Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՍՊԱՍԵԼՈՎ

Ապրիլ 29,2003 00:00

ՄՆԱՑԻՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՍՊԱՍԵԼՈՎ Ապրիլի 26-ին եւ 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից։ Թեեւ տարբեր բնակավայրերում կուսակցական ցուցակի առաջնորդներ Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանն ընտրազանգվածին հավաստիացնում էին, որ «ոսկե սարեր» չեն խոստանալու, «մի քանի սոցիալական սար», այնուամենայնիվ, խոստացան։ Հանրապետականների ծրագրային դրույթներին առաջինը ծանոթացան սիսիանցիները։ Ինչպես այս, այնպես էլ մարզի տարբեր շրջաններում հանրապետականների ելույթներն ամփոփում էին տեղի դպրոցի ուսուցիչները՝ բոցաշունչ, գեղարվեստական ոճով։ Կարեւորելով ՀՀԿ-ի դերն ու նշանակությունը երկրի համար, Սիսիանի թիվ 4 դպրոցի մի ուսուցչուհի ցիտեց Համո Սահյանից. «Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու ոչ կասի իր արյան շրջանառությանը»՝ ակնարկելով, հավանաբար, ՀՀԿ-ի «դոնորական» գործունեությունը։ Թեեւ մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր, բայց սիսիանցիներից ոմանք նշեցին, որ հենց այնպես են եկել՝ ժամանակ անցկացնելու, կամ էլ՝ թամաշայի համար. «Եկել ենք, որ տեսնենք Հայաստանում ինչ տեսակ ֆիրմա մաշիններ կան»։ Սիսիանցիներն առիթը չկորցրին նաեւ լրագրողներին իրենց սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից բողոքելու։ Իսկ Հեղուշ տատը վճռականապես որոշել էր, որ «Ով ինձ գումար տա, նրան էլ կընտրեմ»։ Եվ ափսոսանքով նշեց, որ դեռեւս իրենց քաղաք քարոզարշավի եկած կուսակցություններից ոչ մեկը ընտրակաշառք չէր բաժանել, կամ էլ, նրա ենթադրությամբ, բաժանել էր, բայց իրեն դրանից բաժին չէր հասել։ Ի տարբերություն Սիսիանի, հանրապետականները բուռն ընդունելության արժանացան մարզկենտրոնում՝ Կապան քաղաքում։ Կապանի հրապարակը ողողված էր եռագույններով, իսկ մի խումբ երեխաներ գլխից վերեւ բռնած պահում էին բազկին եւ մտքին ապավինող ցուցապաստառները։ Այստեղ ՀՀԿ-ին առիթ ներկայացավ վերջին երեք տարիներին արած գործերից խոսելու. «Հանրապետական կուսակցության արած գործերը ցույց են տվել, որ այս կուսակցությունը տարբերվում է մյուսներից այն բանով, որ այստեղ պետականության գիտակցումը շատ մեծ է։ Կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը մեծ ուշադրություն է դարձրել հայկական զինված ուժերին։ Բազմաթիվ սպաներ եւ ծառայողներ բնակարաններ են ստացել, եւ այսօր վարչապետի նախաձեռնությամբ հանրապետությունում չկա մի զոհվածի ընտանիք, որը բնակարանի խնդիր ունենա»,- նշեց Սերժ Սարգսյանը։ Գրեթե ամենուր Սյունիքի մարզպետ Էդուարդ Բարսեղյանն իր երկարաշունչ ելույթներով լրացնում էր կուսակցության անդամներին, իր հերթին կոչ անելով ընտրել հանրապետականներին։ Երբեմն հռետորների ելույթներն արժանանում էին բացասական արձագանքների։ Կապանցի Գայանե Ղազարյանն էլ առիթն օգտագործեց տեղական իշխանություններին մի լավ գովաբանելու, քանի որ նրանց օրոք էր, որ մարդկանց հարգանքն իր նկատմամբ վերականգնվել է. «Շատ լավ շնորհքով մարդիկ են, ինչ որ անում են՝ շնորհքով են անում։ Մեր քաղաքը սիրունացել է, ժողովուրդը կամաց-կամաց ապրում է։ Ես էլ մեծ կին եմ, որ փողոցով գնում եմ, մարդիկ ինձ արդեն հարգում են»։ Սյունեցիների համար կարեւորելով սահմանների պաշտպանության հարցը, ՀՀԿ-ն ծրագրային դրույթներից կանգ էր առնում հայոց բանակի հետագա զարգացման եւ հզորացման խնդիրների վրա։ Արծարծվում էին նաեւ գյուղատնտեսությանը զարկ տալու, փոքր եւ միջին ձեռնարկատերերին երկարաժամկետ վարկեր տրամադրելու հարցերը։ Սոցիալ-տնտեսական լուծվելիք խնդիրներ մարզում շատ կային ու չեն լուծվում։ Այդ մասին վկայում էին մարդիկ, ովքեր բազմությունը եւ թիկնազորը ճեղքելով, հասնում էին կուսակցության լիդերներին եւ փոխանցում նամակներ։ Նամակներից մեկն էլ, հղված պրն վարչապետին, բաժին ընկավ «Առավոտին». «Պրն վարչապե՛տ, Դուք Կապան գալիս եք միայն ընտրության օրերին։ Մի անգամ էլ ժողովրդին հուզող հարցերի համար այցելեք, սոցիալական կյանքով հետաքրքրվեք։ Մենք այլեւս ձեր խոստումներին չենք հավատում»։ Կային մարդիկ, ովքեր ցանկություն հայտնեցին իրենից հարցերը բարձրաձայն տալ եւ տեղում պատասխաններ ստանալ, սակայն նրանց առաջարկվեց հարցերը գրավոր հղել։ Այս անգամ էլ պատճառաբանվեց, թե հարցերը խմբագրված չեն, եւ Երեւան հասնելուն պես կընթերցվեն եւ պատասխանները կուղարկվեն տեղի կուսակցության գրասենյակ, հարցերից, այնուամենայնիվ, մի քանիսը բարձրաձայն ընթերցվեցին խմբագրված։ Արարատ Գեւորգյանին հետաքրքրում էր, թե «Կապանի համար տնտեսության զարգացման ուղղությամբ կուսակցությունն ինչպիսի նոր քաղաքականություն է մշակել»։ Ա. Մարգարյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթին, որը մասնավորապես նշելով իր հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ լինելու հանգամանքը, խոստացավ Ռուսաստանից 60 մլն դոլարի ներդրումներ բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար։ Ընտրազանգվածի հետ հանդիպումներ եղան նաեւ Ագարակում, Քաջարանում։ Վերջինիս քաղաքապետ Վարդան Գեւորգյանն արձանագրեց, որ վերջին 10 տարիներին արտագաղթը շրջանցել է իրենց քաղաքը, նույնիսկ ներգաղթ է գրանցվել. «Սա Երեւանը կամ Կիրովականը չէ, ընդհակառակը՝ հանրապետության մյուս քաղաքներից՝ Աբովյանից, Արզնիից, գալիս են մեզ մոտ ապրելու։ Բնակարանները նույն գնով են գնվում եւ վաճառվում, ինչը Երեւանում։ Մեր բնակչության մեծ մասն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մնացածները՝ սպասարկման ոլորտում»։ Ագարակի բնակիչ Վազգեն Թումանյանին հետաքրքրում էր խնայբանկի ավանդների հարցը, որին վարչապետն այսպես պատասխանեց. «Այդ հարցին անպայման անդրադառնալու ենք, եթե դուք էլ չէ, ձեր թոռներն անպայման կստանան»։ Բարձրացվեց նաեւ տարերային աղետի հետեւանքով կրած վնասների հարցը։ Այս դեպքում էլ, ինչպես հաճախ, մարզպետը կողքից օգնեց վարչապետին՝ այդ հարցն արդեն ընթացքի մեջ է։ Հանրապետականների հանդիպումների շարքն ավարտվեց Գորիսում։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել