Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Ապրիլ 02,2002 00:00

ՄԵԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ 2003-ին տոնվելու է Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյանը։ Ինչպե՞ս ենք պատրաստվում այդ հոբելյանին։ սԱյս հարցի պատասխանն ակնկալում էինք «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ ՀՖՆ-ի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանի հետ զրույցից։ – ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այլ հիշարժան հոբելյանների հետ, 2003 թվականը հայտարարել է Արամ Խաչատրյանի տարի՝ աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակի առթիվ։ Սա մեծ պատիվ է ու տոն համայն հայության համար եւ պետք է ճիշտ օգտագործել եզակի այս հնարավորությունը՝ դիմելով արտերկրում «մշակութային ագրեսիայի», այսինքն բարձրակարգ կատարումներով ներկայանալ համաշխարհային հանրությանը։ Մեծ սիմֆոնիստի հոբելյանական տարվա համերգների զգալի մասը, բնականաբար, ընկնում է ՀՖՆ-ի վրա։ Հենց Երեւանից սկսվեց իմ եւ սկանդինավյան երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի նպատակային ուղեւորությունը։ Հանդիպում ունեցա նաեւ Չինաստանում ՀՀ-ի դեսպան Վասիլի Ղազարյանի հետ։ Վերջիններիս միջնորդությամբ կայացան արդյունավետ հանդիպումներ մշակութային եւ արտաքին գործերի կազմակերպությունների ղեկավարների հետ։ Ասեմ, որ սա նոր աշխատաոճ է, աննախադեպ ակցիա՝ Հայաստանի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների հետ։ Օրերս Չինաստանում ՀՀ-ի դեսպանը հեռախոսով հայտնեց, որ տեղի մշակույթի նախարարությունում իր հանդիպումները տվել են ցանկալի արդյունք՝ ծրագիրը հավանության է արժանացել։ Մայիսին սպասում ենք Ֆինլանդիայում համերգների կազմակերպիչների այցին՝ Երեւան։ Այսօր արդեն կան ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Ավստրալիայում եւ եվրոպական մի շարք երկրներում ՀՖՆ-ի հյուրախաղերի անցկացման առաջարկներ։ Կարծում եմ, խաչատրյանական տոնակատարությունները, այսպիսի մեծ մասշտաբներով, պետք է ղեկավարի պետական հանձնաժողովը, ավելին՝ գլխավորի հանրապետության նախագահը, տեղակալը՝ մշակույթի նախարարը։ Մինչ այսօր, տոնակատարությունների հետ կապված յուրաքանչյուր քայլ համաձայնեցվել է եւ գալիք ծրագրերը նույնպես կհամաձայնեցվեն մշակույթի նախարարի հետ։ Այս տարի մեզ համար նախապատրաստական շրջան է, իսկ 2003 թվականից ՀՖՆ-ն կիրագործի հյուրախաղերի լայնածավալ ծրագիր։ Նախատեսել ենք համերգներ 2002-2003 համերգաշրջանում՝ Սեւան, Գավառ, Վանաձոր, Գյումրի, Կապան, Ղարաբաղ։ Ամբողջ 2003 թվականը անցկացնելով խաչատրյանական փառահեղ երաժշտության հնչյուններով, կհնչեն մեր մյուս մեծերի՝ Էդ. Միրզոյանի, Ալ. Հարությունյանի, Ղ. Սարյանի, Էդ. Հովհաննիսյանի, Ա. Տերտերյանի, անկասկած՝ Տ. Մանսուրյանի, Էդ. Հայրապետյանի, Ս. Զաքարյանի, Լ. Չաուշյանի եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները եւս։ 2003-ի մայիս-հունիս ամիսներին Երեւանում կանցկացվի Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոն, որին կմասնակցեն նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ։ Ի դեպ, Ստոկհոլմում հանդիպում ունեցա մաեստրո Եվգենի Սվետլանովի հետ։ Վերջինս հագեցած ինֆորմացիա ուներ ՀՖՆ-ի՝ 2001 թ. Մոսկվայում կայացած փայլուն ելույթից եւ հուրախություն մեզ եւ մեր ունկնդիրների, աշխարհահռչակ դիրիժորը ցանկություն հայտնեց աշնանը ղեկավարել ՀՖՆ-ն՝ Երեւանում։ Խոստովանեմ. այս նախապատրաստական եւ 2003-ի հոբելյանական տարիները մեզ համար, ՀՖՆ-ի համար կլինեն ծանրաբեռնված աշխատանքային տարիներ։ Հանդիպեցինք նաեւ ՀՖՆ-ի գլխավոր հովանավոր՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին։ – 2003 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Արամ Խաչատրյանի տարի։ Սա այն դեպքն է, որ առանց հզոր հովանավորության ոչինչ չի ստացվի։ Ընդունելով կատարողական արվեստի կարեւորությունը Հայաստանում՝ 1992 թվականից ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է 115 հոգանոց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ 62 հոգանոց երգչախումբը։ Տարեկան դրամաշնորհներ են հատկացվում ամենշաբաթյա համերգների, հյուրախաղերի, դահլիճի վերանորոգման, նոր երաժշտական գործիքների, ճանապարհածախսի, Հայաստանում հյուրախաղերով հանդես եկող օտարերկրյա արվեստագետների եւ հատուկ տոնակատարությունների համար։ Այսօր միության նախագահը Պերճ Սեդրակյանն է, իսկ հայազգի մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը՝ կենտրոնական վարչական ժողովի նախագահն է։ Իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը եւ վերաբերմունքը առավել քան պարտավորեցնող է։ Սա այն դեպքն է, երբ անհնարինը պետք է արվի՝ պատվով դուրս գալու համար։ Մենք ակնկալում ենք նաեւ գործարար աշխարհի եւ մեծահարուստների մասնակցությունը։ Մեր մշակույթի պահպանումը, տարածումը, պրոպագանդումը մեր ու մեր երկրի գործն է։ Հովանավորությունը պետք է խրախուսվի։ Վերջինիս համար հարկավոր է ստեղծել օրինական դաշտ, եթե անհրաժեշտություն կա՝ վերանայել օրենքները։ Երբ հովանավորը գումար է ներդնում, դա պետք է ծախս համարվի կամ այլ ձեւով թեթեւացվի հարկային բեռը։ Ի վերջո պետության բեռն էլ՝ սոցիալական, մշակութային ոլորտներին տրամադրվող ծախսերի, կթեթեւանա։ Սա կբերի բարեգործության խրախուսմանը։ Հինավուրց, բարձրարժեք ու բարձրարվեստ մեր մշակույթին հարկավոր է բարձր հովանավորություն։ ՀԲԸՄ-ն, իհարկե, իր ակտիվ մասնակցությունը կունենա 2003 թվականի խաչատրյանական բոլոր միջոցառումներին, որի աշխատանքները պետք է սկսել հենց այսօրվանից, ավելի ճիշտ՝ պետք է սկսված լիներ արդեն։ Չնայած այս ամենին, առայսօր մեր երկրի ղեկավարությունը լռում է, ասել է թե՝ վերջիններիս կողմից պետական հանձնաժողով ստեղծելու որոշում անգամ չկա, որը հասկանալի պատճառներով հնարավորություն կտար ռացիոնալ տնօրինել թե աշխատանքները եւ թե ժամանակը։ Ա. Խաչատրյանի 100-ամյակի հոբելյանական տարին պատվով անցկացնելը մեր ու մեր պետության արժանապատվության խնդիրն է։ Ի վերջո, կարելի է էլ ավելի ընդլայնել միջոցառումների շրջանակները, քանի որ Ա. Խաչատրյանը ապրել եւ ստեղծագործել է Մոսկվայում եւ աշխարհը նրան ճանաչում է նաեւ որպես սովետական կոմպոզիտոր… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Իսկ ի՞նչ է մտածում մեր օպերայի եւ բալետի թատրոնը։ Չէ՞ որ Խաչատրյանին աշխարհում ճանաչում են առաջին հերթին նրա «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես» բալետներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել