Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎՈՐՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ

Օգոստոս 31,2002 00:00

ՄԻԱՎՈՐՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ Այն կվերաճի նախընտրական դաշինքի «Վճռականորեն մերժելով Ռ. Քոչարյանի եւ նրա վարչախմբի իշխանությունը, իշխանափոխությունը համարելով մեր երկրի եւ ժողովրդի համար այլընտրանք չունեցող կենսական անհրաժեշտություն», Հայաստանի 16 կուսակցություններ՝ «Ազգային միաբանություն», ԱԺԿ, ԳիԱրՔՄի, «Հանրապետություն», ՀԺԿ, ՀԴԿ, ՀԿԿ, ՀԿՄԿ, ՀՍԴԿ, «Հայրենիք եւ պատիվ», ՍԴՀԿ, ԱԺՄ, «Սոցուժերի եւ մտավորականների միություն», ՀՍԿ, ամենայն հավանականությամբ՝ նաեւ ԱԺԴ եւ ՍԻՄ (երեկվա դրությամբ վերջին երկուսը դեռ քննարկում էին հայտարարությունն իրենց կուսակցություններում), համախմբվեցին՝ հանուն միասնական նպատակի։ Ըստ ամենայնի, միավորումը կվերաճի նախընտրական դաշինքի եւ նախագահական ընտրություններին կմասնակցի միասնական ծրագրով եւ միասնական թեկնածուով։ Միավորման ստեղծման մասին առայժմ պաշտոնական հայտարարություն չի արվել։ Քաղաքական ուժերը որոշել են աշխատել առանց շտապելու եւ մտադիր են քայլ առ քայլ հասնել իրենց միասնական նպատակին։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը միավորման ստեղծման մասին ասաց. «Սա քայլ էր ճիշտ ուղղությամբ, պետք է հուսալ, նաեւ ջանքեր գործադրել, աշխատել, որպեսզի հաջորդ քայլերը եւս ճիշտ լինեն»։ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ երաշխիք, որ միավորված քաղաքական ուժերը ինչ-որ պահի չեն սկսի միմյանց դավաճանել։ Ս. Դեմիրճյանն ասաց. «Կար քաղաքական ուժերի միավորման հստակ հասարակական պահանջ։ Հասկանալով սա, քաղաքական ուժերը գնում են այդ միավորմանը։ Մնացածը՝ վստահությունը, երաշխիքները եւ այլն, ցույց կտա ժամանակը եւ համատեղ աշխատանքը։ Բայց բոլորն էլ տրամադրված են հասնել դրական արդյունքների, որովհետեւ ժողովուրդը սպասելիք ունի»։ Արդյո՞ք միավորման ստեղծումը փաստում է, որ անդամ քաղաքական ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ միասնական թեկնածուի հարցում։ Ստեփան Դեմիրճյանը հակված չէր այս հարցին պատասխանել, ինչպես հակված չէին նաեւ բոլոր այն կուսակցությունների ղեկավարները, որոնց հետ երեկ զրուցեցինք։ Ստեփան Դեմիրճյանը, մասնավորապես, ասաց. «Երբ որ կորոշվի միասնական թեկնածուն՝ կհայտարարվի։ Մի՛ անհանգստացեք. ոչ ոք չի պատրաստվում թաքցնել միասնական թեկնածուին»։ Միավորման կազմում ընդգրկված են խոշոր կուսակցություններ եւ գաճաճ կուսակցություններ, որոնց թիվը մեկ դասարանի թվից չի անցնում։ Ինչպե՞ս են միավորման ներսում կայացվելու որոշումներ, արդյոք բոլորն ունենալո՞ւ են ձայների հավասարություն, ասենք՝ միասնական թեկնածուի ընտրության հարցում։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ իրենք հարգանքով են վերաբերվում միավորման անդամ բոլոր կուսակցություններին, անկախ նրանց չափից, «իսկ ինչ վերաբերում է որոշումներ կայացնելուն, ապա մեխանիզմները կմշակվեն։ Իսկ միասնական թեկնածուի ընտրության մասին, կարծում եմ, վաղաժամ է խոսելը»։ ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանն ասաց, որ նպատակները պարզ են, եւ ինքը հավատում է, որ միավորման հիմքի վրա կձեւավորվի նախընտրական դաշինք. «Դուք շատ լավ հասկանում եք, որ ամենակարեւոր հարցերից մեկը նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալը պետք է լինի։ Դա բավականաչափ դժվարին գործ է, ամբիցիաները պետք է հաղթահարվեն։ Ժամանակը ցույց կտա՝ կարո՞ղ ենք ընդհանուր հայտարարի գալ, թե՞ ոչ»։ Վլ. Դարբինյանը եւս համարում է, որ դեռ վաղ է միասնական թեկնածուի մասին խոսելը, դեռ պետք է որոշվեն չափանիշներն ու սկզբունքները, որոնք հնարավորություն կտան ճիշտ կողմնորոշվել։ Միավորումը կունենա ծրագիր, որն առայժմ պետք է մշակվի, եւ թեպետ միավորման մասին հայտարարության մեջ չկա «Ռուսաստան-Բելառուսին» անդամակցելու մասին որեւէ խոսք, պրն Դարբինյանը կարծես հույս ունի, թե այն կլինի ծրագրում, քանի որ միավորման մեջ համախմբվել են բացառապես ռուսական դիրքորոշման քաղաքական ուժեր։ Թե որքանով են ԱԺՄ-ն կամ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը ռուսական կողմնորոշման, սա վաղուց արդեն հարց չէ։ Հայտարարության մեջ ասվում է, որ միավորման անդամ կարող են դառնալ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կկիսեն միավորման հիմնական սկզբունքներն ու նպատակները։ Միավորման անդամ կարո՞ղ են դառնալ ՀՀՇ-ն եւ Պարույր Հայրիկյանը։ «Առավոտի» այս հարցին պատախանելով, Վլ. Դարբինյանն ասաց. «Չէ, ՀՀՇ եւ մեզանից հեռացած Յու. Մանուկյան, բան մենք չենք ընդունում, թող չփորձեն էլ մոտենալ»։ Նույնը վերաբերում է նաեւ Պարույր Հայրիկյանին. «Մենք չենք կարող նրան ընդունել»։ Վլ. Դարբինյանը վստահ է, որ դեռ կփորձեն խանգարել միավորման (ավելի ուշ՝ դաշինքի) կայացմանը. «Սա ինձ անխուսափելի է թվում, բայց մենք պետք է դիմակայենք եւ հաջողության հասնենք»։ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ պատասխանելով միասնական թեկնածուի վերաբերյալ մեր հարցին, ասաց. «Միասնական թեկնածուի հարցը դեռ չի լուծվել եւ անգամ քննարկումներ դեռ չեն արվել, որովհետեւ առաջին խնդիրն ապագա դաշինքի ստեղծման հիմքը դնելն էր։ Միասնական թեկնածու առաջադրելու համար հարկավոր է նախ միասնական ծրագիր ունենալ։ Յուրաքանչյուր կուսակցություն, բնականաբար, կունենա իր թեկնածուն, բայց հարկավոր է ընտրել նրան, ով կարող է անցնել, հաղթանակել։ Դրա համար բոլոր հավակնորդները ծրագիր կներկայացնեն, որը կքննարկվի բոլորի կողմից, ժողովրդի հետ եւս կխորհրդակցվի։ Որոշումը կընդունվի այն ժամանակ, երբ կընդունվի ծրագիրը։ Ինձ թվում է, հարցն այդպես պետք է դրվի՝ ընդունվում է ծրագիրը եւ ծրագրի հեղինակը»։ Ալեքսան Կարապետյանն ասաց նաեւ, որ եթե փոխում ենք հանրապետության նախագահին, ապա դա ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է լինի մարդ, որն ավելի լավ կաշխատի, քան այսօրվա նախագահը. «Մենք պետք է պատրաստված մարդ ընտրենք, այդ մարդը պետք է հայտնի լինի ժողովրդին, նրան պետք է ժողովուրդն ընդունի, նրա ծրագիրը պետք է ընդունի։ Իսկ ընտրությունների շեմին գուցե զուտ տակտիկական առումով որոշ փոփոխություններ լինեն։ Առայժմ չեմ ուզում այդ մասին խոսել»։ Արդյո՞ք միավորումը բաց է նաեւ ՀՀՇ-ի եւ Պարույր Հայրիկյանի համար։ Ալեքսան Կարապետյանն ասաց. «ՀՀՇ-ի վերաբերյալ կա հատուկ կարծիք՝ նա չի կարող մտնել այս միավորման մեջ, որովհետեւ մենք գտնում ենք, որ այսօրվա վիճակի համար նա եւս պատասխանատու է։ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ՀՀՇ-ի իշխանության շարունակությունն է, եւ եթե ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեր, որ ինքն ընդունում է իր սխալը, որ Ռ. Քոչարյանին բերեց ու դրեց հանրապետության վարչապետ («Առավոտը» հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանը հրապարակավ ասաց, թե «ղալաթ» է արել.- Մ. Ե.), ապա այդ դեպքում գուցե կարելի լիներ ինչ-որ բան մտածել։ Նա (Լ. Տեր-Պետրոսյանը- Մ. Ե.) այդ բանը չասաց եւ դրանով կապեց Ռ. Քոչարյանին իր հետ։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, հայտարարության մեջ կետ կա ոչ միայն այս ռեժիմի, այլեւ՝ ընդհանուր առմամբ, մինչ այժմ կատարվածի վերաբերյալ»։ Միավորման ներսում կա՞ փոփոխություն, եւ ի՞նչ երաշխիք, որ ինչ-որ պահի չի սկսվի փոխադարձ «քցոցին»։ Եվ հետո, եթե միավորումը միասնական թեկնածուի հարցում որոշում կայացնի, եւ այդ մարդը չլինի Արտաշես Գեղամյանը, ի՞նչ է անելու «ԱՄ»-ը։ «ԱՄ» փոխնախագահն ասաց, որ այդ դեպքում միասնական թեկնածուն «պետք է կարողանա ապացուցել, որ ինքն ավելի արժանի է, քան Արտաշես Գեղամյանը, եթե ապացուցի՝ Արտաշես Գեղամյանն ինքը կթողնի-կգնա, որովհետեւ նա մտածում է, որ նախագահը պետք է լինի մարդ, որը կկարողանա երկիրն այս վիճակից հանել։ Գեղամյանը կասի՝ արի միասին աշխատենք, դու առաջինը եղիր։ Բայց մինչ այդ պետք է համոզի։ Ցանկությունը՝ ցանկություն, բայց ռեալ հնարավորությանը պետք է նայել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել