Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՌ ԻՆՉԵ՜Ր ՊԻՏԻ ԸԼԼԱ՜Ն»

Փետրվար 26,2002 00:00

«ԴԵՌ ԻՆՉԵ՜Ր ՊԻՏԻ ԸԼԼԱ՜Ն» Վերջին շաբաթների ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում բուռն քննարկումներ եղան «ԶԼՄ-ների մասին» կառավարության մշակած օրինագծի շուրջ: Իրավամբ այդ օրինագիծը գնահատվեց իբրեւ հակաժողովրդավարական եւ չինովնիկների սեփական շահերը պաշտպանելուն ուղղված նախագիծ: Սա, անշուշտ, ավելի մեղմ գնահատական է, քան տվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ամենատարբեր ֆորմատներով կազմակերպված քննարկումների ժամանակ: Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օրինագծին, արձանագրեց միայն, թե նախագիծը ԱԺ կներկայացվի, եթե լինի Վենետիկի՝ մեզ համար չարաբաստիկ դարձած հանձնաժողովի դրական եզրակացությունը: Որ այն անպայման կլինի եւ դրական՝ թերեւս, կասկած չկա՝ հաշվի առնելով ավելի քան հակաժողովրդավարական մեկ այլ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծին տված հիշյալ հանձնաժողովի դրական եզրակացության փաստը: Ինչեւէ: Քանի դեռ այդ հարցի քննարկման համատեքստում լրատվամիջոցները որոշակի, այսպես ասած, «թայմ աուտ» են վերցրել՝ սպասելով Արեւմուտքից ակնկալվող եզրակացությանը, մենք դիմեցինք Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանին՝ հիշյալ օրինագծի շուրջ տեսակետ հայտնելու խնդրանքով: «Այն, որ օրինագիծն անհեթեթություն է, որ դա ուղղված է մամուլի ազատության սահմանափակմանը եւ ոչ թե հակառակը՝ բոլորին պարզ է: Ըստ իս, ավելի մտահոգիչ է այն, որ օրինագիծը քննարկող մարդիկ չեն խոսում նման նախագծի հայտնվելու բուն պատճառների մասին: Սահմանադրության համաձայն, օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն խորհրդարանն ու կառավարությունը: Դա ենթադրում է, որ հասարակությունը ներկայացնող քաղաքական ուժերը կամ նրանց վստահությամբ ձեւավորված կառավարությունը պետք է հասարակության շահերից բխող օրենքներ մշակեն, որոնք պետք է նպաստեն հասարակության, պետության զարգացմանն ու առաջընթացին: Մինչդեռ նմանօրինակ օրենքների առաջ գալը, ինչպիսին է մասնավորապես «ԶԼՄ-ների մասին» օրինագիծը, փաստում է, որ այսօր հասարակությունը զրկվել է իր այդ լծակից: Փաստորեն մենք ականատես ենք, որ ժողովրդի ներկայացուցչական մարմին՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Ավելին, խորհրդարանում գործող ուժերը հանդես են գալիս ոչ թե հասարակության ու պետության, այլ՝ սեփական շահերից ելնելով: Այս մթնոլորտում, իհարկե, նման՝ սեփական դիրքի ամրապնդմանն ուղղված, նախագծերի հղացումը միանգամայն բնական է: Իշխանությունը ժողովրդից խլելու համար հենց նման օրենքներ են պետք»,- ասաց Վ.Խաչատրյանը: Միաժամանակ նա նկատեց, թե հիշյալ օրինագիծն, ըստ էության, ուղղված է ոչ թե մամուլի դեմ, այլ՝ հասարակության իրավունքների սահմանափակմանը: Վ.Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե անօրինական եւ ժողովրդի կամքին դեմ ձեւավորված իշխանություն ունենալու պարագայում հենց նման օրենքներ են լինելու: Վ.Խաչատրյանը նշեց, թե հասարակությունը վերաբերմունք պետք է հայտնի ոչ թե հիշյալ օրինագծի, այլ՝ դրա հեղինակների նկատմամբ, ովքեր իրավասու չեն օրինագծեր մշակելու, քանի որ լեգիտիմ չեն: ԼԴԿ նախագահը՝ անդրադառնալով այն տեսակետներին, թե «ԶԼՄ-ների մասին» ներկայացված օրինագիծը Ռ.Քոչարյանին հարվածում է թիկունքից, կամ, որ այն «արջի ծառայություն» է, հիշեցրեց, որ Ռ.Քոչարյանն է նախագահել կառավարության այն նիստում, որտեղ ընդունվել է այդ օրինագիծը: «Երկու հետեւություն կարելի է անել. կամ՝ նա չի կարդում նախագծերը եւ կառավարության նիստերը նախագահելիս չգիտե՝ ինչ է ընդունում, կամ գիտակցված է անում: Տվյալ օրինագիծը հավանության է արժանացել Ռ.Քոչարյանի կողմից, ուստի բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց միամիտի տեղ դնել՝ պարզապես հերթական անգամ հաճոյանում են Ռ.Քոչարյանին»: Մեր այն հարցին, թե օրինագծի ճակատագիրն արդյոք կանխորոշվա՞ծ է, պրն Խաչատրյանը պատասխանեց, թե էականն այլ երեւույթ է՝ անկախ նրանից այն կընդունվի՞, թե՞ ոչ, միեւնույն է, այս իշխանությունները գործում են դրա ոճով՝ թքած ունենալով օրենքների վրա: Բայց չէ՞ որ այդ օրինագծերին ինչ-որ իմաստով կանաչ լույս են տալիս Եվրոպական կառույցներն ու տարբեր տիպի հանձնաժողովները, ինչպիսին, օրինակ՝ Վենետիկինն է: «Չեմ կարծում, թե Եվրոպան կանաչ լույս է տալիս նման օրինագծերին: Դա բացառված է: Եվրոպայի տարբեր կառույցներ եւ հանձնաժողովներ իրենց կարծիքը հայտնում են, բայց դա դոգմա չէ: Պարզապես պետք է իմանալ, որ կա նման կարծիք, իսկ կանաչ լույսը տալիս ենք մենք՝ որպես հասարակություն, երբ հանդուրժում ենք ապօրինի իշխանությունների գոյությունը: Եվրոպան այդ հարցում մեր փոխարեն չի պայքարելու եւ այստեղ նա կապ չունի: Իսկ եվրոպական փորձագետների կարծիքները կարող են տարբեր եւ իրարամերժ լինել, բայց ոչ վերջնագրեր: Ես կարծում եմ, որ այստեղ պատճառները պետք է փնտրել ոչ թե եվրոպական կառույցների, այլ դրանց հետ աշխատող ապաքաղաքական տարրերի մեջ, որոնք, ինձ թվում է, անկեղծ չեն: Ես վստահ չեմ, որ այն, ինչ վերջիններս մեզ են ասում՝ ասում են նաեւ Եվրոպայում կամ, որ նրանք մեզ տեղեկացնում են այն, ինչ իրենց ասում են Եվրոպայում: Կարծում եմ, այդ իմաստով տեղի է ունենում շատ պարզ խաբեություն»,- նկատեց ԼԴԿ նախագահը՝ եւս մեկ անգամ հավաստիացնելով, թե ժողովրդավարության, հասարակության իրավունքների դեմ ուղղված օրինագծեր կլինեն այնքան, քանի դեռ պետական լծակների ղեկը ապօրինի եւ հանցավոր իշխանությունների ձեռքում է: Իսկ ելքը միակն է՝ ազատվել նրանցից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել