Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շրջաններն ուշադրությունից դուրս են

Հունիս 28,2002 00:00

Շրջաններն ուշադրությունից դուրս են Գեղանկարիչ Փափագ Ալոյանը իր նկարների տակ ստորագրում է Ալփա։ Դա եւ իր անուն-ազգանվան սկզբնատառերն են, եւ իր ընտանիքի անդամների անունների։ «Անունս դրել են հորս ընկերները. քույրեր ունեի, ծնողներս տղա են փափագել, հենց ծնվել եմ, անունս պատրաստ եղել է»։ Ալփա նկարչի արվեստանոցում այժմ կրակ գույներ են, իր հուր մազերի պես։ Երիտասարդ օրերին կապույտն է սիրել, այժմ՝ տաք գույները. «Ես շատ վառված եմ, մոխրի նման, այլեւս ինձ վառել հնարավոր չէ»։ Բնանկարներ ունի, որոնք խռով հոգեվիճակ են արտահայտում. տաք աշնան հրաբորբ, իններորդ ալիքներ, սերը պատկերող մեծ, սպիտակ վարդ։ Ալփան բանաստեղծությունների մի փոքրիկ գիրք էլ ունի։ «Անթեղ» վերնագրված ու նվիրված իր վաղամեռիկ կնոջ հիշատակին։ «Բանաստեղծություններ գրել եմ պատանեկությունից։ Ընկերներս առաջարկեցին, թե՝ տպենք, եթե գրվել են, արդեն կան։ Ես բանաստեղծության աշխարհում հավակնոտ չեմ, գեղանկարիչ եմ»։ Ինչպես գեղանկարներում, բանաստեղծություններում էլ վրձնվել է բնապատկերներ, հույզեր, թախիծ։ Յոթ ամիս է, ինչ Փափագ Ալոյանը Վանաձորի պատկերասրահի տնօրենն է։ Ինքը կարող է չէր ուզում գնալ վարչական աշխատանքի, կարող է՝ ինքը ազատության մեջ նկարել էր ուզում, բայց Վանաձորի քաղաքագլուխը համոզել է. «Քաղաքագլուխն ինձ ասաց՝ փոխանակ դուք ինձ ստիպեք աշխատել, ես եմ Ձեզ խնդրում։ Ասաց՝ տնօրեն եղիր, միասին կարգի գցենք այս օջախը»։ Վանաձորի կերպարվեստի թանգարանը, ստեղծված 28 տարի առաջ, սովետական շնչի մեծ կառույց է, երբեք չվերանորոգված, ջրի խողովակները պայթած, 88-ից այս կողմ անջեռուցում, խոնավ։ Իսկ ներսում՝ լիքը լավ նկարներ։ Բա որ ամբողջակա՜նը լիներ։ Բանն այն է, որ երկրաշարժից հետո, ապահովության երաշխիք չունենալով, 150 լավագույն աշխատանքներ, ասենք Սարյան, Բաժբեուկ, Յարալյան, Քոչար եւ այլն, ի պահ են տրվել Երեւանի պատկերասրահին։ Այժմ բավական բարձր մակարդակով բանակցություններ են գնում, կարելի է ասել՝ նաեւ պայքար, որպեսզի քաղաքին պատկանող գանձերը գան, իրենց տեղերում կախվեն։ Մեծ, հիմնավոր վերանորոգում է իրականացվելու պատկերասրահում. «Նախահաշիվը կազմված է, ներկայացված քաղաքապետարանին, քաղաքապետարանը ավագանիով հաստատված գումար է տրամադրել, շուտով կտրվի այդ գումարը»։ Հենց որ ձմեռն անցել է եւ պատկերասրահի ներսում ջուրը դադարել է սառչել, սկսվել են ցուցահանդեսները։ Ցուցադրվել են Գյումրիի ակադեմիայի բարձր կուրսեցիների աշխատանքները, գեղանկարիչ Սամվել Խառատյանի անհատական ցուցահանդեսն է բացվել։ Այս օրերին ցուցադրվում են վանաձորցի նկարիչների գործերը՝ նվիրված պատկերասրահի նախկին տնօրեն, հանրապետության վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբաչյանի հիշատակին։ Փափագ Ալոյանը, իհարկե՝ ոչ մենակ, ուզում է պատկերասրահը դարձնել բարեկարգ ու հարուստ։ Ասում է. «Ես ցավում եմ, որ ամեն ինչը կենտրոնացնում են մայրաքաղաքում։ Առաջ այդ մեղքը բարդում էին կոմունիստների վրա։ Այժմ շրջաններին ո՞վ է ուշադրություն դարձնում։ Այստեղ էլ են մարդիկ ապրում, սերունդ է մեծանում, մայրաքաղաքը սնող գետերն ու գետակները շրջաններն են»։ Եվ ավելացրեց. «Մեծ ձուկ լինելու համար մեծ ջուր է պետք»։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել