Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Անշուշտ, ամենքս շատ ուրախ կլինեինք, եթե մեր երկիրը համապատասխաներ Սուրբ գրքի գնահատմանը: Հայաստանում հույսի, հավատի, սիրո եւ օրենքի փոխարեն, ցավոք, գերիշխում են կամայականությունը, տառապանքը, դառնությունը, ատելությունը: Մեր հայրենիքի տխուր ներկան պայմանավորված է ոչ այնքան օբյեկտիվ դժվարություններով, որքան՝ գործող նախագահի գրպանած իշխանությունների կոռումպացված գործունեությամբ: Ավ. Իսահակյանի «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» շեշտադրումը հուշում է, որ Ռ. Քոչարյանի հայերեն «խոսքը» եւ մեր հայրենիքի այսօրվա վիճակը լիովին համապատասխանում են միմյանց: Սակայն նախագահի դժբախտությունը ոչ թե հայերենի վատ իմացությունն է, այլ՝ մարտնչող գավառայնությունը, այլոց փառքին տիրելու մոլուցքը, հետեւողական երախտամոռությունը եւ մեծագույնի մարմաջը: «Մեծագույն» էր նաեւ Ժոզեֆ Ֆուշեն, որը, Օ. Բալզակի կարծիքով, եղել է «միակ հանճարը իր տեսակի մեջ»: Գործող նախագահը այդպիսին չլինելու պարագայում, 1998թ. սկզբներին գոնե հրաժարական տալուց հետո կպահանջեր իրեն վարչապետ նշանակած նախագահի հրաժարականը, տեղի չէին ունենա 1998թ. փետրվարի 4-ի պալատական, մարտի 16-ի եւ 30-ի պետական հեղաշրջումները, նա էլ չէր դառնա ոչ Հայաստանի նախագահի պաշտոնակատար, ոչ էլ՝ նախագահ: Հակառակ պարագայում, նախագահի պաշտոնից գոնե հրաժարական կտար գլխավոր դատախազի, պաշտպանության փոխնախարարի, ներքին զորքերի հրամանատարի սպանություններին հաջորդած 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի նախճիրից հետո: Այդ դեպքում Ստեփանակերտում տեղի չէր ունենա 2000թ. մարտի 22-ի առեղծվածային մահափորձը, ազգային հերոսը չէր տառապի նաեւ իր ազատագրած Շուշիի բանտում, մեր երկրում չէր տկարանա խոսքի ազատությունը, իրողություն չէր դառնա «Առագաստի» ոճիրը, չէին փակվի «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները: Զարմացած եմ արվեստից, Առնո Բաբաջանյանի հուշարձանի նրբերանգներից «գլուխ հանող», ռադիոֆիզիկոսի դիպլոմ ունեցող նախագահի հեռուստահաճախականության մասին գիտելիքների բացակայության փաստից: Ինձ ապշեցրել են 1998թ. փետրվարից հետո ավելի քան երկու տարի դիտորդի կարգավիճակում գտնվելու մասին Ռ. Քոչարյանի խոստովանությունը եւ նախագահական երդումների ուրացումը: Տեղին է նկատել. «Դու ասացիր»: Փաստորեն, նա գտնում է, որ երկրի առաջընթացին մինչ «Հոկտեմբերի 27»-ը խանգարել են Կ. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, որից հետո էլ՝ Ա. Սարգսյանը: Դրանով մի՞թե նա չի «հիմնավորում» «Հոկտեմբերի 27»-ի անխուսափելիությունը: Ավելորդ չէ փաստել 1998թ. աշնանը սահմանադրական, դրանով իսկ համակարգային փոփոխություններ կատարելու նրա երդմնազանցությունը: Ինձ շատ է մտահոգում 2000թ. մայիսից սկսած նրա նախագահական անբարո եւ անօրեն ընտրարշավը: Հայրենասեր, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի, այլ ազնիվ հայորդիների, մարդասիրական կազմակերպությունների Հայաստանին նվիրաբերած միջոցներով կատարված կառուցապատումը, բոլոր մյուս նախաձեռնումները միայն իր նախագահական գոյությամբ պայմանավորելը, դրանք եւ հարկատու ժողովրդի հաշվին ֆինանսավորվող պետական քարոզչամեքենան բացառապես իր նախընտրական մարաթոնին ծառայեցնելը, առաջադրված մյուս թեկնածուների, ընդհանրապես այլակարծության հանդեպ ատելության դրսեւորումները, անշուշտ, անբարո են: Իշխանական սպասուհիների «հասարակական հարցումներից» տպավորություն ես ստանում, որ գործող նախագահի վարկանիշը մինչեւ փետրվարի 19-ը կհատի 100%-ի սահմանը եւ նրա օգտին կքվեարկեն ոչ միայն երկրիս «մեծապատիվ մուրացկանները», այլեւ՝ խաղաղ պայմաններում բոլոր զոհված զինծառայողների ծնողները, աղբանոցներում «քուջուջ անող» մեր հազարավոր հայրենակիցները ու անգամ՝ նախագահի մյուս բոլոր թեկնածուները: Ինձ մեծագույն տհաճություն եւ զզվանք է պատճառում քծնանքի, շողոքորթության, ստորաքարշության, ցինիզմի խրախուսման իրողությունը: Շարունակվում է հոգեբարոյական այլասերման շքահանդեսը: Հակադրվելով վարչապետի կարծիքին, գտնում եմ, որ Սպարապետը, ոչ միայն որոշ հարցերում եղել է «միամիտ», այլեւ կատարել է կոպիտ սխալներ, մասնավորապես, որոշիչ դերակատարություն ստանձնելով Ռ. Քոչարյանի պաշտոնական առաջընթացում, Սամվել Բաբայանի հետ նրան ընդհուպ նստեցնելով Հայաստանի իշխանական բուրգի կատարին: Հակառակ պարագայում, Ռ. Քոչարյանը թերեւս կմնար Ստեփանակերտի մետաքսի կոմբինատում, իսկ Ա. Մարգարյանը՝ չգիտեմ որտեղ: Անշուշտ, Վ. Սարգսյանը չէր կարող գուշակել, որ Ռ. Քոչարյանի դեմ երբեք դուրս չգալու մասին իր հավաստիացումը նախագահի օգտին չի ծառայեցվի գոնե արյունոտ «Հոկտեմբերի 27»-ից հետո: 1998-1999թթ. հեղաշրջումների արդյունքում իշխանությանը տիրացածը, իհարկե, չէր կարող գտնվել Հայաստանի առաջնորդի կոչման բարձրության վրա, այդ պատճառով էլ ցանկալի է, որ մեր տանջահար ժողովուրդը վերջապես ազատվի նրա նախագահական ներկայությունից: Ամենքս պարտավոր ենք գիտակցել, որ նույնիսկ Հռոմեական հզորագույն կայսրությունը կործանվել է ոչ թե բարբարոսների արշավանքներից, այլ՝ Հռոմում տիրապետող անբարոյականությունից: Ողջունելի է 1998թ. Ռ. Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած մի շարք գործիչների կողմից թույլ տված սխալի գիտակցումը, համոզված եմ, որ նրանց հոգեվիճակը թեկուզ լռելյայն շուտով կկիսեն գործող նախագահի այսօրվա ազնիվ պաշտպանները, հատկապես մտավորականները: Պատիվ ունեմ ճանաչելու նախագահի մյուս թեկնածուներին, հարգելու նրանց արժանիքները, իրավունքը, գիտելիքների, փորձառության աճը, ուրախ եմ նրանց մեծ մասի հետ անցած տարիներին համագործակցելուս, նրանց նախաձեռնությունները, առանձին դեպքերում նաեւ թեկնածությունը սատարելուս համար: Հայաստանյան դառը ներկայով մտահոգ՝ ամենքս պարտավոր ենք երթարկվել այլընտրանքի հրամայականին, գիտակցելով, որ միասնական ծրագրով, միասնական թեկնածուով, ինչպես նաեւ ընդհանուր ու գերագույն ջանքերով հնարավոր կլինի ազատվել բիրտ ռեժիմից: Գտնում եմ, որ առաջադրվածների ցանկում կան առավել ընդունելի թեկնածուներ: Մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանը լիովին համապատասխանում է Հայաստանի նախագահի պաշտոնին ներկայացվող բարձր պահանջներին: Նրան ավելի քան տասը տարիներ լավ ճանաչելու, հարգելու, վստահելու, նրա համախոհը լինելու պատիվն ունեմ: Նա զարմն է ԱՄՆ-ում վերընձյուղված գերդաստանի, որդին՝ ականավոր պատմաբան, ազգային գործիչ Ռիչարդ եւ ազնիվ հայուհի՝ Վարդիթեր Հովհաննիսյանների: Լավագույն համալսարանական կրթություն ստանալուց, միջազգային իրավունքի դոկտորի աստիճան վաստակելուց, մի քանի տարի աշխատանքային փորձառությունից հետո, ժառանգած ազգային գաղափարախոսությամբ առլեցուն Րաֆֆի Հովհաննիսյանը ենթարկվելով 1988թ. ավերիչ երկրաշարժից կաթվածահար հայրենիքին օգնության հրամայականին՝ իր եւ մերձավորների հնարավոր նպաստը բերեց աղետյալներին ու լծվեց աղետի հետեւանքների վերացման գործին: Կարճ ժամանակ անց ընտանյոք մշտական բնակություն է հաստատում Հայաստանում: Այնուհետեւ նշանակվել եւ պատվով իրականացրել է ՀՀ առաջին արտգործնախարարի պարտականությունները: Այդ ընթացքում դրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքերը: Պատիվ է ունեցել ՄԱԿ-ի առջեւ բարձրացնելու Հայոց Եռագույնը: Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը մի շարք առաջատար երկրների հետ հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, տարբեր պետություններում բացվել են Հայաստանի դեսպանատներ: Մեր երկրի անկախության հռչակման առաջին օրն իսկ դիմել է ՀՀ նախագահին՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Հանրահայտ է, որ առաջին նախագահը չի հանդուրժել երիտասարդ արտգործնախարարի հեղինակության աճի իրողությունը եւ 1992թ. սեպտեմբերին, սահմանադրական նշանակության ՀՀ Անկախության հռչակագրի վրա խարսխված ու Ստամբուլում Հայոց ցեղասպանության մասին հիշեցում պարունակող պետական ելույթի պատրվակով, Ր. Հովհաննիսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից: Նախկին նախագահը իր պաշտոնավարման ողջ ընթացքում ապօրինաբար եւ կամայականորեն արհամարհել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին Ր. Հովհաննիսյանի իրավունքն ու դիմումները: ՀՀ երկրորդ նախագահը, հակառակ Հայաստանի քաղաքացիության Ր. Հովհաննիսյանի իրավունքը 1991թ. սեպտեմբերի 23-ից ճանաչելու հավաստիացման եւ նախագահական երդմամբ ստանձնած պարտավորությունների, երեք ու կես տարի, մինչեւ 2001թ. օգոստոս ամիսը կրկնել է նախկին նախագահի որդեգրած կեցվածքը: Նպատակը պարզ է. հայությանը առաջիկա տարիներին եւս զրկել իր արժանավոր զավակին Հայաստանի նախագահ ընտրելու հնարավորությունից: Ի հեճուկս նախկին եւ ներկա նախագահների, Ր. Հովհաննիսյանը ոչ միայն չի հիասթափվել ու հեռացել Հայաստանից, այլեւ հայրենիքին անմնացորդ ծառայելու պատրաստակամությունն ապացուցել է՝ հիմնադրելով ՌԱՀՀ կենտրոնը, «Հայացք Երեւանից» հանդեսը, ՔԱՆ հասարակական կազմակերպությունը, «Օրրան» բարեգործականը, «Օրրան» օրաթերթը: Նրա եւ համախոհների կողմից կատարվել են բազում արժեքավոր հետազոտություններ, կազմակերպվել գիտագործնական կոնֆերանսներ, այլ միջոցառումներ: Ր. Հովհաննիսյանը լավագույնս տիրապետում է հայոց եւ համաշխարհային պատմությանը, ոսկեղենիկ մայրենիին, օտար լեզուների եւ հռետորական արվեստին: Դեպի ապագան ձգտող ավանդապաշտ եւ մաքրակրոն հայ է: Առաջնորդվում է ազգային ու համամարդկային արժեքներով, ունի առինքնող բնավորություն: Աշխատասեր է, անընդհատ ստեղծագործող: Ազատատենչ է եւ արդարամիտ: Խստապահանջ է նախեւառաջ իր նկատմամբ: Հաստատակամ է եւ վճռական: Գիտե լսել դիմացինին, հարգել այլակարծությունը: Բարյացակամ է ու մեծահոգի: Պատերազմի տարիներին եւ հետո բազմիցս եղել է մարտական դիրքերում, ոգեւորել ազատամարտիկներին: Եղել է Մայր հայրենիքի բոլոր անկյուններում, հափշտակվել, ներշնչվել նրա խորախորհուրդ գեղեցկությամբ: Անձնականը միշտ էլ ստորադասել է հայրենիքի շահին: Տիկնոջ՝ իրավաբան, հասարակական գործիչ Արմենուհի Հովհաննիսյանի հետ լավագույնս կրթում, դաստիարակում եւ նախնյաց փառավոր ավանդույթներով զինում են իրենց զավակներ Կարինին, Տարոնին, Վանին, Շուշիին, Արմենին: Կարճ ասած, Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկային, մտավորական, քաղաքացիական բոլոր անհրաժեշտ որակներով օժտված վառ անհատականություն է: Նրա երազանքը աշխարհասփյուռ հայության համախմբումը, Հայաստանի, Արցախի բարգավաճումը եւ պատմական հայրենիքում հայոց արարման իրավունքի վերականգնումն է: Ունի համազգային եւ միջազգային ճանաչում, դրական համբավ, որի համար կարող է ճանաչվել նաեւ նախագահի համազգային թեկնածու: Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական թեկնածության գրանցման նկատմամբ վերաբերմունքը կպատասխանի այն հարցին՝ հայոց փրկության միջո՞ց, թե՞ «պարապ վախտի խաղալիք» է «Մեկ ազգ, մեկ հայրենիք» հռչակված կարգախոսը: Ցավում եմ, որ Գորիսի քաղաքապետի պաշտոնավարմանս ընթացքում, հանգամանքների թելադրանքով, հնարավորություն չունեցա 1994 թվականին իրականացնելու Րաֆֆի Հովհաննիսյանին Գորիսի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու ձգտումս: Խոր համոզումով պնդում եմ, որ հայրենաբնակ հայությունը Արցախյան ազատամարտի սփյուռքահայ հերոսներ Մոնթե Մելքոնյանով, Ժիրայր Սեֆիլյանով, մեծագույն բարերար Քըրք Քըրքորյանով հպարտանալով, Սփյուռքի ծառայությունների շարունակականության ակնկալիքով եւ երախտագիտությամբ հանդերձ, իրավունք ունի վստահելու օտար ափերում ծնված եւ հայրենիքում տասներեք տարի ստեղծագործական ներշնչանքի հետքեր թողած մեկ այլ արժանավոր հայորդու: Համոզված եմ, որ ընտրելով Րաֆֆի Հովհաննիսյանին, հայությունը, ի դեմս իր նախագահի, վերջապես կունենա ազգային միասնության դարբին եւ չի ուշանա այն պահը, երբ կհայտարարենք. փա՜ռք քեզ, բարգավաճ եւ հզոր երկիր Հայաստան, որովհետեւ ունես ազնվածին առաջնորդ: ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազատամարտի շարքային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել