Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՉՔԵՐԻ ՓԱՅԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ ՉԵՍ ՏԱ

Մարտ 12,2003 00:00

ԱՉՔԵՐԻ ՓԱՅԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ ՉԵՍ ՏԱ Հայաստանում բարեգործություն անող մի ամերիկացի կին պատմում էր, որ ամերիկյան դատարաններում ամենադժվար եւ անհուսալի վկաները «Սովետմիությունից» ներգաղթածներն են։ Ժամանակին իր հայրենիքում փաստաբան աշխատած տիկինը հիշում էր, թե ինչպես են այդ մարդիկ դատարանում երդվում, հաճախ նաեւ՝ Աստվածաշնչի վրա, որ կասեն բացառապես ճշմարտությունը, նայում դատավորի աչքերի մեջ եւ ակնհայտորեն ստում։ «Նրանց մասնակցությամբ ոչ մի գործի դեպքում չես կարող վստահ լինել, որ սխալ ուղղությամբ չես գնում»,- ասում էր տիկինը։ Փաստաբանն անգամ չի կարող վստահ լինել, որ իր պաշտպանյալն իրեն ճիշտ է ասել. «Նայում են ուղիղ աչքերիդ մեջ ու սուտ են ասում»։ Որպես կանոն, սուտասանները միշտ բռնվում են, որովհետեւ խճճվում են իրենց հորինածների մեջ եւ չեն հիշում, թե որ սուտն են ասել փաստաբանին, որը՝ իրենց հարազատներին, իսկ որը՝ բարձրաձայնել դատարանում։ Տիկինը հավաստիացնում էր, որ ամերիկյան հասարակությունը դաստիարակվում է բացառապես ճիշտ խոսելու, ասածի համար պատասխանատվություն կրելու հիմքերի վրա։ Ի վերջո, մենք հիշում ենք, որ Քլինթոնին չէին ներում ոչ թե ամուսնական անհավատարմության, այլ՝ ամերիկյան հասարակության առաջ սուտ վկայություն տալու մեղքը։ Ի դեպ, Աստվածաշնչի վրա երդվելը պետք է որ օտարների համար զգոնության ահազանգ լիներ, որովհետեւ խորհրդային դաստիարակություն ստացածներից գոնե տասը տարի առաջ շատ քչերը գիտեին Աստվածաշնչի դերն ու նշանակությունը։ Իսկ դրա վրա հեշտությամբ երդվելն արդեն անլուրջ վերաբերմունք է ենթադրում։ Այս տիկնոջ դիտարկումները հիշեցինք մեր վերջին ընտրություններին հետեւելիս։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում Ա. Գեղամյանի վստահված անձը բռնել էր քվեատուփի մեջ խրձով թերթիկներ լցնողի ձեռքը։ Տուփի մոտ կանգնած հանձնաժողովի անդամը, մինչ կինը բռնած պահել էր խախտում անողի ձեռքը, ինքն էր թափ տվել վերջինիս ձեռքը եւ թերթիկները լցրել տուփը։ Տիկինը վիրավորանքից ու անզորությունից չգիտեր ինչ անել։ Հանձնաժողովի նախագահը այս ինֆորմացիան հերքելիս համենայնդեպս աչքերը խոնարհել էր։ Փոխարենը այդ նույն հանձնաժողովականը ուղիղ նայում էր թղթակցի աչքերին. «Այդպիսի բան չի եղել»։ Հակառակը ասում էին նրա աչքերի փայլը ու ցինիկ ժպիտը։ Բայց մեր Քրեական օրենսգիրքը աչքերի արտահայտությունն ու փայլը դեռեւս ապացույց չի համարում։ Մեր թղթակիցը մի տեղամասում տեսել էր Ստ. Դեմիրճյանի ծեծի ենթարկված վստահված անձին՝ երիտասարդ աղջկա։ Դեպքը տեղի էր ունեցել «առանց ականատեսների». տեղամասում բոլորը ժխտել են, թե նման բան են տեսել։ Նման պատմությունների շարքը շարունակելն իմաստ չունի, հակառակ դեպքում ուղղակի պիտի վկայակոչենք «Առավոտի» բոլոր նախորդ համարները, որոնցից յուրաքանչյուրում կան պատմություններ «լռողների» մասին՝ լինեն դրանք ընտրատեղամասերում, դատարաններում, թե «Առագաստում»։ Աշխարհի 12 երկրների լրագրողներով քննարկում էինք մեր երկրների պրոբլեմները։ Շվեդն ու եգիպտոսցին զարմացան, թե ինչպես է հնարավոր ապրել Հայաստանում կամ Խորվաթիայում, եթե այդ երկրներում չկա տաք ջրամատակարարում։ Այդ դեպքում գուցե ցանկանո՞ւմ ենք, որ հետ գան խորհրդային կարգերն իրենց բոլոր բարիքներով։ Մենք երկուսով ահաբեկված բացականչեցինք՝ իհարկե՝ ոչ։ Ամեն մեկս ի՛ր պատճառը բերեց, բայց դրանք զարմանալիորեն նման էին իրար։ «Մենք կեղծիքի երկրում էինք ապրում» եւ «մեզ ծննդյան օրվանից սուտ խոսել էին սովորեցնում»։ Եվ հիշեցինք միակ ազնիվ ու հզոր կոմունիստական կուսակցության, 100%-ը գերազանցող արտադրական ցուցանիշների, անշեղորեն առաջ գնացող եղբայրական հանրապետությունների, ամենաարդար ու անկաշառ սովետական դատարանի մասին։ Ու նաեւ այն մասին, որ այդ ամենը սկսվում էր մանկապարտեզից՝ ամենա-Լենին պապիկի ու երեխաների հավաքած ամենահամեղ հապալասներից, շարունակվում միջնակարգ դպրոցի շաբաթօրյակներով եւ երբեք չէր ավարտվում՝ ոչ բուհերում գիտական կոմունիզմի, ոչ էլ հետագա կոմունիստական աշխատանքային պայքարի շղթայում։ Ու մենք դաստիարակվում էինք որպես համոզված, ձեւավորված-վերջացած սուտասաններ։ Այս տարիների ընթացքում մեզ մոտ փոխվել է ամեն ինչ, բացի, թերեւս, միայն սուտասանների հասարակության նկատմամբ պահանջարկից։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել