Լրահոս
Օրվա լրահոսը

«92-ին հացը պետություն լինել-չլինելու խնդիր էր»

Մայիս 08,2003 00:00

«92-ին հացը պետություն լինել-չլինելու խնդիր էր» Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության Արագածոտնի մարզի Աշտարակի ենթաշրջան երեկ կատարած այցելությունը մի հին հումոր հիշեցրեց։ Մի ղարիբ թակում է առաջին պատահած տան դուռը։ Դուռը մի կին է բացում։ Ղարիբն ասում է. «Մայրիկ ջան, մի բաժակ ջուր կտա՞ս, ընենց սոված եմ, համ էլ քնելու տեղ չունեմ»։ Մարդիկ հարցերով փորձում էին պարզաբանումներ ստանալ հիմնականում ոռոգման ջրի հետ կապված խնդիրների շուրջ, ապա՝ աշխատատեղեր, անգամ՝ «եռաֆազերի» մասին հարցեր հնչեցին։ Եվ քանի որ կարեւորագույն խնդիրը, այնուամենայնիվ, ոռոգման ջրի հարցն էր, ՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանը մանրամասն ներկայացրեց կուսակցության ծրագրի այդ հատվածը։ «Գարնանը պետությունը պարտավոր է գյուղացուն ջրով ապահովել՝ պայմանագիր կնքելով գյուղացու հետ, որպեսզի վարձը վճարվի աշնանը»,- առաջարկում է ՔԴՄ-ն։ Նաեւ՝ «ջրաչափը տեղադրվի գյուղը ջրով ապահովող խողովակի վրա եւ պայմանագիր կնքվի գյուղապետարանի հետ»։ Այսինքն, գյուղապետարանն իր բյուջեից վճարում է գյուղի օգտագործած ողջ ջրի համար, իսկ գյուղացին իր օգտագործած ջրի համար վճարում է գյուղական համայնքին։ «Հզորացնենք համայնքը, որպեսզի պետությունն էլ ուժեղ եւ կայուն լինի»,- եզրափակեց ՔԴՄ նախագահը։ Շարունակելով գյուղական թեման Օշական գյուղում, ՔԴՄ նախագահը նաեւ նկատեց. «50-ականների գյուղն ավելի աղքատ էր, բայց ժողովուրդը դառնացած չէր, վաղվա օրվա զգացումն ու հույսը չէր կորցրել»։ Ուստի կոչ արեց այնպիսի ընտրություն կատարել, որ «իշխանությունը մեզ իշխող չլինի, այլ ժողովրդի արժանապատիվ կյանքն ապահովողը»։ Այս սկզբունքից ելնելով Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատները կարծում են, որ «աշխարհը մեզ ճանաչում է Ցեղասպանությամբ, ԼՂՀ հարցով ու երկրաշարժով։ Տպավորություն է, թե մենք խղճուկ, արեւի տակ տեղ չունեցող ազգ ենք (…)։ Մինչդեռ, նույնիսկ առանց պետականության մշակույթ ենք ստեղծել։ Ու դա էլ մեր հիմնական այցեքարտը պետք է լինի, որն էլ մեր իրավունքների գրավականը կլինի եւ ամենատարբեր ատյաններում կսկսեն մեզ հարգել ու ընդունել»։ Մարդկանց տրամաբանորեն հետաքրքրում էր մի հարց եւս. ի՞նչ է արել Խոսրով Հարությունյանն իր վարչապետության օրոք։ Պատասխանը միանշանակ էր. «Այն ժամանակ պատերազմ էր եւ հացի խնդիր։ Իսկ 92-ին հացը ոչ թե սոցիալական հարց էր, այլ անկախ պետության լինել-չլինելու»։ Աշտարակցիներին հետաքրքրում էր նաեւ ՔԴՄ-ի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Չնայած կուսակցությունն այդ փաստաթուղթը դեռ չի հասցրել քննարկել եւ հստակ դիրքորոշում չուներ, այնուամենայնիվ, կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն իր տեսակետը հայտնեց. «Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը»։ Նաեւ՝ «հանրաքվեն բացառիկ քաղաքական ակցիա է եւ այլ միջոցառման հետ չպետք է խառնվի։ Այն մեկ անգամ է քվեարկվում եւ ամենայն պատասխանատվությամբ պետք է դրան վերաբերվել»։ Այնուամենայնիվ, ՔԴՄ առաջնորդը նաեւ կարծում է, որ «դրական փոփոխություններ կան»։ «Անկախ Հայաստանը ապագա ունի»,- վստահ է ՔԴՄ նախագահը, ուստիեւ ամենուր կոչ էր անում՝ քվեարկել «խղճով»։ ՔԴՄ-ն նախընտրական հանդիպումներ ունեցավ նաեւ Ոսկեվազ, Կոշ, Արուճ գյուղերում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել