Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԱԿՑԻԶԱՎՈՐՎԱԾ ԾԽԱԽՈՏՈՎ ՕԳՆԻ»

Մայիս 08,2003 00:00

«ԹՈՂ ԱԿՑԻԶԱՎՈՐՎԱԾ ԾԽԱԽՈՏՈՎ ՕԳՆԻ» Երեկ իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հարկային պետական ծառայության պետ Երվանդ Զախարյանն ասաց, թե անհանգստացած չէ մեծ թվով գործարարների՝ ԱԺ-ում ընդգրկվելու հեռանկարից։ Նկատի ունենանք, որ այդ մեծ թվով գործարարները մեծ թվով օբյեկտներ, ձեռնարկություններ ու ընկերություններ ունեն։ Այլ կերպ ասած, նրանք ընդհանրապես հանրապետությունում «եղանակ ստեղծող» են։ Համենայնդեպս, առաջադրված գործարարներից գրեթե յուրաքանչյուրի՝ ԱԺ-ում ընդգրկվելու հավանականությունը շատ մեծ է։ Համագործակցելու եւ «միասին աշխատելու» ցանկություն դրսեւորելու պարագայում նրանք «համապատասխան» «եղանակ» կարող են ստեղծել նաեւ խորհրդարանում։ Ուստի, թեեւ քիչ հավանական է, բայց գործնականում չի բացառվում, որ անցկացնեն իրենց ցանկալի օրենքներն ու վտանգեն պետբյուջեի մուտքերը։ Սրա վերաբերյալ լրագրողի հարցին Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Եթե գործարարներն անգամ չմտնեն ԱԺ, ապա հնարավորություն ունեն այլ մարդկանց խցկելու։ Այնպես որ, տարբերություն չկա, գործարարնե՞րն են մտնում ԱԺ, թե՞ նրանց կողմից հովանավորվող անձինք»։ Բացի այդ, պարոն Զախարյանը նկատեց, որ տնտեսությանն առնչվող օրինագծերը հիմնականում հեղինակում է կառավարությունը, «այնպես որ, նրանք կառավարության վրա որոշակի ազդեցություն չեն կարող ունենալ»։ Նա միաժամանակ կարեւորեց գործարարների առաջարկություններն ու տեսակետները «առողջ, մաքուր հարկային դաշտ ստեղծելու» գործում, որոնք հաշվի են առնվում։ Իսկ, օրինակ, «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը դեռ պատգամավոր չի դարձել, բայց արդեն «թքողական» վերաբերմունք է արտահայտել մասնավորապես օրենքներից մեկի նկատմամբ, կասկածի տակ դնելով թե՛ իր գրելիք օրինագծերի հեղինակությունը, թե՛ ընդհանրապես իր պետական մտածելակերպ ունենալ-չունենալու հանգամանքը։ Հիշեցնենք, «Գրանդ» խմբի ձեռնարկությունների կողմից արտադրված եւ չդրոշմավորված ծխախոտի հայտնաբերումից եւ իր ձեռնարկություններում հարկային մարմինների կողմից ստուգումներ սկսելուց հետո պարոն Վարդանյանն «Առավոտին» հայտնել էր. «Վստահ ասում եմ՝ ես բաժանել եմ (Նոր տարվա նվերներ, որոնց մեջ՝ 10 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի սիգարետ- Ա. Ու.), մյուս նոր տարուն էլ եմ բաժանելու ու մի՛շտ եմ բաժանելու, եւ օրենքը խախտելու եմ՝ առանց դրոշմանիշերի եմ բաժանելու ժողովրդին»։ «Առավոտի»՝ «Ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարությանը» հարցին, ՀՊԾ ղեկավարը պատասխանեց. «Շատ բացասական եմ վերաբերում դրան ես։ Նախ, արդեն դեպքն արձանագրվել է։ Եվ եթե պարոն Վարդանյանն ուզում է օգնած լինել, չգիտեմ որ խավի մասին է խոսքը (հիշեցնենք, խոսքը «մեր ժողովրդի, նաեւ հարկային, մաքսային մարմինների, խորհրդարանի, նախագահի եւ վարչապետի աշխատակազմերի, լրատվամիջոցների» մասին էր, որոնցից էլ «սոցիալապես վատ ապահովված մի շարք մարդիկ տարել եւ վաճառել են դրանք»- Ա. Ու.), ապա նա կարող է կանխիկ դրամով ծխախոտ գնել, ակցիզավորված ծխախոտով օգնել»,- սիրելի ժողովրդին լավություն անելու օրինական ձեւը գործարար Հրանտ Վարդանյանին հուշեց Երվանդ Զախարյանը։ ՀՊԾ պետը միաժամանակ հատուկ պարզաբանեց, որ «անգամ արտադրողին, այդ թվում նաեւ պարոն Վարդանյանին արգելվում է չակցիզավորված ծխախոտով որեւէ մեկին օգնություն ցույց տալ։ Եթե պարոն Վարդանյանը շարունակի հետագայում նույնպես օգնություն (նկատի ունի նույնպիսի օգնությունը- Ա. Ու.) ցույց տալ, նորից կարձանագրենք»։ Իսկ արձանագրելը որոշակի պատասխանատվություն է ենթադրում։ Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե հատկապես «նոր տարվա նվերներն» են հայտնաբերվածները, բայց մյուս կողմից Հրանտ Վարդանյանը ճիշտ է նկատում, թե «այս 4 տարի է բաժանում եմ դրանք, ինչո՞ւ միայն նոր նկատեցին»։ Ասուլիս հրավիրելու առիթը, սակայն, պետբյուջեի կատարման բարձր ցուցանիշներն էին։ Այս տարի նախատեսվում է 13 միլիարդ դրամով ավելի հարկերի հավաքագրում նախորդի համեմատությամբ։ Ե. Զախարյանի տվյալներով, բոլոր հարկատեսակների գծով (բացառությամբ բնական պաշարների օգտագործման վճարների) մուտքերի աճ է արձանագրվել։ Կրճատվել է անգամ հայտարարագրված վնասի չափը (100 մլրդ դրամով)։ Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ պլանները մեծացել են, իսկ օրենսդրական փոփոխությունների պատճառով «որոշ ապրանքներից ԱԱՀ-ի գանձումը տեղափոխվեց սահման, այսինքն պետք է գանձեն մաքսավորները, իսկ էներգետիկայից, ծխախոտի արտադրությունից, «ԱրմենՏելից» մուտքերի աճ չի սպասվում», ուստի հարկահավաքների գործը դժվարանում է, սակայն Ե. Զախարյանը վստահ է, որ բյուջեի նախատեսված միջոցներն անպայման կհավաքագրվեն։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել