի կոչում։ – Ձեր հարցն իր ենթատեքստով հասկացա։ Հիմա դուք էլ ինձ հասկացեք։ Երեւանի կոնսերվատորիայում պատրաստ եմ անվճար դասավանդելու։ Կուզեմ ամեն ամիս հինգ անգամ գալ, բայց, հասկացեք, դա մոտ 10 հազար մարկ է։ Հասկանում եմ, որ կոնսերվատորիան այդպիսի փողեր չունի, բայց էստեղից պետք է հրավիրեն, չէ՞… – Եթե ճիշտ հասկացանք, դուք առաջ եք քաշում հովանավորի հարցը։ – Իսկ ինչո՞ւ ոչ։ Թույլ տվեք երաժշտությունից հեռանալ, մնալով արվեստում։ Ձեզ ոչինչ չի՞ ասում Լուիջի Կոլանի անունը։ Այս դիզայները աշխարհի Լեոնարդո դա Վինչին է։ 17 տարի Ճապոնիայի արդյունաբերության գլխավոր դիզայներն է եղել։ Կարելի է ասել, որ ձեռքից ձեռք են խլում այս մարդուն։ Վերջերս Ինդոնեզիայի կառավարությունն առաջարկել է 10 մլրդ մարկ, որ նա գնա իրենց մոտ՝ ապրի ու գործի։ Բոլոր ոլորտներում է ստեղծագործում։ Այժմ 10 մլրդ դոլարի սաունա կոմպլեքս է կառուցում՝ 1 կմ երկարությամբ, 1 կմ լայնությամբ եւ 200 մ բարձրությամբ՝ ամբողջը ապակեպատ։ Այս ամենը ունենալու է կնոջ կրծքի ձեւ։ Կամ ֆանտաստիկ մեքենաներ է հավաքում եւ պատրաստ է նոր ձեւի, ոճի, դիզայնի «Schanhaj» ավտոմեքենան հավաքի Հայաստանում։ Վերջինս կունենա 350 կգ քաշ, արագությունը՝ 130 կմ/ժ, ժամում 80 կմ արագության դեպքում կծախսի 2 լիտրից պակաս բենզին։ Պատկերացնո՞ւմ եք, այստեղ կբացվեն եւ աշխատատեղեր։ Այս անձնավորությունը օրը 200 հազ. դոլարով կարդում է դասախոսություն «Siemens» էլեկտրոնային ֆիրմայի աշխատակիցների համար։ Այժմ վերադառնամ երաժշտությանը։ Ես շատ եմ նվագել Ստրադիվարի, Գվարների ջութակների վրա, բայց էս գործիքները պատրաստված են դահլիճների համար: Այսօր նվագում ենք 200 հազ. հոգանոց բացօթյա ամֆիթատրոններում եւ նույն ինքը՝ Լուիջի Կոլանը ձեռնամուխ է եղել նոր ջութակի ստեղծմանը, որը 40% ավելի հզոր կլինի Ստրադիվարի, Գվարների, մի խոսքով՝ մեր իմացած ջութակներից։ Նման մարդը պատրաստ է ձեռք մեկնել Հայաստանին։ – Մեծանուն դիզայները ինչպե՞ս կամ ո՞ւմ միջոցով է ճանաչում Հայաստանը։ – Հայաստանը ճանաչում է իմ միջոցով եւ ագահորեն ուսումնասիրում հայոց պատմություն։ Գերմանիայում հանգիստ խղճով նստած չեմ, առաջին իսկ հնարավորության դեպքում ինչ-որ ձեւով աշխատում եմ օգտակար լինել։ Ես չեմ կարող դիզայների հարցով դիմել հանրապետության նախագահին կամ մյուս իշխանավորներին։ Իմանալով «Առավոտ» թերթի լայն դիապազոնը, կարծում եմ, որ Լուիջի Կոլան- դիզայներ անունը կհետաքրքրի Հայաստանի պետական այրերին եւ բանակցությունները դիզայների հետ պետք է վարվեն պետական մակարդակով։ Մի բանի մասին էլ կուզեմ խոսել անպայման, գոնե շատ հակիրճ։ Խոսքը «Բաբելոնի ամենահարուստ մարդը» գրքի մասին է։ Ամբողջ աշխարհում, սկսած դպրոցահասակից մինչեւ ծերունիները, պարզապես ուսումնասիրում են վերջինս։ Կարծում եմ, որ սա իսկական ուսումնական ձեռնարկ է։ Իմաստը, խորհուրդը հետեւյալն է՝ «Պետք է փողը աշխատի քեզ համար, ոչ թե հակառակը»։ Համապատասխան նախարարության շահագրգիռ անձինք կարող են գրքի հետ կապված դիմել ինձ։ Ես մինչեւ այս ամսվա վերջը Երեւանում եմ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել