Լրահոս
Օրվա լրահոսը

Էյնշտեյնն անմահ է

Հոկտեմբեր 23,2002 00:00

Էյնշտեյնն անմահ է Էյնշտեյնի հարաբերականության տեսությունն, ինչպես հասկացանք, դարձել է մեր վիճակագիրների աշխատանքի հիմքն ու ուղեցույցը։ Իսկ «ՄԱԿ-ի մեթոդաբանություն», «ամերիկյան փորձ» եւ այլ արտահայտություններն Ազգային վիճակագրական ծառայությունն օգտագործում է որպես վարագույր։ Ըստ այդ տեսության էլ, անցյալ տարի անցկացված մարդահամարի տվյալները կարելի է կիրառել հարաբերականորեն, այն է՝ եթե ընտրություններ են, թող վարչական մարմիններն իրենց հաշվառման տվյալներով առաջորդվեն, իսկ եթե բիզնես-ծրագիր է՝ վիճակագրական թվերը ճշտից էլ ճիշտ են։ Հետեւաբար, տնտեսության մեջ ներդրողներին կարելի է հանգիստ խղճով ներկայացնել ուռճացրած թվեր, որ իմանան, թե «ամեն օր համախառն արտադրանքն իրացնող քանի սպառող (կամ՝ ծամող բերան) կա Հայաստանում»։ Իսկ ահա ընտրությունների ժամանակ վիճծառայության եւ ընտրական մարմինների տվյալները կարող են մեծ տարբերություններ տալ, քանի որ նախ՝ վերջիններս կարող են թերի հաշվառում անցկացնել, երկրորդ՝ շատ-շատերը կաշառքով 2-3 երկրի քաղաքացիություն ունեն, նաեւ՝ չի բացառվում, որ քաղաքացիներն իրենք անգրագիտությամբ կամ դիտավորյալ սխալ տեղեկություններ տված լինեն։ Այստեղ չբացառենք նաեւ հաշվարարների ցրվածությունն ու անգրագիտությունը։ Վկա՝ տղամարդկանց՝ ծննդաբերությունների թիվ կամ երեխաներին ամուսնություններ վերագրած թերթիկները։ Այս եւ այլ կարգի տրամաբանական սխալները ճշտված կներկայացվեն 2003-ի գարնանը, իսկ առայժմ նախնական տվյալներ են։ Եվ այսպես, պարզվում է՝ զուր էինք մտահոգվում, որ երկրի բնակչության գրեթե կեսը (եթե ոչ ավելին) արտագաղթել է։ Այժմ հանրապետությունում մշտական բնակչության թիվը կազմում է 3 միլիոն 210 հազար 606 մարդ, որից 2,952 միլիոնը հաստատ քնում եւ արթնանում է Հայաստանում, մնացածն էլ՝ որտեղ ասես, բայց՝ ժամանակավորապես։ Իսկ որ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությամբ ԱՄՆ-ում բնակվում է 2 մլն, իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ասելով, իրենց մոտ էլ՝ 2,5 մլն հայեր, ապա դրանք էլ են «հարաբերական» թվեր, քաղված հայկական լրատվամիջոցների տվյալներից։ Համենայնդեպս, Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը համոզված է, որ մինչեւ օրս «պրիմիտիվ» թվաբանություն է արվել, առանց հաշվելու ներգաղթը Արցախից ու Ադրբեջանից։ Հասկանանք, որ նախորդ՝ 1989 թվականի մարդահամարում գոյացած 3 մլն հայերից եթե կեսը գնացել է, նույնքան էլ եկել են տարբեր քաղաքական գործոնների հետեւանքով։ Ծառայության պետը իր «մարդկանց» աշխատանքի գնահատականն էլ տվեց՝ մեր մարդահամարը ներկայացվել է ՄԱԿ-ի մրցանակի։ Իսկ իր անձնական ծառայությունները ներկայացրեց այսկերպ. «Եթե դուք վերջերս լսել եք ՌԴ վիճակագրական պետական կոմիտեի նախագահ պարոն Սոկոլինի ելույթը, ապա ասեմ, որ դուք դա լսել էիք ուղիղ մեկ տարի առաջ՝ ինձնից։ Իմ կոլեգան իր կազմակերպչական հարցերը ներկայացրել է՝ հենվելով մերի վրա»։ Ահա այսպես, իսկ մենք դեռ կասկածում ենք։ Իսկ թե ինչու այսքան երկար ձգվեց հաշվումների գործընթացը, պատասխանը մի քանի կետ ուներ՝ փող չկար, տեխնիկական սպառազինումն էր ցածրորակ, կապի միջոցներն էին վատը։ Էլ չասենք, որ դոնոր կազմակերպությունների օրենսդրության հետ հարմարվելն ու ամենատարբեր արտարժույթները մեր դրամով փոխանակելն էլ ծառայությունից երկար ժամանակ են խլել։ Տեղեկացնենք նաեւ, որ եթե գումար ճարվի, ապա եկող տարվա սկզբից կսկսվի մի նոր՝ միգրացիայի հաշվառման աշխատանք, որի «հարաբերական» արդյունքին կծանոթանանք եկող տարեվերջին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել