Լրահոս
Օրվա լրահոսը

Անտարբերության արդյունք

Հունվար 24,2003 00:00

Անտարբերության արդյունք Երեւանի Այգեստան 10-րդ փողոցի 2-րդ շենքի 2-րդ մուտքի բնակիչներն իրենց աղետալի վիճակով եզակի չեն։ Սակայն նրանք այրաքաղաքի մյուս բնակիչներից էապես տարբերվում են։ Նախ՝ մուտքում կուտակված կեղտաջրերը, որոնք կոյուղու խողովակների խցանման արդյունք են, անցնող ցուրտ ձմռան թողած հետքերից չեն։ Ապա՝ գրեթե 8-9 տարի ամառ-ձմեռ գոյություն ունեցող այդ իրավիճակին մարդիկ արդեն հանգիստ են նայում։ Բայց առնվազն տարօրինակ էր, երբ շենքի վրդովված բնակիչներն իբրեւ «ճարահատ» զանգահարեցին խմբագրություն, իրենց բողոքը ներկայացրին, սակայն մեր այցելության ժամանակ՝ վատառողջ լինելու եւ այլ պատճառաբանություններով խուսափեցին բնակարաններից դուրս գալ եւ զրուցել։ Իսկ շենքի ամենահամարձակները՝ տիկիններ Գոհարը եւ Ալլան (2-րդ եւ 1-ին հարկի բնակիչներ) այսպես ասացին. «Շատ է պատահում, որ ամբողջ մուտքում կեղտ է լինում։ Հիմա դեռ ձմեռ է, ամռանն անտանելի հոտ է ընկնում։ Ի վերջո, մեր բոլորի երեխաներն են այստեղ ապրում, մենք ենք ստիպված լինում «հաղթահարել» այդ կեղտաջուրը, շնչել այդ օդը, ամենքիս տուն էլ ինֆեկցիան գնում է»։ Իրենց շենքը սպասարկող 6-րդ ԲՇՏ-ից բնակիչները բողոք չունեն. «Քանի անգամ դիմել ենք, եկել են, մաքրել են»։ Ու բարեխղճորեն խոստովանում են. «Մի քիչ էլ բնակիչների կուլտուրայից է գալիս։ Հիմա նորից կգան՝ կմաքրեն, խցանված խողովակները կբացեն, որոշ ժամանակ անց նորից նույն վիճակը կլինի։ Նախորդ անգամ, օրինակ, մի մեծ կտոր շոր հանեցին խողովակից»։ Որոշ ժամանակ առաջ կեղտաջրերը առաջին հարկի բնակիչների տներից է, այսպես ասած, դուրս եկել։ Դեմն առնելու համար վերջիններս պարզապես իրենց բնակարանների կոյուղու խողովակները փոխարինել են ավելի մեծ տրամաչափի խողովակներով։ Ժամանակին առաջին հարկի բնակիչներն առաջարկել են ողջ մուտքի խողովակները փոխել, բայց «ոչ մի արձագանք չունեցավ»։ Ներկայիս վիճակը սակայն բացառիկ է նրանով, որ կեղտաջրերն արդեն ողողում են առաջինից երկրորդ հարկ տանող աստիճաններն ու նկուղները։ «Ի վերջո,- անհանգստանում է տիկին Ալլան,- ամեն ինչից զատ՝ հիմքն է նստում։ Վաղը-մյուս օրը ամբողջ շենքը նստվածք կտա։ Դա էլ բոլորիս է վերաբերում»։ Տիկիններն՝ իրենց իրազեկության շրջանակներում, դժվարացան ասել՝ որեւէ անգամ բնակիչները պատկան մարմիններին դիմե՞լ են հարցին վերջնական լուծում տալու համար։ Բայց իրենց պատրաստակամությունը հայտնեցին՝ սեփական հնարավորությունների շրջանակներում աջակցել։ ԲՇՏ-ի ինժեներ Ալիկ Զաքարյանը եւս մեզ հետ զրույցում ընդգծեց բնակիչների անփութությունը ու տեղեկացրեց, որ «նախորդ օրը մեր աշխատակիցները (նրանք ընդամենը 3-ն են- Ն. Գ.) գերզբաղվածության պատճառով այդ շենք չեն այցելել։ Հարյուր անգամ մաքրել են՝ էս անգամ էլ կմաքրեն»,- եզրափակեց պարոնը։ Տեղեկացրեց նաեւ, որ «թաղապետարանից նմանատիպ բոլոր շենքերի ցուցակներն ուզել են, մենք էլ տիտղոսաթերթերը նոր ենք գրել-ներկայացրել։ Այդ հարցը (խողովակներն ամբողջությամբ փոխելու- Ն. Գ.) կլուծվի եւ բացառապես թաղապետարանի միջոցներով»,- իր կողմից խոստացավ ԲՇՏ-ի ինժեները։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել