Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում օրենք չի գործում

Օգոստոս 13,2002 00:00

Գյումրիում օրենք չի գործում Սեդրակ Գասպարյանը մեղադրյալ է եւ գտնվում է «Գյումրի» քրեակատարողական հիմնարկում: Հունիսի 17-ից հետո նա երեք նամակ է գրել ՀՀ փաստաբանների միջազգային միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Աշոտ Աթոյանին, որպեսզի վերջինս պաշտպանի իր շահերը, այցելի քրեակատարողական հիմնարկ իրեն տեսակցելու: Վերջին նամակը մեղադրյալ Ս. Գասպարյանը գրել է օգոստոսի 8-ին: Փաստաբան Ա. Աթոյանի՝ պաշտպանյալին տեսակցելու բոլոր ջանքերն անարդյունք էին: Մի քանի անգամ դիմել է Շիրակի մարզի ՆԳ քննչական բաժնի քննիչ Տիգրան Ղարիբյանին իր պաշտպանյալին տեսակցելու թույլտվություն ստանալու համար: Դիմումում փաստաբանը նշել է նաեւ, որ «ոտնահարվում են իր եւ իր մեղադրյալի իրավունքները»: Փաստաբանների միջազգային միության անդամներից ոչ ոք վերջին երկու տարվա ընթացքում նման իրավիճակում չէր հայտնվել: «Քրեական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում, որ եթե ազատազրկված անձը ինձ դիմում է գրում մեկուսարանից, ես պիտի քննիչից թույլտվություն վերցնեմ: Քրեական դատավարության 141 հոդվածով որեւէ մեկը իրավունք չունի ինձ արգելելու իմ պաշտպանյալի հետ տեսակցությունը: Քրեակատարողական հիմնարկի պետին ասում եմ. «Պարոն Մկրտչյան, դուք իրավունք չունեք արգելելու»: Պատասխանում է. «Ես ինչ անեմ, թող քննիչը թույլ տա, կթողնեմ»: «Մեղադրյալը պաշտպան չպետք է ունենա»,- այսպես որոշել է Գյումրիի ՆԳ բաժնի պետը, եւ վերջ: Այս մասին Ա.Աթոյանը երկու անգամ գրավոր տեղյակ է պահել Արդարադատության, ՆԳ նախարարներին` Հայաստան երկրի օրինականության պահպանման երաշխավորներին: Բայց ոչ ոք ոչինչ չի կարող անել, որովհետեւ ինչպես նշել են իմ «հերոսները», որոնց անունները պարզապես վախենում եմ տալ, վարչության պետը հպարտանում էր, որ Գլխավոր դատախազը եւ Ազգային անվտանգության նախարարն իր համակուրսեցիներն են, եւ «իր դեմ խաղ չկա»: Այսպիսին է օրենքի մեկնաբանությունը` «իմ դեմ խաղ չկա»: Ամիսներ առաջ Առաջին ատյանի մի դատավորի հետ զրույցում համոզված պնդում էի, թե այսպիսի վճիռներով Եվրոդատարանում անհնար է, որ «չպատժվեք»: Չարենց սիրող եւ մեկ-մեկ նրանից մեջբերումներ անող դատավորը (նրա անունը չեմ նշում միայն մի պատճառով` խոստացել եմ չհրապարակել) ծոր տալով ասաց. «Ինչ Եվրոխորհուրդ, մարդու իրավունքների ինչ կոնվենցիա, ինչ Եվրոդատարան: Այս ամենը միֆ է, ֆիկցիա, ուղեղային մորմոք»: Իսկապես, առնվազն այլմոլորակային պետք է լինել այս ամենի արանքում մարդու իրավունքների մասին խոսելու համար: Այսօր այս հրապարակմանը ծանոթանալուց հետո Գյումրիի ՆԳ բաժնից թուղթ կուղարկեն այս նույն Սեդրակ Գասպարյանի ստորագրությամբ, որ իբրեւ նա հրաժարվել է պաշտպան ունենալուց: Եթե պետք լինի, այդպես էլ կանեն: Եթե Երեւանից որեւէ զանգ եղավ, այդպես էլ կլինի: Սա մշակված կանոնակարգ է: Սա «Իմ դեմ խաղ չկայի» մի մասնիկն է, այսպես «օրինականացնում» են անօրինականությունները: Սա Եվրոխորհրդի պահանջներից է` անօրինականությունները պետք է տեղավորել «օրինականության» շրջանակներում: «Ես չգիտեմ՝ ինչ հանցագործություն է կատարել իմ պաշտպանյալը, բայց ըստ ծնողների` նրա վրա ուզում են բարդել բազում հանցագործություններ, նրա նկատմամբ կիրառվել են բռնություններ»: Սա այն բազում դեպքերից է, երբ վաղը, դատավարության ընթացքում հերթական մեղադրյալը կհայտարարի, որ իր բոլոր ցուցմունքները տվել է ծեծի, խոշտանգումների արդյունքում: Հստակ է մի բան. քանի դեռ փաստաբանը չի կարողանում հանդիպել իր պաշտպանյալի հետ, այդքան ժամանակ կարող ենք պնդել, որ Գյումրիում ցուցմունքները կորզում են խոշտանգումներով: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել