Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՄ-ում թեժ գարուն է

Ապրիլ 24,2002 00:00

ԱՎՄ-ում թեժ գարուն է «Ազատամարտի վետերանների միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համագումարը թվում էր, թե վերջ կտար ներկազմակերպական լարվածությանը, սակայն այդպես չեղավ։ Ինչպես մերօրյա շատուշատ կուսակցությունների դեպքում դա եղավ, այստեղ էլ «ծրագրային անհամաձայնությունը» սկսվեց նախագա՞հ-համանախագա՞հ ինստիտուտի հետ կապված եւ ավարտվեց… դատարանում՝ էքս-համանախագահից կուսակցության կնիքը պահանջելով։ Ի՞նչ է, այնուամենայնիվ, կատարվում ԱՎՄ-ում, ինչո՞ւ են ԱՎՄ նախագահին մեղադրում 4 մլն 500 հազար դրամի յուրացման մեջ, երբ այդ յուրացումը չհաստատեց անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը։ Մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք ԱՎՄ նախագահ Համլետ Հովսեփյանին։ «Համագումարից հետո նրանք (նկատի ունի իրենցից բաժանված «թեւը»՝ Արմեն Մազմանյանի գլխավորությամբ) հանձնեցին ԱՎՄ գրասենյակը, սակայն կնիքը պահել էին իրենց մոտ»,- երեկ մեզ հայտնեց Հ. Հովսեփյանը։ Իրենք ստիպված դիմեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան (դատավոր՝ Ռ. Ներսիսյան), որով պարտավորեցրեց Վարդան Գեւորգյանին (պատասխանող) ԱՎՄ-ի կնիքը հանձնելու ԱՎՄ նախագահին (այս տարվա ապրիլի 5-ին)։ Մինչեւ երեկ կնիքը հանձնված չէր։ Եվ մեր տեղեկություններով, առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել… պատասխանողները։ ԱՎՄ նախագահը տեղեկացրեց, որ գումարների յուրացման հետ կապված մեղադրանքների կապակցությամբ («զրպարտանքների համար»՝ այդպես որակեց նա) դիմել է գլխավոր դատախազ Ա. Թամազյանին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու հեղինակներին։ Քրեական գործ հարուցելը մերժվել է, նկատի ունենալով, որ ԱՎՄ նախկին անդամներ Սամվել Հարությունյանն ու Վարդան Գեւորգյանը հրաժարվել են իրենց հայտարարությունից։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Դ. Դավթյանի որոշման մեջ էլ նշվել է, որ «ՊՆ-ի կողմից 2001թ. մարտի 22-ի թիվ 007 եւ 2001թ. ապրիլի 13-ի թիվ 021 վճարման հանձնարարագրերի համաձայն, «Ազատամարտի վետերանների միություն» հ/ք կազմակերպության բանկային հաշվին փոխանցվել է 4 մլն 500 հազար դրամ՝ կազմակերպության անհրաժեշտության վճարումները կատարելու եւ աշխատանքները կազմակերպելու համար, որոնց կատարումը հավաստվում է համապատասխան հաշվապահական փաստաթղթերով»։ Իհարկե, բավարարված չէ Համլետ Հովսեփյանը, որը գտնում է, որ զրպարտության համար պետք է պատասխանատվություն կրեն դրանց հեղինակները։ Ի դեպ, այդ են պահանջում ԱՎՄ-ականները, մասնավորապես, 39 մասնաճյուղերի նախագահները, ԱՎՄ վարչության 9 անդամներն ու հանրապետական խորհրդի անդամները (իմ տրամադրության տակ է նրանց ստորագրություններով վավերացված հայտարարությունը)։ «Վիճակը թեեւ տհաճ է, բայց բազմախոսուն։ «Կուսակցության պառակտում» ֆրազաբանությամբ քողարկվելով, թվով 7-8 մարդ, ցանկանում են կեղտոտել մոտ 21 հազարանոց կազմակերպության բարի անունը։ ԱՎՄ-ն պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ քննարկելու մեր ժողովրդի շահերին ի նպաստ ցանկացած հարց, իսկ խաչագողերի հետ մենք հարցեր չունենք քննարկելու, քանզի նրանց հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- գտնում են նրանք։ Հ. Հովսեփյանը նորից է պնդում, որ ԱՎՄ-ն բաց կառույց է եւ որ բաց են նաեւ ֆինանսական փաստաթղթերը։ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունն էլ (որը ֆինանսական վերահսկողությունն է իրականացնում), որը զեկուցել էր նաեւ համագումարին, մի անգամ եւս տրամադրվեց «Առավոտին»։ «Այդ մարդիկ կուսակցություն են եկել ոչ թե գաղափարական, երկրի, պետության շահի համար, այլ եկել էին ինչ-որ… անձնական շահի համար»,- շարունակեց ԱՎՄ նախագահը։ ԱՎՄ-ում թեժ գարուն է, իսկ ե՞րբ կավարտվի՝ հայտնի չէ։ Ինչպես հայտնի չէ, թե ե՞րբ կհանձնվի կնիքը եւ վերջ կդրվի այս ճղճիմ-խայտառակ պատմությանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել