Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԲԱՂՎԵՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱ՛ՄԲ»

Հուլիս 27,2002 00:00

«ԶԲԱՂՎԵՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱ՛ՄԲ» Գործարարներին մի հանդիպման ժամանակ առաջարկել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խորհուրդ տալով ձեռնպահ մնալ գործարարների կուսակցություն ձեւավորելուց։ Այնուամենայնիվ, ԱԺ պատգամավոր, «ԱրսՕյլ» ընկերության նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է հիմնադրել Միավորված աշխատանքային կուսակցությունը։ -Ինչո՞ւ որոշեցիք հիմնադրել Ձեր սեփական կուսակցությունը։ – Ճշտեմ՝ սեփական կուսակցություն չի լինում։ Կուսակցությունները, որոնք առկա են Հայաստանի քաղաքական դաշտում, իրականացնում են գործընթաց, որի հետեւանքը հասարակության քաղաքական կայացումն է։ Բնականաբար, կա որոշակի թելադրանք ու նաեւ ժամանակի հրամայական։ Մասնավոր սեփականության ջատագովները ստիպված են համախմբվել մի բեւեռի շուրջ, որը կհռչակի ի՛ր քաղաքականությունը։ Խոսքը վերաբերում է մի կուսակցության, որը պիտի ձեւավորվի ազատական գաղափարախոսության հիման վրա։ Մենք պետք է կարողանանք նորից բացատրել հասարակությանը, որ ազատական արժեքներն այլընտրանք չունեն։ Այսօր այդ դաշտում վակուում է, ձեւավորված աջ գաղափարախոսության պակաս կա։ Բացի այդ՝ Հայաստանի քաղաքական ներկապնակում այսօր առկա կուսակցական կառույցներն, իմ կարծիքով, ունեն մի թերություն՝ նրանք բոլորն էլ, չգիտես ինչու, գործում են մի կարծրատիպով, որի անունը պայմանականորեն «Կոմունիստական կուսակցության մանրակերտ» է։ Ոչ մի կուսակցության խնդիրների եւ նպատակների իրականացման, կուսակցական շինարարության մեթոդոլոգիան չի տարբերվում ՍՍՀՄ տարածքում գործող Կոմկուսից։ – Ձեր կուսակցության պարագայում տարբերվելո՞ւ է։ – Իհա՛րկե։ Մենք Հայաստանի Հանրապետության իրական հատվածի՝ տնտեսության եւ քաղաքականության ներկայացուցիչներն ենք, որոնք ամեն օր հանդիպում են ոչ մտացածին, իրական դժվարությունների եւ հաղթահարում դրանք։ Մենք մարդկանց մի խումբ ենք, որն այսօր Հայաստանի տնտեսական կյանքի բարեփոխումների անմիջական մասնակիցն է։ Եվ մեր ամենօրյա գործունեությունը հիմնված է այն բարեփոխումների վրա, որոնց մասին լսում ենք ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ։ Տնտեսական հենքը պետք է արտացոլվի քաղաքական վերնաշենքում։ Իսկ Հայաստանի քաղաքական ներկապնակը որոշ չափով չի համապատասխանում այդ կարեւորագույն սկզբունքին։ – Կան այլ կազմակերպություններ, որոնց անդամակցում են տնտեսության մեջ ներգրավված անձինք։ Ասենք, Արդյունաբերողների եւ գործարարների միությունը։ – Քաղաքական կուսակցության անուն տվեք։ – Այժմ կարծես նման կառույց չկա։ – Չկա։ Ինքներդ փաստեցիք, որ քաղաքականության մեջ բաց է այդ հատվածը։ Իհարկե, կան կուսակցություններ, որոնք հռչակում են, թե իրենք պաշտպանում են մանր ու միջին գործարարների շահերը։ Սակայն տնտեսական դաշտի կազմակերպված ներկայություն չկա խորհրդարանում, եւ քաղաքական գործընթացների մասին նրանք կարող են ընդամենը կարծիք հայտնել, բայց չեն կարող ակտիվորեն ներազդել։ Բացի այդ՝ որոշակի տնտեսվարողի շահեր կարող են զոհաբերվել մեկ այլ տնտեսվարողի չդիպչելու գնով։ Դա ինձ բերեց այն համոզմունքին, որ տնտեսության ողջ հատվածը մի գաղափարախոսությամբ պետք է փորձի ներկայանալ, որ հարցադրումները չդիտարկվեն կորպորատիվ լույսի ներքո։ – Գործարարներն անհատապես մաս են կազմում խորհրդարանին։ – Խնդիրն էլ հենց այդ է. ԱԺ-ն դարձել է թիրախ նաեւ այն պատճառով, որ այստեղ անհատապես են ներկայացված Հայաստանի իրական հատվածի ներկայացուցիչները։ Սա մատուցվում է որպես սեփական բիզնեսին «տանիք» կանգնելու գործընթաց։ Եվ ԱԺ-ում ներկայացված լինելու՝ տնտեսվարողների ցանկությունը երբե՛ք չի պակասի, եթե կազմակերպված կառույցով չգնան խորհրդարան։ – Նույնիսկ անհատապես ներկայացված լինելով կամ միավորվելով խմբերում՝ մեր գործարարներն ԱԺ-ում եւ քաղաքականության մեջ իրենց պահվածքով միայն ապացուցում են, որ մեծապես ենթակա են քաղմասից մինչեւ հարկային մարմիններ՝ իշխանության տարբեր օղակների ներազդեցությանը։ Դուք ակնկալում եք, որ եթե նրանք իբրեւ կուսակցություն ներկայացված լինեն՝ ինչ-որ բա՞ն է փոխվելու այս պահվածքում։ – Միանշանակ համաձայն եմ պահվածքի բնորոշման առումով։ Սակայն այս ամենի մասին դատեք պատճառահետեւանքային կապի լույսի ներքո։ Եթե տնտեսության ներկայացուցիչներն ունենային քաղաքական ներկայություն, ստիպված չէին լինի ձգտել դեպի ԱԺ պատգամավորի մանդատը, որպեսզի զերծ լինեն իրավապահ եւ ուժային կառույցների անհարկի միջամտություններից։ Քաղաքական կառույցի, նաեւ՝ ԱԺ-ում մեր կուսակցության խմբակցության առկայությունն արդեն կբերի նրան, որ տվյալ շերտը ներկայացնող մարդիկ հանդես կգան որպես մի բեւեռում ձեւավորված ուժի ներկայացուցիչներ։ – Այնուամենայնիվ, կարելի՞ է ասել, թե քաղաքական դաշտում ՄԱԿ-ի տեղը կանխորոշված է, եւ այն չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն՝ ինչպիսին ընդդիմություն լինելն է, եւ հարկադրված է լինելու միշտ գտնվել իշխանության կողքին։ – Բնականաբար, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարեն, թե չեն շեղվելու հռչակված բարեփոխումների քաղաքականությունից՝ քաղաքական այս աշխարհայացքը կրողները չպետք է լինեն ընդդիմություն իշխանությունների նկատմամբ։ Եվ, իհարկե, եթե իշխանությունները հանկարծ հռչակեն սեփականաշնորհման արդյունքների մեխանիկական վերանայում, ազգայնացում կամ կոմունիստական գաղափարախոսության վերադարձ՝ բնականաբար, այս ուժը կդառնա երեւի ամենաակտիվ եւ գործուն ընդդիմությունը։ – Վտանգ տեսնո՞ւմ եք, թե հնարավոր է կոմունիստական գաղափարախոսության վերադարձ։ – Միշտ այդ վտանգը կա, թե մեր քաղաքացիները կարող են հավատալ նմանատիպ ուտոպիայի իրականացմանը։ – Գործնականում որքա՞ն է նման ելքի հնարավորությունը։ – 10 տոկոս, որ քիչ չէ։ – Բայց այդքան շատ էլ չէ, որ անհրաժեշտություն լիներ այդ վտանգին հակակշռելու համար դառնալ քաղաքական գործոն։ – Այսօր է 10%։ Ես պրագմատիկ եմ։ Չէ՞ որ, կարող է հանկարծ գալ մի պահ, երբ այդ տոկոսը կհասնի 90-ի։ Այդ դեպքում՝ հենց կառույցի առկայությունն է, որ հասարակության մի շերտի թույլ կտա քաղաքական եղանակով ասել. «Կներեք, մենք նմանատիպ զարգացմանը համաձայն չենք»։ – Երբ կտրուկ ավելացվեց համամասնական տեղերի քանակը՝ հենց Դուք էիք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, թե Սահմանադրության համաձայն՝ ունեք ընտրվելու իրավունք, բայց չեք ուզում մաս կազմել որեւէ կուսակցության։ 10%-ի աճելու հավանականությո՞ւնը ստիպեց Ձեզ հենց այժմ ստեղծել գործարարների այս կուսակցությունը։ – «Գործարարների կուսակցություն» արտահայտությունն իրականում չի արտացոլում այս քաղաքական կառույցի էությունը։ Չկա գործարար, որը կտրված լինի իր աշխատակիցներից։ Մենք միշտ համագործակցության մեջ ենք, որ արտահայտվում է տարբեր ձեւերով։ Մեր առաջարկած ծրագիրը ձեռնարկատերերի եւ աշխատավորների ընդհանուր շահերի ֆորմատի ֆիքսում է։ Խնդիրը հենց այդ է. իրենց ինչ-ինչ հատկանիշների շնորհիվ կազմակերպչական աշխատանքով զբաղված մարդիկ (ցանկացած գործարար կազմակերպիչ է) չեն ցանկանում խուսափել պատասխանատվությունից ժողովրդի հիմնական հատվածի՝ աշխատավորների հանդեպ։ Քանի որ, իսկապես, երկրում լուծելու բազմաթիվ խնդիրներ կան եւ ոչ ճիշտ կլինի, եթե այդ լուծման ընթացքում մարդիկ, որոնց բարեկեցության աստիճանը շատ ավելի բարձր է, իրենց ծառայությունը չառաջարկեն նաեւ երկրին։ – Գուցե նման մի կուսակցություն ստեղծելու պատճառն այն է, որ քաղաքականության մեջ գործոն դառնալու գաղափարը գործարարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր նախագահ Քոչարյա՞նը։ Այս մասին հրապարակում է եղել մամուլում։ – Այն չի համապատասխանում իրականությանը։ Եղածը 180 աստիճանով շուռ է տրվել։ Այդ հանդիպմանը ես ներկա եմ եղել։ Գործարարներից մեկն առաջարկեց հանրապետության նախագահին… – Սեդրակ Սեդրակյա՞նը, կարծես նրան էլ էին վերագրում գործարարների կուսակցություն ստեղծելու մտադրություն։ – Անունը չտանք։ Գործարարներից մեկն առաջարկեց, եւ նախագահն էլ ասաց, թե գտնում է, որ դա ճիշտ մոտեցում չէ հարցին. «Դուք զբաղվեք տնտեսությամբ»։ – Վերջում փորձենք պարզել տեխնիկական հարցերը։ Ե՞րբ կանցկացվի ՄԱԿ-ի հիմնադիր համագումարը։ Ի՞նչ հայտնի գործարարներ են անդամակցելու այս կուսակցությանը։ – Այժմ շատ լրջորեն մշակում ենք մեր ծրագիրը, հայեցակարգը։ Համեմատականներ ենք անցկացնում ռուսական դաշտում գործող աջակողմյան կառույցների, նման գաղափարախոսություն կրող կանադական կազմակերպությունների ծրագրային հիմնադրույթների հետ։ Փորձում ենք հաշվի առնել նաեւ մեր ազգային եւ տեղական առանձնահատկությունները։ Ծրագրային քաղաքականությունը մշակելուց հետո, իմ կարծիքով՝ սեպտեմբերին, մենք մեր ծրագիրը կներկայացնենք գրանցման։ Ինչ վերաբերում է հայտնի գործարարներին. իմ մեծագույն ցանկությունը կլինի, որ հարյուրավոր անհա՛յտ դեմքեր մաս կազմեն ՄԱԿ-ին։ Քանի որ ցանկացած հայտնի դեմք այսօր գործում է իր ձեւավորված շահերի շրջանակում։ Ես ուզում եմ, որ ի հայտ գան անհայտ դեմքեր, որոնք կլինեն այս գաղափարախոսության կրողը։ Հայտնի դեմքերի նկատմամբ միշտ կասկած կա, թե նա դարձավ այս գաղափարախոսության կրողը, քանի որ այդպես էր պետք։ Այսուհանդերձ, ՄԱԿ-ում կլինեն սեփականատիրական դաշտում գործող ղեկավարներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Մենք այժմ չենք ցանկանում խոսել առաջնային մանդատ ունեցող որեւէ կառույցի ձեւավորմանը մասնակցելու մասին։ Մեր խնդիրը հասարակության մեջ այդ բեւեռը ձեւավորելն է։ – Այսինքն. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հստակ նպատակ չունե՞ք։ – Ո՛չ։ Այդ ընտրությունները 2003-ի մայիսին են։ Հասարակությունը դեռ պետք է իր գնահատականը տա մեր առաջարկած մոտեցումներին։ Եթե արձագանքը համարժեք լինի, նոր պարզ կլինի՝ մասնակցե՞լ որեւէ գործընթացի, թե՞ ոչ։ – Ձեզ համար ակնհա՞յտ չէ, թե ինչ է լինելու հասարակության արձագանքը ՄԱԿ-ին՝ «էլի մի նոր կուսակցություն, չգիտես որ հարյուրերորդը»։ – Առաջին ստանդարտ այդ արձագանքն ինձ համար կանխատեսելի է եւ ընկալելի։ Դրան մենք պատրաստ ենք։ Բայց համապատասխան աշխատանքներից հետո, երբ հասարակությանը ցույց կտանք, որ մեխանիկական ձեւով հավաքված կուսակցություն չենք, այլ համախոհների եւ աշխարհայացք կրողների կառույց, կկարողանանք ապացուցել, որ սեփականատիրական, ազատական արժեքները լավ բաներ են եւ դրանց վրա պիտի կառուցվի մեր երկրի ապագան։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել