Լրահոս
Օրվա լրահոսը

OTE-Ն ՇԱՆՏԱԺԻ ՏՈՆՈՎ ԽՈՍԵՑ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԵՑ

Նոյեմբեր 27,2002 00:00

OTE-Ն ՇԱՆՏԱԺԻ ՏՈՆՈՎ ԽՈՍԵՑ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԵՑ Երեկվա բաց ժողովի ընթացքում OTE-ի շահերը ներկայացնող, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Մագլարասի տոնին այլ որակում չես տա։ Ընդ որում, շանտաժ էր արվում պոպուլիստական թեմաներով. «ՀՀ կառավարությունը OTE-ի համար ստեղծել է բիզնեսի թշնամական մթնոլորտ», «Այս ժողովին մեր ներկայությունը համարում ենք որպես նախնական անհրաժեշտ քայլ նախքան միջազգային ատյաններին հայց ներկայացնելը», «Լիցենզիայի, այսպես կոչված, խախտումները համարում ենք թատրոն, որը նպատակ ունի OTE-ի հաշվին բռնագանձել «ԱրմենՏելի» սեփականությունը, նախքան պատշաճ կերպով այդ ընկերությանը փոխհատուցելը», «Սա կարելի է հեշտությամբ վերանվանել օտարերկրյա ներդրողների իրավունքների խախտումների վերաբերյալ բաց ժողով»։ Իր հայտարարությունն անելուց հետո նա հեռացավ ժողովից։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը սա պրովոկացիա որակեց, այդ պատճառով էլ չցանկացավ պատասխանել։ Ինչպես արդեն հայտնի էր, բաց ժողովը հրավիրված էր ՀՀ կառավարության վարձած բրիտանական WFI աուդիտորական ընկերության աշխատանքները «ԱրմենՏելի» կողմից խոչընդոտելու առիթով։ «ԱրմենՏելը» երեկ թույլ գտնվեց՝ մի շարք սխալներ կամ մեղքեր անձնապես Նիկոս Յորղուլասի վրա բարդելով։ ՀՀ կառավարության պնդումները, թե «ԱրմենՏելը» պարբերաբար եւ դիտավորյալ խախտել է լիցենզիայի 10ա բաժնի դրույթները, ընկերությունը նախ չընդունեց, վիճարկելով, թե ստուգումների մասին նախօրոք գրավոր, լիցենզիայի պահանջներին համապատասխան՝ տեղեկացված չի եղել։ Հարկ է նկատել, որ «ԱրմենՏելի» ներկայացուցիչները հաճախակի հակասում էին իրենց ասածներին, մեկ պնդելով, որ «ԱրմենՏելը» այս երկու տարի է, ինչ նմանատիպ ստուգող կազմակերպությունների հետ համագործակցելուց բացի ոչինչ չի անում, մեկ դժգոհելով, որ որեւէ երրորդ անձ հնարավորություն է ստանում ընկերության գաղտնիքներին ծանոթանալու։ Ավելի լուրջ էին այն հակասությունները, թե Ն. Յորղուլասի հետ անձնական հանդիպումները եւ հեռախոսազանգերը հիմք չեն ստուգում անցկացնելու համար, իսկ ավելի ուշ՝ պնդումները, թե Յորղուլասն անձամբ է թերացել ստուգումներին աջակցելու գործում։ «ԱրմենՏելի» ներկայացուցիչները, մասնավորապես, գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գ. Վասիլակիսը հարցերին պատասխանում էր ոչ կոնկրետ, ինչը սպառնում էր «հյուծել» Դավիթ Հարությունյանին։ Ուստի վերջինս սկսեց հետեւել հանրահայտ Դեյլ Քարնեգիի՝ հակառակորդից հնարավորին չափ շատ «այո»-ներ կորզելու խորհրդին։ Այսպիսով, 6 ժամվա ընթացքում արդարադատության նախարարը, որը իր իրավաբանական գիտելիքներով եւ փորձով «դիսկոմֆորտի» մեջ էր պահում պարոն Վասիլակիսին, հասավ ձգտած արդյունքին։ Բայց մինչ այդ պարոն Վասիլակիսը ինչ-որ զիջման, այնուամենայնիվ, հասավ՝ մեղադրանքից «պարբերաբար» բառը հանելով։ Դրան նա հասավ շնորհիվ ֆիզիկայից իր գիտելիքների, բացատրելով, թե որն է պարբերականությունը։ Նա համեմատություն անցկացրեց մի անգամ պատահաբար վատ կերակուր պատրաստած կնոջ հետ, ինչը, նրա մեկնաբանությամբ, չի նշանակում, թե խեղճ կինը պարբերաբար վատ է պատրաստում։ Այսպիսով, նա հասավ որոշակի փոքրիկ զիջման, զիջելով մնացած մեղադրանքն ամբողջությամբ։ Պետք է նշել, որ չնայած կառավարությունը փորձում է նոր օրենքով սահմանափակումներ սահմանել ԶԼՄ-ների համար, բայց անկախ թերթերից այնուամենայնիվ մի լավ բան սովորել է. անհրաժեշտ ինֆորմացիան պաշտոնական աղբյուրներից չկարողանալով ստանալ, այն ձեռք բերել իր աղբյուրների միջոցով։ Պարոն Հարությունյանը չհայտնեց, թե որտեղից, բայց, այնուամենայնիվ, հաջողել էր ձեռք բերել մի կարեւոր փաստաթուղթ, որը ապացուցում է ստուգումներին «ԱրմենՏելի» կանխամտածված խոչընդոտելու փաստը։ Այդ փաստաթուղթը տնօրենների խորհրդի նախագահ Վ. Մագլարասի՝ այն ժամանակվա գլխավոր գործադիր տնօրեն Ն. Յորղուլասին ուղարկված ֆաքսն է, որով նա հորդորում է. «Տեղեկացնում ենք, որ OTE-ն ՀՀ կառավարության հետ հարաբերությունների այս փուլում չի տալիս իր համաձայնությունը ստուգում անցկացնելու համար»։ Ավելին, նույն ֆաքսով հորդորել էր մյուս տնօրեններին հանդիպումներ չունենալ եւ տեղեկություններ չտրամադրել ստուգողներին։ Այս փաստը ներկայացնելուց հետո էր, որ «ԱրմենՏելի» ղեկավարությունը ստիպված առաջարկեց ֆինանսավորել WFI-ին, որ ՀՀ կառավարությունը ստանա իր պահանջած տեղեկությունները, այսպիսով, փոխհատուցելով ՀՀ կառավարության կրած նյութական վնասը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Բաց ժողովը տեխնիկական եւ լուսաբանելու առումով գերազանց էր կազմակերպված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել