Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեցույց գողերի համար

Փետրվար 23,2002 00:00

Ուղեցույց գողերի համար «Տղա ջան, կամ էս տանից կցանվես, կամ էլ էդ աշխատանքդ կթողնես»,- փոքր-ինչ գունազարդած կոլորիտով սա էր եղել ընկերներիցս մեկին տրված պատասխանը, երբ նա տուն է տարել հայտարարագրման թերթիկը եւ ծնողներին առաջարկել, իբրեւ փոխկապակցված անձինք, լրացնել։ Իմիջիայլոց, այդ ընկերս բարձրաստիճան պաշտոնյա է, ղեկավարում է նախարարություններից մեկի աշխատակազմը։ Հետեւաբար դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին է եղել ավելի փոքր պաշտոնյաներին վիճակված արձագանքը, երբ նրանք են հարազատներին առաջարկել չարաբաստիկ թերթիկը լրացնել։ «Տղա ջան, այս տունն ու ունեցվածքը չի ստեղծվել նրա համար, որ դու տասնամյակներ հետո հայտնվես ու քո ինչ-որ պաշտոնի պատճառով հայտարարագրես։ Կամ տանից հեռացիր, կամ պաշտոնդ թող»,- մոտավորապես այսպիսի պատասխաններ են լսել կառավարության թիվ 27 որոշմամբ հաստատված հայտարարագիրը լրացնելու հարկադրված պաշտոնյաները, ովքեր ապրում են ծնողների հետ, գրանցված են նրանց տանը, կամ ինչ-որ նշանակալից ժառանգություն են ստացել։ Հասկանալի է, հայտարարագիրը շրջանառության մեջ է դրվել գոհացում տալու համար Համաշխարհային բանկի եւ Արժութային հիմնադրամի պահանջներին։ Հասկանալի է եւ այդ կառույցների մտահոգությունը՝ հետզհետե ներդնելու հասարակական վերահսկման մի մեխանիզմ, որն անհնար դարձներ ապօրինի եկամուտների օրինականացումը պաշտոնյաների կողմից։ Տրամաբանությունը համոզիչ է՝ եթե անձը չկարողանա կատարել ավելի մեծ ծախսումներ, քան իր օրինական եկամուտներն են, դա մի զգալի չափով կիմաստազրկի կաշառակերությունը։ Բարենորոգչական մղումներից դրդված՝ միջազգային կառույցները տարիներ շարունակ հետամուտ էին եւ ի վերջո հասան նրան, որ փոքրիշատե նշանակալից պաշտոնյաները Հայաստանում հայտարարագրեն եկամուտները։ Սակայն այս դեպքում էլ Հայաստանը նմանվեց «ծուռ հայելիների» թագավորության, որտեղ մտահղացումը աղճատվելով վերածվեց անհեթեթության: Պարզվեց, պետեկամուտների նախարարությանը ոչ թե հուզում է այն, որ պաշտոնյաները անօրինական եկամուտներ չտնօրինեն, այլ … կարծես նրանք առաջադրանք են ստացել հականե-հանվանե հաշվառել պաշտոնյաներին պատկանող նյութական արժեքները։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Պատկերացրեք, հայտարարագիրը ծաղրող պաշտոնյաները ճշգրիտ կռահել են պատասխանը՝ գողերին «նավոդկա» տալու համար։ Չարաբաստիկ հայտարարագրի 2-րդ բաժնի 7-րդ կետը պահանջում է հայտարարագրել մշակութային արժեքները եւ հնաոճ իրերը։ Ենթադրենք, պաշտոնյան գնել կամ ժառանգություն (նվիրատվություն) է ստացել կտավ, որը պատկանում է ականավոր արվեստագետի վրձնի։ Մինչ այս հայտարարագրումը պաշտոնյայի հյուրերը հազիվ թե կռահեին՝ կտավը բնօրինա՞կ է, թե՞ վերարտադրություն, ո՞ւմ վրձնին է պատկանում եւ այլն։ Այժմ, շնորհիվ պետեկամուտների նախարարության կասկածահարույց հետաքրքրասիրության, մշակութային արժեքների եւ մաքսանենգության մեջ հմտացած հանցագործին ուղիղ նշանառության համար հարկավոր է ընդամենը բացել «Պաշտոնական տեղեկագրի» համապատասխան համարը: «Տեղեկագրում» տպագրվելու են պաշտոնյայի անուն-ազգանունը, տան հասցեն եւ նրան պատկանող մշակութային արժեքները, ասենք, Կոջոյանի մի նատյուրմորտ կամ Մինասի վրձնին պատկանող գործ։ Պետեկամուտների նախարարությանը, ինչ խոսք, չի էլ հուզում, թե այնուհետեւ այդ տան անձեռնմխելիությունը ինչպես պետք է ապահովվի: Կամ, ենթադրենք, որեւէ պաշտոնյա խելամտությունը ստորադասի ազնվությանը եւ բարեխղճորեն հայտարարագրի, թե ինքը ժառանգություն ստացած հնաոճ իր ունի, օրինակ, 150 տարվա վաղեմության մի տիկնիկ, ինչպիսիք վաճառվում են Սոթբիի աճուրդում։ «Պաշտոնական տեղեկագիր» կարդացող հանցագործները կհուզվեն այդ ազնվությունից եւ ձեռնպա՞հ կմնան նման պաշտոնյային հետապնդելու գայթակղությունից։ Իհարկե՝ ոչ։ Այլ հարց, որ հազիվ թե որեւէ պաշտոնյա, հանուն կառավարության հաստատած հերթական տխմար պայմանականության, վտանգի սեփական ունեցվածքը։ Իսկ եթե հավաքվող ու հրապարակվող տեղեկությունները «նավոդկա» չեն գողերի համար, ապա ուրիշ ի՞նչ առաքելություն ունեն։ Չէ՞ որ ոչ մեկը չի հարցնում պաշտոնյային, թե որքան են նրա ծախսերը։ Եթե ծախսերը մնալու են անհայտ, եկամտի հայտարարագրման իմաստը ո՞րն է։ Չէ՞ որ մեխանիզմը ի սկզբանե մտածված է ապօրինի եկամուտները, այլ կերպ ասած՝ կաշառքի օրինականացումը կանխելու համար։ Իսկ եթե պաշտոնյան ազատ է ծախսելու որքան կամենում է, եւ ոչ մեկը չի հարցնելու՝ որտեղի՞ց այդքան հնարավորություններ, ապա ի՞նչն է խանգարում կաշառակերությանը։ Թերեւս խնդրո առարկա հայտարարագրի ապաշնորհ բովանդակությունը եւ հատկապես այն հրապարակելու մտադրությունը հեղինակել են անուղղելի լյումպեն արարածներ, որոնց, չգիտես՝ ինչ մոլորությամբ թվում է, թե աղքատությունն արժանիք է: Իմիջիայլոց պետական մարմիններում ծառայող պաշտոնյաները հազիվ թե գլխացավանքներից ազատվելու համար չնախընտրեն աղքատ երեւալ: Այլ հարց, եթե հայտարարագրմանը զուգահեռ նաեւ ունեցվածքային ցենզ սահմանվեր եւ որոշակի սահմանից նվազ կարողության տեր անձը իրավունք չունենար այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու։ Այն ժամանակ գուցե իրականությանը մոտ պատկեր ստացվեր։ Իսկ առայժմ միայն մի խեղկատակություն է լինելու, որից կերեւա, թե հայաստանյան բոլոր պաշտոնյաները ազնիվ աղքատներ են, որոնց հափշտակումներն ու յուրացումները երեւի թե «տանում է քամին»: Բայց այդ դեպքում ամենեւին էլ ոչ հռետորական մի հարց կծագի՝ սեփական աղքատությունը հաղթահարել չկարողացողը ինչպե՞ս պետք է պետության համար բարեկեցություն ստեղծի։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել