Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հավատում հայաստանյան մրցույթներին»

Հոկտեմբեր 29,2002 00:00

«Չեմ հավատում հայաստանյան մրցույթներին» Փոխարենը Լիանան գոհ է միջազգային մրցույթներից «Երգիչը պետք է հարուստ ներաշխարհով դրական մարդ լինի եւ ունենա կատարողական վարպետություն։ Միայն հզոր վոկալային տվյալները բավարար չեն բեմում արվեստ ներկայացնելու համար, քանզի բեմը նման է թափանցիկ ապակու, որտեղ պարզորոշ ի հայտ են գալիս անհատի կարողություն-արժանիքները եւ անհնար է որեւէ բան կեղծել ու քողարկել»,- այսպես է մտածում երիտասարդ խոստումնալից երգչուհի Լիանան, ում մուտքը պրոֆեսիոնալ երգարվեստ եղել է 1995թ. Ու. Հյուսթընի «I will always love you» երգով՝ «Պառնաս» փառատոնում շահելով 1-ին մրցանակը։ 1995-97թթ. երգել է «Հայեր» կենտրոնում, այնուհետեւ Երգի թատրոնում։ Մի քանի ամիս է, ինչ նախընտրել է անհատական գործունեությունը։ Սովորում է կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի 3-րդ կուրսում՝ Ա. Բզնունու դասարանում։ Նախընտրում է ունենալ քիչ, բայց որակով հանդիսատես։ – Վերջերս մասնակցեցիր Բելառուսում կայացած «հսՏՉ255վրՍՌռ ոՈջՈՐ» միջազգային երգի մրցույթ- փառատոնին։ Պատմիր այդ մասին։ – Մրցույթին ներկայացա 2 երգով՝ Ազատ Հակոբյանի «Կարոտ» եւ սլավոնացի կոմպոզիտորի ստեղծագործությամբ։ Ու թեեւ ինձ չշնորհվեց ոչ գրան պրի եւ ոչ էլ մրցանակային որեւէ տեղ, բայցեւայնպես, 21 մասնակիցներից միայն ես Հայաստան վերադարձա «Ֆիդոֆ» միջազգային կազմակերպության կողմից սահմանված շատ պատվավոր հատուկ մրցանակով։ Ես ուրախ եմ իմ մասնակցության համար, քանզի հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց իմ ելույթը, ինձ համար բարձրագույն պարգեւը ժողովրդի սերն ու ընդունելությունն է, իսկ գլխավոր ժյուրին՝ հանդիսատեսը։ – Մինչ այս մրցույթը դու մասնակցել ես այլ միջազգային մրցույթների եւս… – 1999թ. Դոնեցկում մասնակցեցի «իՏսՏՑՏռ րՍՌՒ» միջազգային մրցույթ-փառատոնին եւ շահեցի «Գրան պրի»։ Մի քանի ամիս անց Բելառուսում անցկացվող «իՏսՏՑՏռ Քս255չպՐ»-ում արժանացա 1-ին մրցանակի, 2000թ. Բուլղարիայում կայացած «Դիսքավըրի» մրցույթ-փառատոնից Հայաստան վերադարձա կրկին «Գրան պրի» մրցանակով։ – Վերաբերմունքդ մրցույթ-փառատոներին։ – Ըստ իս, առողջ մրցակցությունը յուրօրինակ առաջընթացի խթան է ստեղծագործողի համար։ Սակայն չնայած այն հանգամանքին, որ բացի միջազգային մրցույթ-փառատոներից ես բազմաթիվ մրցանակ-պարգեւներ ունեմ նաեւ հայաստանյան մրցույթներից, չեմ հավատում հայաստանյան մրցույթների արդարությանը եւ գտնում եմ, որ դրսում համեմատաբար ավելի օբյեկտիվ են գնահատում, քան ներսում։ – Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանդ՝ ո՞ր ոճի երգերն են գերակշռում քո երգացանկում եւ ովքե՞ր են հեղինակները։ – Երգերիս հեղինակներն են Արթուր Գրիգորյանը, Նարե Բալայանը, Գագիկ Համբարձումյանը, Ազատ Հակոբյանը, Արամ Ավագյանը։ Իմ երգացանկում քիչ չեն եւ օտարալեզու հայտնի երգերը։ Երգում եմ նաեւ Կոմիտաս, ժողովրդական եւ ազգագրական երգեր։ Հոգուս շատ մոտ է սոուլ ոճը, մասնավորապես գնահատում եմ մեր ազգային երաժշտությունը, ինչն իր մեջ ներառում է մեր ողջ պատմությունը։ – Ի՞նչ կասես առաջիկա ծրագրերիդ մասին։ Ե՞րբ կլինի առաջին ձայնասկավառակդ, մենահամերգ-հյուրախաղեր։ – Այժմ աշխատում եմ Արաքսյա Գյուլզադյանի «Աչքդ խումար, ունքդ կամար» երգի վրա, որը շուտով երաժշտասերներին կներկայացնեմ նոր մեկնաբանմամբ՝ երաժշտական նոր մշակմամբ, սակայն չշեղվելով բնօրինակ տարբերակից։ Շուտով երաժշտասերներին կնվիրեմ նաեւ իմ անդրանիկ ձայնասկավառակը, որտեղ տեղ կգտնեն թե՛ իմ հին եւ թե՛ բոլորովին նոր ու բազմաոճ երգեր, որի թողարկումից հետո էլ հանդիսատեսին կներկայանամ CD-ի շնորհանդես- մենահամերգով։ Տեղեկացնեմ նաեւ, որ շուտով մտադիր եմ սկսել իմ երրորդ՝ «Արի, արի» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները։ Ի դեպ, օրերս հյուրախաղերով մեկնում եմ ԱՄՆ, իսկ վերադարձից հետո խոստանում հաճելի անակնկալներ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել