Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհությունները շարունակում են աճել

Փետրվար 15,2002 00:00

Դժգոհությունները շարունակում են աճել Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնը կազմակերպել էր հասարակական լսումներ ՀՀ ջրային օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ։ Կենտրոնի նախագահ Աիդա Իսկոյանը, արժեւորելով լսումներն ու բաց քննարկումները, փաստեց Ջրային օրենսգրքի պատրաստման օրակարգային եւ օրինաչափ լինելը։ Ա. Իսկոյանի կարծիքով, ներկայումս առկա են տնտեսական բոլոր լծակները, մինչդեռ, երբ «1992-ին ստեղծվում էր նախորդ օրենսգիրքը, ՀՀ-ն ձեռք էր բերել անկախություն, սակայն տնտեսական զարգացումները չէին կայունացել»։ Ա. Իսկոյանը բնական համարեց օրենսգրքի նախագծում տեղ գտած թերությունները, որոնք վերաբերում են այս կամ այն տերմիններին, պետական կառավարման մարմինների միջեւ իրավասությունների տարանջատման, ջրից օգտվելու մատչելիության խնդիրներին։ Նա նաեւ հույս հայտնեց, որ Ջրային օրենսգրքում բոլոր հարցերը կհստակեցվեն եւ հաշվի կառնվեն բոլոր առաջարկությունները։ Ջրային պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Թոքմաջյանը հայտարարեց, որ ջուրը ռազմավարական ռեուրս է, «ինչի շուրջ բախվում են հաճախ իրար հակասող քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական շահերը»։ Եվ փորձ է արվում գտնել այնպիսի լուծումներ, որոնց արդյունքում Հայաստանը կկարողանա ճիշտ օգտագործել իր բնական ռեսուրսները։ Նա հատկապես ընդգծեց կառավարման տարանջատումը շահագործումից եւ օգտագործումից։ Նշեց նաեւ, որ օրենքն այնպես է մշակվել, որ «ի շահ պետության աշխատի եւ դուրս մնա գերատեսչական ու ներքաղաքական շահերից»։ Ի հակառակ Հ. Թոքմաջյանի՝ Ջրային օրենսգրքի նախագծից չափազանց դժգոհ էր Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ Նա գտնում էր, որ օրենքը պետք է երաշխավորի ՀՀ քաղաքացիների ջրից օգտվելու իրավունքը։ Եվ առաջարկում էր այնպիսի հոդված, որը ամրագրի, որ «ՀՀ իշխանությունները պարտավոր են բնակչությանը ապահովել կենսապահովման համար անհրաժեշտ քանակությամբ ջրով՝ անկախ վճարունակության աստիճանից»։ Հ. Սանասարյանի կարծիքով, «շուտով ջուրը կդարձնեն ապրանք, իսկ դա հակասում է 1947թ. ընդունված մարդու իրավունքների կոնվենցիային»։ Նրա համոզմամբ, արդարացված չէր ջրային ռեսուրսների եւ օբյեկտների ապապետականացումը, քանի դեռ պետությունը չի սահմանել բնակչության համար այնպիսի աշխատավարձեր ու թոշակներ, որոնք հնարավոր կդարձնեն նրա կենսապահովման տարրական խնդիրների լուծումը։ Հ. Սանասարյանը նաեւ հակված էր մտածելու, որ Ջրային օրենսգիրքը մշակող հանձնաժողովին ու նախագահին «այլ թելադրանք է տրված, չնայած վերջինս տրամադրված է այն բարեփոխելու»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել