Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՄԲ

Փետրվար 22,2002 00:00

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՄԲ Թերեւս երկար ժամանակ թերթ չկարդալն էր պատճառը, որ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը կառավարության երեկվա նիստում իր զեկուցած օրինագծի վերաբերյալ լրագրողների հարցերը վերահասցեագրեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին։ Պողոս Պողոսյանի սպանության դատավարության «շառից» հեռու մնալու գինն էլ դա էր՝ Դավիթ Լոքյանը կորցրել է կողմնորոշումը եւ կարծում է, որ արդեն լրագրողները բարձրագույն կրթության վերաբերյալ պարզաբանումներ են խնդրում պաշտպանության նախարարից, արդյունաբերության մասին՝ արդարադատության նախարարից եւ այլն։ Պրն Լոքյանի զեկուցած հարցերից առավել ուշագրավ էր «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքներից ոչ հիմնական շինությունների ազատման եւ հեռացման միջոցառումների մասին» երկար անունով որոշման նախագիծը, որը, կարծում ենք, անմիջականորեն առնչվում է նախագահական ընտրությունների նախապատրաստության հետ։ Այս օրինագծով նախատեսվում է. «Հիմա Գյումրիում մաքրում ենք տարածքները։ 1000 տնակից 300 հոգու համար բնակարան ենք կառուցում, 700-ին սերտիֆիկատ ենք տալիս, թեեւ պարտավոր չէինք սերտիֆիկատ տալ»։ Պարտավոր չէին (որովհետեւ այլ վայրերից աղետի գոտում բնակություն վերահաստատված մարդիկ են նրանք հիմնականում), բայց, ըստ Լոքյանի, տալիս են բնակարանային խնդիրը մեղմելու համար։ Իսկ սերտիֆիկատը վարձով բնակվելու դեպքում բնակվարձից ազատվելու հնարավորություն է տալու։ Գումարները, ըստ նախարարի, հատկացվելու են պետբյուջեից, առանձին տողով։ Առանձին տողն ընդգծում է ֆինանսավորման պարտադիր լինելը։ Իսկ հատկացվելու է այդ «առանձին տողը», այսինքն ֆինանսավորումը, 2 տարի միայն։ Իսկ ի՞նչ է լինելու 2 տարի հետո. «Կլինի նույնը, ինչ հանրապետության մնացած վարձով ապրողների հետ»։ Հարց է ծագում. ինչո՞ւ է կառավարությունը, կարծում ենք հանրապետության նախագահի թելադրանքով, իր սուղ բյուջեից գումար հատկացնում վարձով ապրողների համար։ Չէ՞ որ ասում են, թե պետությունը նրանց նկատմամբ պարտավորություններ չունի։ Գուցե նախընտրելի էր այդ գումարով 1-2 բնակարան կառուցել հենց նրանց համար, ում նկատմամբ պետությունը վաղուց արդեն խախտել է իր պարտականության կատարման ժամկետը։ Բանն այն է, որ արդեն վաղուց անցել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ աղետի գոտին մինչեւ 2001թ. վերականգնելու նախընտրական ծրագրի կատարման ժամկետը։ Եվ այս վիճակով, հասկանալի է, դժվար է նորից քվե խնդրել ժողովրդից։ Իսկ այս օրինագծի իրագործմամբ մյուս նախընտրական արշավի ժամանակ կարելի է ասել. «Աղետի գոտում բնակարանային խնդիրը լուծվել է այսքան տոկոսով» եւ հանգիստ խղճով նախընտրական խոստումը կատարված համարել ու այդպես էլ ներկայացնել։ Մյուս հարցը, որ կառավարությունը կարեւոր էր համարել՝ «Հուղարկավորության կազմակերպման մասին» օրինագիծն էր։ Թեեւ հարցը կարգավորող 6 որոշում եւ կարգ կար ընդունված, այնուամենայնիվ, կառավարության լրատվական վարչության պետի ներկայացմամբ, «զավեշտական վիճակ է, երբ հարազատ կորցրած մարդը ստիպված է լինում շատ խոչընդոտներ, սպեկուլյացիաներ հաղթահարել հարազատին հուղարկավորելու համար»։ Իսկ Դ. Լոքյանի տեղեկացմամբ, Երեւանում գերեզմանոցները 50 հեկտար հողատարածք են զբաղեցնում, «վերջերս էլ երկու հատկացում ենք արել»։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը զեկուցել է 2002թ. կառավարության կողմից իրականացնելիք միջոցառումների ցանկի վերաբերյալ որոշման նախագիծը։ Այդ ցանկը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, բխում է 2000թ. վարչապետ Մարգարյանի ներկայացրած կառավարության գործունեության ծրագրից։ Սակայն նախորդ երկու տարիների միջոցառումների ցանկում հիմնականում ընդգրկված են ծրագրերի, հայեցակարգերի, որոշումների նախագծերի նախապատրաստման եւ ներկայացման մասին կետերից եւ, կարծում ենք, դա չի ապահովում կառավարության գործունեության ծրագրի կատարումը։ Ուստի՝ կտրվածություն կա այդ ծրագրի եւ ցանկի միջեւ, եւ դրանք անմիջականորեն չեն ապահովում գործունեության ծրագրի այնպիսի կետ, ինչպիսին, օրինակ, բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է կամ կրկնապատկումը։ Ընդհանուր առմամբ, այս «ցանկերը» կապ չունեն ծրագրի դրույթների կատարման հետ։ Այս մասին ավելի ուշ առանձին անդրադարձ կլինի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել