Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ, ՍՓՅՈՒՌՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 29,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ, ՍՓՅՈՒՌՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Մարտի 2117223172ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացավ Եվրոպահայ մամուլի առաջին ֆորումը։ Նպատակն էր՝ համախմբել տարբեր երկրներում լույս տեսնող հայ մամուլի ներկայացուցիչներին եւ նրանց միջեւ ստեղծել հաղորդակցության կապեր։ Քննարկումներ ծավալվեցին մասնավորապես հետեւյալ հարցերի շուրջ՝ Եվրոպահայ մամուլը որպես լեզվի, մշակույթի, ազգային նկարագրի պահպանման միջոց, ինչպիսին է Եվրոպայի հայկական մամուլի վիճակը, համագործակցությունը օտարերկրյա տեղեկատվության միջոցների հետ, լոբբիստական աշխատանքը եւ հայ մամուլը, Հայաստանը՝ եվրոպահայ մամուլում, Սփյուռքը՝ հայաստանյան մամուլում։ Ստեղծվեց բանաձեւ եւ ժամանակավոր հանձնախումբ։ Քննարկումներ ծավալվեցին տեղեկատվական կենտրոնի ստեղծման շուրջ, որի միջոցով կհամակարգվի տեղեկատվությունը լրատվամիջոցներին։ Ֆորումին հրավիրված էին Եվրոպայում լույս տեսնող հայկական լրատվամիջոցների եւ հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարներ։ Եվ հորդեց կոմիտասյան մեղեդին Ֆորումը բացվեց մեծագույն մի անակնկալով. դասական երաժշտության համերգով, անհավատալի ու աներեւակայելի գեղեցկությամբ հայտնի Եվրոպայի միջնադարյան պալատներից մեկում՝ Սլովակիայի քաղաքապետարանի Հայելապատ դահլիճում, մի դահլիճ, որտեղ 1805 թվականին Նապոլեոնը կնքել է իր հայտնի զինադադարի պրեսբուրգյան պայմանագիրը։ Կապույտ պարեգոտով դահլիճ է մտնում առաջին կատարողը՝ դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանը եւ հորդում է կոմիտասյան մեղեդին՝ «Գարուն ա, ձուն ա արել», «Ծիրանի ծառ», «Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ, կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունիս՞»։ Ու կասեն հետո սլովակները, որ «Հայաստանը ճանաչելու համար բավարար չէ Հայաստանում լինել, Հայաստանը ճանաչելու համար անհրաժեշտ է անպայման Կոմիտաս ունկնդրել՝ զգալու այն, ինչ անկարելի է խոսքով ըմբռնել» (Ռոդոլֆ Ժիակ, Սլովակիայի պառլամենտի արտաքին դեպարտամենտի փոխնախագահ), իսկ վարչապետ, արդարադատության նախարար ու ապագա նախագահական ընտրություններում լուրջ հայտ ներկայացրած հայտնի քաղաքական գործիչ Յան Չառնագուրսկին կասի. «եւ այսպես, մեր հայ բարեկամները կես տասնամյակում Սլովակիան վերածեցին Հայաստանի մշակութային գաղութի, զրկելով նրան վերջերս ձեռք բերած անկախության ստատուսից»։ Դա կասվի հետո, համերգից հետո, իսկ մինչ այդ Ալեքսանդր Հարությունյան՝ «Սասունցիների պար», Առնո Բաբաջանյան՝ «Վաղարշապատի պար», եւս մեկ գործ Հարությունյանից՝ «Կոնցերտ շեփորի ու դաշնամուրի համար»։ Սակայն այս վերջինի կատարման ընթացքում հայ դաշնակահարուհու կողքին շեփորում էր սլովակ երիտասարդ տաղանդավոր երաժիշտը՝ Բրատիսլավայի օպերայի մենակատար Լյոբոմիր Կամենսկին, հիացնելով բոլորին հայ երաժշտության նրբերանգներին տիրապետելու յուր անբացատրելի հմայքով։ Համերգի վերջում կատարվեց քսաներորդ դարի երաժշտության հանճարի՝ մեծն Խաչատրյանի «Տոկատան»։ Իսկ Կոմիտասյան երգերը չափազանց ուրույն ու գեղեցիկ էր ներկայացնում Ավստրիայում ծնված ու մեծացած եւ մինչ օրս Հայաստանը չտեսած Սեւանը (Սեւան Հովսեփյան, սոպրանո, Վիեննա՝ օպերային ու համերգային երգչուհի)։ Համերգին իր մասնակցությունն էր բերել նաեւ Բրատիսլավայի օպերայի մեներգիչ, տենոր Գուրգեն Հովսեփյանը։ Համերգից հետո, տեղի համայնքի ղեկավարության կողմից տրված ճոխ ընթրիք-ընդունելության ժամանակ փոխանակվում էին մտքեր տեսած-լսածի շուրջ։ Ֆորումի եւ միջհամայնքային կապերի անհրաժեշտությունը Այս հարցերի շուրջ իր տեսակետն է ներկայացնում Սլովակահայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Եվրոպահայ համայնքների աշխատանքների կենտրոնացման համար հինգ տարի առաջ կյանքի կոչվեց հատուկ մի կազմակերպություն (ԵՀՄՖ), որի ծնողը, սնողը եւ ֆինանսավորողը շվեյցարահայ գործարար, Հայաստանում գործող լավագույն ժամանակակից արտադրություններից՝ ոսկերչական իրերի գործարանի սեփականատեր Թորոս Սակերյանն է։ Գործարարների (Ժնեւ), իրավաբանների (Փարիզ), քաղաքական ֆորումի (Ուպսալա, Շվեդիա) եւ այլ կարեւոր հավաքներից հետո հերթը հասավ ամենակարեւորներից մեկին՝ լրագրողների ֆորումին։ Հարկ էր կենտրոնացնել լրագրողների աշխատանքները, համակարգել այլ ոլորտների ներկայացուցիչների գործունեության հետ, դնել առավել համագործակցելու հիմքեր՝ հենց իրենց լրագրողների միջեւ եւ կոորդինացնել Հայ դատի շուրջ տրվող լրատվական գործունեությունը։ Ներկայացված կարեւորագույն գաղափարն, անկասկած, առաջին զեկուցման մեջ էր պարփակված, որի իմաստը ողջ աշխարհում իր խոր արմատներով ու ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող հայկական լոբբիստական կառուցվածքների կողքին գործող լրատվական կենտրոնների համար համադրիչ կենտրոնի եւ այնուհետեւ քաղաքական ու տնտեսական գործունեությունը համակարգող ընդհանուր լոբբիստական կենտրոնի ստեղծման գաղափարն էր, որի իրականացման համար սլովակյան համայնքը պատրաստ է տրամադրել ամեն անհրաժեշտը. գրասենյակ, աշխատակազմ եւ գումարներ։ Նախաձեռնող կողմը (համայնքի նախագահ՝ Աշոտ Գրիգորյան) պատրաստ է նաեւ կազմակերպել հանդիպումներ մնացյալ տարածաշրջանների հայ քաղաքական ու տնտեսական գործիչների հետ՝ գործունեության միացյալ պլանավորման, գաղափարների քննարկման ու դրանց շուրջ համախմբման միտումով։ Ըստ կազմակերպիչների, հնարավոր է Բրատիսլավային զուգահեռ նաեւ այլ քաղաքներում ստեղծել լոբբիստական-լրատվական կենտրոններ, իհարկե միմյանց միջեւ ներդաշնակ համագործակցություն ակնկալելու պայմանով։ Քաղաքական ոլորտն, անկասկած, պարունակելու է մեր ազգի համար կարեւորագույն խնդիրները. ցեղասպանության, շրջափակման, արցախյան պրոբլեմները եւ Եվրոմիություն մտնելու խնդիրը։ Այս առումով անհրաժեշտ է աշխատանքները կոորդինացնել ոչ միայն արտերկրում գործող համայնքների ու Հայաստանի միջեւ, այլեւ աշխատել տարբեր երկրներում հայկական համայնքներին բարեկամ քաղաքական ուժերի հետ։ Այսինքն, անհրաժեշտ է ոչ միայն օգտագործել տարբեր տեղական ուժերին ու կուսակցություններին, այլեւ նախ օգնել նրանց իրենց համար կարեւոր, կենսական հարցերի լուծման հարցում, եւ նոր միայն նրանցից սպասելիքներ ունենալ։ Սլովակիայի օրինակով, կարող ենք ասել, որ այս երկրի քաղաքական գործիչները ոչ միայն կարող են Հայաստանին սատարել իրենց պառլամենտում հայանպաստ քաղաքական խնդիրների լուծման համար, այլ նաեւ, Եվրախորհրդարանում ու այլ եվրոպական կառույցներում, ինչպես նաեւ ԱՄՆ սենատում (որտեղ սլովակներն ունեն իրենց սփյուռքի ներկայացուցիչներն ու լոբբիստները)։ Քաղաքականությունը, ճիշտ բիզնես172ոլորտի պես՝ առեւտուր է։ Քիչ թե շատ լուրջ քաղաքական խնդիր լուծելու համար պետք է պատրաստ լինեն բարտերի՝ ապրանքափոխանակման։ Այսինքն, նախ դու պետք է հող պատրաստես դիմացինին օգնելու ճանապարհով, եւ նոր միայն դիմես նրան խնդրանքով։ Ահա այստեղ է, որ հայ համայնքները կարող են միմյանց օգնել առաջինը լրատվական կենտրոնների միջոցով՝ ներկայացնելով տարբեր երկրների համայնքներին, տվյալ քաղաքական գործընկերոջ խնդրո առարկան, նրան հուզող պրոբլեմը՝ ստեղծելով շահեկան կարծիք մեր գործընկերոջ համար օտարալեզու հայկական մամուլի եւ այլ հնարավոր միջոցների օգնությամբ։ Խիստ անհրաժեշտ է նաեւ համադրող կենտրոնի ստեղծումը տնտեսական ոլորտում։ Հրամայական անհրաժեշտություն է դարձել սփյուռքահայ գործարարների հետ ընդհանուր տնտեսական զարգացման համադրող կենտրոն ստեղծելը։ Ընդ որում անհրաժեշտ է ոչ միայն դեպի Հայաստան ներդրումներն ուժեղացնելու գործընթացը բազմապատկել, այլ նաեւ կազմակերպել ներդրումների առաջարկությունների փաթեթ եվրոպական (հատկապես արեւելաեվրոպական) երկրներում՝ եւ՛ հայաստանյան, եւ՛ եվրոպական ու ամերիկյան հայ գործարարներին ընդգրկելու նպատակով։ Սա մեզ կտա եւ՛ տվյալ երկրում մեր ազդեցությունը մեծացնելու հնարավորություն, եւ՛ Հայաստանից արտահանումը սատարելու միջոց ու մեր գործարարները լուրջ շահեր կարող են ակնկալել։ Ընդ որում, այն ոչ մի կերպ չի խոչընդոտի դեպի Հայաստան ներդրումներ ուղղելու գործընթացին։ Այս եւ այլ խնդիրների շուրջ ֆորումի մասնակիցները խիստ կրքոտ քննարկումներ ու կլոր սեղաններ անցկացրին։ Կային նաեւ հակառակ կարծիքներ. եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ։ Բացառությամբ մի դեպքից, որի մասին եւս կխոսենք, քննարկումներն անկեղծ ու գործնական էին։ Մեծ տհաճություն առաջացրեց միայն Վիեննայում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանի (վերջինս հրավիրված չէր ֆորումին, այլ հրավիրվել էր պաշտոնական համերգին) խիստ անհարկի ելույթը վերն առաջարկված խնդիրների եւ հատկապես Հայաստանում խոսքի ազատության «բացարձակ բացակայության» (ըստ պարոն դեսպանի թյուր կարծիքի) վերաբերյալ։ Ըստ նրա, լրագրողը պարտավոր է բոլոր հարցերը ներկայացնել արտասահման՝ անխտիր օբյեկտիվ (օրինակ, արցախյան կամ ցեղասպանության խնդիրները)։ Մնում է միայն հասկանալ, որն է դեսպանի օբյեկտիվը (նա հայտարարեց, որ իր համար «չկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ»), հարցի հայկական տարբերա՞կը, թե՞ թուրք-ադրբեջանականը։ Այս կարծիքների տարածման համար մենք չենք զարմանում, քանի որ մեր ամերիկացի դեսպանը (այո, հայ դեսպանը դեռեւս հպարտանում է իր ամերիկյան անձնագրով, որը նա «…երբեք չի փոխարինի հայկականով») երբեւիցե չապրելով Հայաստանում, բացարձակ պատկերացում չունի հայ իրականության վերաբերյալ եւ հայկական մամուլի մասին դատում է ճիշտ ավստրիացու պես, վերջինիս նկատմամբ ունենալով միայն այն առավելությունը, որ ինքը նաեւ հայերեն կարդալ գիտի։ Մի բան միայն պարզ է, որ այս «դեսպանը» զրկվեց Եվրոպահայ ֆորումում երբեւիցե ելույթ ունենալու հնարավորությունից (ամեն դեպքում այսպիսին էր համարյա բոլոր վրդովված մասնակիցների կարծիքը)։ Ֆորումում քննարկված այլ խնդիրները նույնպես հետաքրքրական էին (լեզվի ու մշակույթի պահպանման, օտարալեզու հայ մամուլի եւ այլ խնդիրներ), սակայն դրանց շուրջ կարող ենք անդրադառնալ հետագայում։ Ավելացնենք միայն, որ ֆորումը համաձայնվեց հայկական ռադիոյի գլխավոր տնօրեն պրն Արմեն Ամիրյանի առաջարկության հետ, մեդիալ ֆորումի հաջորդ հավաքն անցկացնել Հայաստանում՝ սեպտեմբեր ամսին՝ Ծաղկաձորի գրողների տանը։ Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Բրատիսլավա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել