Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 22,2003 00:00

ՈՒՇԱՑԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Այն բանից հետո, երբ լրատվամիջոցների հիմնական մասը, ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդական խմբերն արձանագրեցին ու հայտարարեցին ընտրախախտումների «պատմական» չափի ու քանակի մասին, տեղական դիտորդական առաքելությունն իրականացնող «Ընտրությունը քոնն է» հկ-ն երեկ միայն հասցրեց լրատվամիջոցներին տեղեկացնել այդ մասին։ Այն էլ թերի, այսինքն՝ 1865 ընտրատեղամասերից 700-ում կատարվածի մասին կամ՝ որտեղ հասցրել էին լինել։ «Մեր նպատակը միայն դիտարկելն ու ներկայացնելն է ժողովրդին, որ նա որոշի՝ ժողովրդավարակա՞ն էին այս ընտրությունները, թե՞ ոչ»,- պատճառաբանեց հկ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը։ Ժողովուրդն, իհարկե, արդեն որոշել է, թեպետ տեղական դիտորդների դիտարկումներից մի քանիսն արժե ներկայացնել այժմ էլ։ Ըստ արդյունքների, շատ տեղամասերում իրենց առնվազն տարօրինակ են պահել ոստիկանները։ Նրանք չեն պահպանել կարգուկանոնը, ոչ թե օգնել, այլ խանգարել են լրագրողների աշխատանքին, չեն միջամտել տեղամասերում բռնկված վեճերին։ Ի դեպ, երբ այդ մասին հարցրինք մայրաքաղաքի թիվ 83 դպրոցում սկսված «ձեռնամարտի» անտարբեր դիտորդ իրավապահներին, նրանց գլխավորը հոգոց հանելով ասաց. «Է՜, քուր ջան, մեր քարը ծանր ա»։ Սա էլ ձեզ բացատրություն՝ իր բոլոր ենթատեքստերով։ Հաջորդ դիտարկումը՝ ցուցակներն այդքան սրբագրելուց հետո անգամ իրենց ընտրելու իրավունքը ստիպված են եղել դատական կարգով վերականգնել 10 հազարից ավելի ընտրող։ Մահացած անձանց «հարություն տալու» ռեկորդը Գյումրիի 1370/46 տեղամասինն է՝ 28 անձ, իսկ Աշտարակի Սպանդարյան 25 շենքն ամբողջությամբ դուրս էր թռել ընտրացուցակից։ Քվեատուփերի լցոնման փաստերից առանձնացնենք մեկը՝ Վաղարշապատի բոլոր տեղամասերում անխտիր այդ «գործն» իրենց վրա են վերցրել քաղաքապետ Հրաչ Աբգարյանն ու ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ իրենց թիկնապահների ու «ախպերության» ուղեկցությամբ։ Դա կատարվել է անթաքույց։ ՏԸՀ-ների նախագահների, անդամների, վստահված անձանց, դիտորդների եւ ընտրողների աչքի առջեւ։ Նույն Վաղարշապատի 0707/26 տեղամասում ժամկետանց զինծառայողների քվեարկությունը կայացել է բաց քվեաթերթիկներով, դրանց «պտիչկաները» ստուգել են ընտրատեղամասում «հսկող» բարձրաստիճան սպաներն ու նոր թույլ տվել գցել քվեատուփ։ Աշտարակի մի տեղամասում էլ այդ «սուրբ գործին» արտակարգ ակտիվություն են հանդես բերել Արտակարգ իրավիճակների վարչության երեք աշխատակից՝ ծառայողական համազգեստով։ Նշենք, որ զինվորականի կանաչ համազգեստը՝ թեւքին ամրացված տարբերանշանով, կրում են այդ վարչության սպաները։ Քվեատուփերի անօրինական լցոնման հեղինակները, ըստ տեղական դիտորդների, աշխատել են հօգուտ Ռ. Քոչարյանի։ «Ընտրությունը քոնն է» հկ-ի դիտորդները լրագրողների դեմ կատարված բռնարարքներից նկատել էին միայն «Շանթ» հեռուստաընկերության վրա կատարված հարձակումը, այն էլ տեղամասից դուրս։ Իսկ որ Շիրվանզադեի դպրոցի տեղամասում հանձնաժողովի անդամը հարձակվել ու քաշքշել է «Առավոտ», «Օրրան» եւ «Այժմ» թերթերի լրագրողներին՝ չեն արձանագրել։ «Հնարավո՞ր էր կաշառել տեղական դիտորդին, որպեսզի նա չնկատելու տա որոշ խախտումներ», մեր հարցին, հկ-ի նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ մեր դերն այնքան էլ մեծ ու ազդեցիկ չէ։ Եթե կաշառեին, ավելի շուտ հանձնաժողովի նախագահին ու անդամներին կկաշառեին, նրանցից ավելի շատ բան էր կախված»։ Նշենք, որ ներկայացված տվյալներն ամբողջական չէին նաեւ այն առումով, որ ներառում էին միայն Երեւանի 4 համայնքներն ու մարզային 4 կենտրոնները։ Թեպետ հաղորդագրությունում նշվում է, որ դիտարկվել են հանրապետության բոլոր մարզերի 25 խոշոր քաղաքների եւ գյուղական համայնքների տեղամասեր, բացի Երեւանից։ Հկ-ի նախագահությունը դժգոհ էր հանձնաժողովների՝ իրենց հանդեպ դրսեւորած անտարբեր ու բացասական վերաբերմունքից։ Դա այն դեպքում, երբ «նրանք շատ հարգալից ու պատրաստակամ էին միջազգային դիտորդների նկատմամբ»։ Եվս մեկ դիտարկում. «ՏԸՀ-ների մեծ մասում ՏԸՀ-ի ղեկավարությունը կազմավորված էր նախագահի ներկայացրած անձանցից, իսկ դա արդեն հարցականի տակ է դնում ՏԸՀ-ների չեզոքության եւ ընտրությունների օրինականության պահպանման խնդիրը»։ Իսկ թե ով է «դիմել» ՏԸՀ նախագահներին, չասենք էլ՝ պարզ է։ Սա էլ ձեզ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել