Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՆԱՍԸ «ՀԱՄԱՉԱՓ Է

Հունվար 24,2003 00:00

ՎՆԱՍԸ «ՀԱՄԱՉԱՓ Է ԵՎ ԳԻՏԱԿՑՎԱԾ» Հոկտեմբերի 27-ի դեպքերը պատկերող տեսաերիզի փորձաքննության 6 ամիս ձգձգվելը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «զուտ պրոցեսուալ գործընթաց» համարեց։ Նրա պարզաբանմամբ, յուրաքանչյուր փորձագետ իրավունք ունի լրացուցիչ նյութեր տրամադրելու վերաբերյալ պահանջներ ներկայացնել։ Եվ «մինչեւ լրացուցիչ նյութեր կամ ինֆորմացիա ստանալը, փորձագետն իրավունք չունի շարունակել իր փորձաքննությունը։ 6 ամսվա թերեւս հիմնական մասը պայմանավորված է լրացուցիչ նյութերի ուսումնասիրմամբ»։ Այսինքն, «տեսաերիզից բացի ուրիշ նյութե՞ր էլ են անհրաժեշտ տեսաերիզը փորձաքննելու համար» ծագած բնական հարցին ի պատասխան, նախարարը պատասխանեց. «Փորձագետն իրավունք ունի պահանջել. իսկ հնարավո՞ր է այսպիսի նյութ ունենաք, հնարավո՞ր է ունենաք այսինչ տեսախցիկի տեխնիկական անձնագիրը, հնարավո՞ր է ունենաք այսինչ ջերմային աստիճանի տակ այսպիսի նկարահանության մեկ այլ օրինակ այս տեսախցիկից»։ Այս կարեւորագույն հարցերի պատասխանն ստանալուց հետո էլ, ըստ երեւույթին, կհրապարակվեն փորձաքննության արդյունքները եւ մենք բոլորս կհամոզվենք, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը պատկերող աղմկահարույց տեսաերիզն ամենեւին էլ մոնտաժված չի եղել։ Դա կլինի շուտով. «սկզբունքորեն փորձաքննությունն արդեն ավարտված է եւ ընդամենը ձեւակերպումներն են մնացել»։ Ինչպես հայտնի է, «Զվարթնոց» օդանավակայանը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը համակարգում էր արդարադատության նախարարը։ «Առավոտի» մի հրապարակման (23.10.02 թ.) համաձայն, ներդրումներն իրականացնելու եւ որոշ վերականգնողական աշխատանքների ընթացքում կառավարիչը խոշոր նյութական վնասներ է պատճառել «Հայկական ավիուղիներին», հետեւաբար մեր պետությանը։ Հարցին, թե արդյոք կառավարությունը փոխհատուցման խնդիր դրե՞լ է կամ մտադի՞ր է դնել, պրն Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես, վազքուղու վերակառուցման խնդիրը, կարծում եմ, վնաս պատճառելու խնդիր չէր։ Դա պլանավորված քայլ էր։ Քայլը պետք է կատարվեր։ Մենք (պետությունը), լինելով ՀԱՈՒ-ի սեփականատեր, քաջ գիտակցում էինք դրա հետեւանքները։ Եվ եթե պետությունը համարի, որ իսկապես անօրինական կամ անհամաչափ վնաս է հասցվել, մենք անշուշտ դատի կտայինք։ Այս պահին չենք համարում, որ հասցվել է անհամաչափ վնաս»։ Այսպիսով, պետք է ենթադրել, որ կոնցեսիոները, որը ներդրումներն իրականացնելու այս փուլում «Հայկական ավիաուղիներին» պատճառել է 1 մլն դոլարի վնաս (5 ամսում)՝ ավիանավթի թանկացման պատճառով, 250-300 հազար դոլարի վնաս (ամսական)՝ վազքուղին վերականգնելու ընթացքում, որոշակի գումար՝ ավիացիոն փրկարարական ծառայության ծախսերից հրաժարվելու պատճառով, արել է Հայաստանի կառավարության հետ համատեղ։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպում էր անցած տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը կառավարությանը ներկայացնելու առիթով։ Որպես կարեւոր ձեռքբերումներից մեկը, նա նշեց տուբերկուլյոզային զոնայի բացումը, որի շնորհիվ, ըստ նախարարի, «կարող ենք լրջորեն հակահարված տալ տուբերկուլյոզին, որը լուրջ խնդիր էր քրեակատարողական հիմնարկներում»։ Այս հիմնարկներում, ըստ նախարարի, դատապարտյալների զբաղվածությունը 2%-ից հասել է 8-ի, իսկ շրջանառությունը 9 ամսում կազմել է 170 մլն դրամ։ Նախարարությանը հաջողվել է անցած տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգում իրականացնել «Մեկ կանգառի» ինստիտուտը, որի շնորհիվ 24 ժամվա ընթացքում ձեռնարկատերը կարող է գրանցել իր ընկերությունը։ Սա «համապատասխանում է ցանկացած միջազգային ստանդարտի»։ Իսկ հարկադիր կատարման ոլորտում բռնագանձումների արդյունավետության 26 տոկոսի աճ է արձանագրվել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել