Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԱՆԿԱՑԱԾ ՃՆՇՈՒՄ ԿԴԻՏԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

Մարտ 26,2002 00:00

ՑԱՆԿԱՑԱԾ ՃՆՇՈՒՄ ԿԴԻՏԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Ի՞նչ են մտածում «Ա1+»-ի շուրջ ստեղծվածի մասին Լիցենզավորման համար հեռուստաընկերությունը հանձնաժողովին իր դիմումի եւ կից փաստաթղթերի հետ ներկայացնում է «հնարավոր տեխնիկական միջոցների եւ սարքավորումների, ֆինանսական աղբյուրների, աշխատակազմի եւ ծրագրային քաղաքականության մասին» փաս-տաթուղթ։ Չենք կարծում, թե իրենց հնարավոր տեխնիկական միջոցների մասին «հնարավոր» պատասխաններ կարողանան տալ հեռուստաընկերություններից շատերը։ Իսկ եթե իրական պատկերը ճշտելու փորձ էր սա, ուրեմն հեռուստաընկերություններում տեխնիկական սարքավորումների առումով վիճակը «հնարավոր» նույնն է։ Այլ բան է ֆինանսական եւ ծրագրային կախվածության մասին հարցը, ինչը արդեն կբացառեր անկախ հեռուստաընկերության գոյությունը։ Հովիկ Պապիկյան. ՍԴ մամուլի պատասխանատու- «Ա1+»-ը անկախ պետականության ծնունդ է եւ նրա դեմ որեւէ ոտնձգություն՝ կոնվենցիա վավերացրած երկրի համար կնշանակի ինքնզինքը ժխտում։ Սա առաջինը, որ չեմ ուզում հավատալ, թե «Ա1+»-ը փակելու միտում կա։ Չեմ ուզում հավատալ, թե նաեւ վտանգը գալիս է նախագահի նստավայրից, որովհետեւ Ալիկ Հարությունյանի եւ Տիգրան Նաղդալյանի ստեղծած եւ փայփայած «Հայլուրը» (ոչ այս մեկը) ժամանակին ժողովրդի կողմից շատ սիրված, անկախ հեռուստահաղորդաշար էր եւ այսօրվա «Այբ-ֆեն» պետք է որ սիրվի որպես նախկին հրաշալի «Հայլուրի» ակամա, բայց շատ արժանի շարունակություն։ Եվ վերջինը. նախկինում անկախ եւ օբյեկտիվ խոսքի ջատագով Տիգրան Նաղդալյանի ղեկավարած հանձնաժողովի անդամներից է հեռուստատեսությունը հրաշալի իմացող եւ անուղղելի օբյեկտիվ Ստեփան Պողոսյանը։ Իսկ այդ հանձնաժողովը, կարծում եմ, վճռորոշ դեր ունի։ Տա Աստված, որ այս դյուրահավատությունն արդարացվի հօգուտ «Ա1+»-ի, որն իմ կողմից մշտապես դիտվող հեռուստաալիք է։ Ռուզան Բաղդասարյան. լրագրող- Ինձ նախ զարմացնում է այն, որ արդեն փաստորեն գործող հեռուստաընկերությունները նորից մասնակցում են մրցույթի։ Երբ մարդիկ հեռարձակվում են, ի՞նչ իմաստ ունի մասնակցել մրցույթի՝ կրելով լրացուցիչ դժվարություններ։ Մրցույթում հայտնվել է «Ա1+»-ը՝ 2 նոր հեռուստաընկերությունների հետ եւ դեռ հայտնի չէ, թե նրանցից ո՞վ կանցնի։ Որովհետեւ նրանցից որեւէ մեկը կարող է, օրինակ, շատ լավ բիզնես-պլան առաջարկել։ Այստեղ չենք կարող ասել, թե «Ա1+»-ի համար ճնշում եղավ։ Միգուցե «Շարմինը» շատ ավելի գրագետ առաջարկ լինի։ Ես դեմ չեմ, որ «Շարմն» էլ իր հեռուստաալիքն ունենա, բայց ինչո՞ւ «Ա1+»-ի հաշվին, մանավանդ, որ մենք «Ա1+»-ը պատկերացնում ենք լրատվական ալիք, իսկ «Շարմը», ենթադրում եմ, որ ավելի շատ զվարճալի-ժամանցային պիտի լինի, ելնելով իր ուղղվածությունից։ Երկընտրանք չպիտի լիներ. կամ լուր, կամ ժամանց։ Մրցույթի սկզբունքը ճիշտ չէր։ Լրատվականը պիտի մրցեր լրատվականի հետ, ժամանցայինը՝ ժամանցայինի։ Որպես հեռուստադիտող, ինձ համար դժվար վիճակ է։ Ես դիտում եմ «Այբ-ֆեն», որովհետեւ լրատվությունը շատ օպերատիվ է։ «Ա1+»-ը լրատվական ալիք է եւ գոնե մարզերից լուրեր էինք նայում, իմանալով, թե այնտեղ ի՞նչ է կատարվում։ Թաթուլ Բադասյան. «Օրենք եւ իրականություն» պարբերականի հիմնադիր- Ես գտնում եմ, որ տեղը թափուր կմնա, որովհետեւ «Ա1+»-ը գրագետ հեռուստաընկերություն է։ Նրա տված լրատվությունը համարում եմ օբյեկտիվ եւ մեծ ցավ կապրեմ, եթե «Ա1+» հեռուստաընկերությունը գոյություն չունենա։ Նախընտրել եմ հիմնականում «Այբ-ֆեն»։ Միշա Փիլիպոսյան. Հայաստանի փաստաբանների միության նախագահ- Մենք 4-րդ իշխանության հետ կապված ցանկացած ճնշում, բռնություն կդիտենք իրավունքի խախտում։ «Ա1+»-ի հետ կապվածը պրոցես է, որը ընթանում է եւ պետք է լուծում ստանա։ Փառք Աստծո, մեր դատական ատյանը չի սահմանափակված 1-ին ատյանով, 2-րդով, սահմանադրական փոփոխություններից հետո եւս մեկ ատյան է ավելանալու՝ ՍԴ-ն… Ես «Ա1+»-ի հաղորդումները երբեմն եմ նայում, կապված բնակավայրի հետ։ Լուրջ հաղորդումներ են։ Մեր աշխատանքն է. այնտեղ, որտեղ կլինի իրավունքի խախտում եւ այնտեղ, որտեղ այդ խախտված իրավունքը պաշտպանելու տեղ կա, կտեսնեք մեզ։ Տիգրան Ջանոյան. Փաստաբանների միջազգային միության նախագահ- Միանշանակ մենք կանգնած ենք «Ա1+»-ի պաշտպանության դիրքերում՝ որպես առաջավոր հեռուստաընկերության։ Մենք շատ հարգում եւ ընդունում ենք այդ հեռուստաընկերությանը եւ ցավալի է վերջին ինֆորմացիան՝ բավական լուրջ խնդիրների առումով։ Տիգրան Տեր-Եսայան. Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ- Շատ ցավալի է։ Ընդհանրապես, այդ մրցույթ հասկացությունը պիտի բացվի։ Եվ ոչ բոլորը հավակնորդ հանդես գան։ Հայտ ներկայացնելու համար ունենան այդ իրավունքները։ Խնդիրն այստեղ ոչ թե փողի զոռբայությունն է, այլ հեռուստատեսության անցած ուղին՝ իր մասնագետներով եւ տարիների իր իմիջով։ Այն լուրերը, որ տարածվում են, թե ամսի 26-ին ինչ-որ մրցույթի հիման վրա հեռուստաընկերությունը հնարավորություն չի ունենա եթեր դուրս գալու, ես շատ եմ ցավում։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի նմանօրինակ «միջոցառումները» իրականություն չդառնան։ Ինձ թվում է, որ սա քաղաքական խնդիր է։ Ռուսաստանում էլ հեռուստաընկերությունների հետ նման խնդիրներ ծագեցին եւ ոնց որ «ռեկաշետով» եկավ Հայաստան։ «Ա1+»-ի նկատմամբ կատարվածը գնահատում եմ բացասական։ Մենք տեսել ենք, որ ճգնաժամային իրավիճակները հեռուստաընկերության կոլեկտիվը ինչպես է լուսաբանել։ Հնարավոր է մրցույթի որոշ դրույթներ չապահովվեր «Ա1+»-ը, բայց նորից եմ պնդում, հաշվի պիտի առնվի նրա անցած ուղին։ Փառք ու պատվով եթե տնօրինել է այս հեռուստաընկերությունը, ուրիշ ինչ խնդիր պիտի առաջանար։ Եթե լինի անհրաժեշտություն, մեր միությունը որպես կազմակերպություն, կարող է իր լիարժեք աջակցությունը ցույց տալ։ Միայնակ թողնել հեռուստաընկերությանը նման առճակատման մեջ, նման շուկայական հարաբերությունների առճակատման մեջ, սխալ կլինի։ Բոլորը պետք է արձագանքեն։ Լեւոն Պարդագճյան. «Ավետիս» անկախ հեռուստաընկերության տնօրեն, քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ- Մեր հեռուստաընկերության համար էլ, ինչպես գիտեք, դարձյալ հայտ է ներկայացված։ Գիտեմ, որ նմանություն ունենք, որ անկախ ենք եւ դիմել ենք հանձնաժողովին՝ ներկայացված կարգով։ Որ, մեր համոզմամբ, Հայաստանի համար լավ ծրագիր ներկայացնենք։ Սպասում ենք արդար ձեւով, շիտակ որոշվի… Անկեղծ ասած, մանրամասնությամբ չեմ իմանում «Ա1+»-ի հետ կապված նախադեպը կոնկրետ ինչումն է։ Մանրամասնությունները չգիտեմ։ Գիտեմ, որ հանձնաժողովը հաշվի է առնում նաեւ տարիների փորձառությունը, ծրագրերի ուղղվածությունը, մոտեցումները, հզորությունը, նաեւ թե քանի տարի է գործում… Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել