Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՅԱՆԻ ՀԱՅԱՑՔՆ Է ՊԱԿԱՍԵԼ

Հուլիս 08,2003 00:00

ՍԱՀՅԱՆԻ ՀԱՅԱՑՔՆ Է ՊԱԿԱՍԵԼ Ուղիղ 10 տարի առաջ մեզնից հեռացավ Համո Սահյանը Բանաստեղծի որդին՝ իրավաբան Նաիրի Սահյանը մեր զրույցի ժամանակ պատմեց, որ հայրը, երբ տխուր էր լինում, հիշում էր հեռացած-մեծերին. «Հետները զրուցում էր, չէր համարում, թե գնացել են»։ «Ասում են, բանաստեղծների երկրորդ կյանքը սկսվում է նրանց մահվանից հետո։ 10 տարի է անցել Համո Սահյանի մահվանից։ Ի՞նչ կատարվեց այդ ընթացքում, ինչպե՞ս եք զգում նրա բացակայությունը»։ Այդ հարցից սկսվեց զրույցը Նաիրի Սահյանի հետ։ – Ստեղծածը ինչպես կարող է մահանալ։ Այն էլ այնպիսի մի բանաստեղծի, որպիսին Սահյանն էր։ Բանաստեղծները մահ չունեն։ Ուղղակի մարդկանց մոտեցումն է փոխվում։ Երբ կան, շատերը շահագրգռված են, որ նրանց կողքին լինեն. նախանձները, քծնողները, թշնամիները։ Մահվանից հետո այդ վերաբերմունքը փոխվում է։ Թշնամիները կարողանում են հանգիստ գործել, խոսել։ Նախանձողները նույնպես։ Բայց սիրողների համար մեծ ցավ է։ Որպես զավակ էլ շատ ծանր է. ծնող եմ կորցրել։ Պահանջ կա այդ հզոր մարդու ներկայության։ Երբ մենակ էր, չէր խոսում, ուղղակի ինքը կար, նախ քո մեջ մի զարմանալի շարժ էր սկսվում. ինքդ քո աչքին սկսում էիր բարձրանալ։ Ինքը չէր խոսում, դու փոխվում էիր։ Հայրս միշտ ասում էր. «Բանաստեղծության մեջ, բառերից դուրս երաժշտություն կա»։ Ինքն էր լավ կարդում։ Ցավոք, շատ ասմունքողներ դա չեն զգում։ – Նաիրի, օրեր առաջ «Առավոտում» պատկերեցինք քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի «Համո Սահյան» հուշաքանդակը։ Ինչո՞ւ չի տեղադրվում այն։ – Չի գտնվում որեւէ մեկը, որ լուծի քանդակի տեղի հարցը։ – Իսկ դու որտե՞ղ կառաջարկեիր։ – Եթե արդարացի գտնվենք, Սահյանը պոեզիայի մեջ նույն Սարյանը ասես լինի՝ նկարչության մեջ։ Հրաշալի կլիներ հուշաքանդակը Սարյանի այգում տեղադրվեր։ Իրար կողք կողքի։ – Ծննդավայրում՝ Սիսիանում բանաստեղծն իր անունով հիշատակի տարածք ունի՞։ – Հայաստանում բանաստեղծի անունով փողոց չկա։ Հուշատախտակ չկա։ Չի լուծվել տուն-թանգարանի հարցը։ Ժառանգներիս ցանկությունն է նաեւ, որ տուն-թանգարանը լինի այնտեղ, ուր 1960-73թթ. ապրել է հայրս (Կասյան փողոցում)։ Այդ շենքում ապրել են Սեւակը, Վիգեն Խեչումյանը, Սահյանը։ Կասյան փողոցը տրամաբանական կլինի կոչել բանաստեղծի անունով։ Մայրաքաղաքում է անհրաժեշտ գտնել լուծումը։ Մարդիկ հնարավորություն գուցե թե չունենան այցելել Սիսիան։ – Անցյալ տարի հիմնադրվել է «Համո Սահյան բարեգործական հիմնադրամը»։ Ինչո՞վ է զբաղվելու այն։ – Հիմնադրամը հետապնդում է գիտական, մշակութային, բարեգործական նպատակներ եւ զբաղվելու է Համո Սահյանի կենսագրական նոր փաստերի, փաստաթղթերի հայտնաբերման, գիտական արժեքավորման գործով։ Արխիվները շատ քիչ են, կան անհատների մոտ ձեռագրեր, նկարներ, որոնք վաճառում են։ Ձեռնպահ եմ մնում տալ նրանց անունները։ Ես էլ գնամ գնեմ՝ կտան։ Ժառանգները նույնպես իրավունքներ ունեն։ Մենք չենք գնում այդ ճանապարհով։ Եթե առաջնակարգը տրամվայի գծերն են, թող շարունակեն գցել ու հավաքել։ Սահյանն է վերջին հաշվով մեզ ճանաչել տալու։ Սահյանի համար անհնարին ոչինչ չպիտի լինի։ – Սահյանն իր կենդանության օրոք ո՞ւմ էր գնահատում։ – Բակունցին շատ էր սիրում։ Ասում էր մեծագույն արձակագիր է։ Գնահատում էր Աբիգ Ավագյանին։ Ճանապարհը դեպի Տերը՝ տիեզերական ներդաշնակություն տանողն է։ Այդ ամերիկացիներն են, որ Էլիզաբեթ Թեյլորի աչքերը Պելեի ոտքերի հետ են համեմատում։ Ինչը մերը չէ։ Մինչեւ հիմա ապշած եմ, թե Սահյանը ոնց է տեսել։ Արթուն էր։ Մենք՝ քնած։ Այդ արթուն հայացքն է պակասել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել