Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՀՆՉԵՂ ԴԱՐՁԱԾ ԳՈՐԾԵՐ

Սեպտեմբեր 06,2003 00:00

ԿԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՀՆՉԵՂ ԴԱՐՁԱԾ ԳՈՐԾԵՐ Գտնում է գլխավոր դատախազ Արամ Թամազյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը օգոստոսի 29-ին բավարարեց գլխավոր դատախազ Ա. Թամազյանի բողոքը՝ «անմեղսունակ» Միշա Հայրոյի Քալանթարյանի (սպանել էր հայտնի գործարար Հովհաննես Մանուկյանին) գործը ուղարկելով նոր քննության։ Նույնպիսի մի «անմեղսունակ» էլ սպանել է Արգավանդ գյուղի նախկին գյուղապետ Արտաշ Մկրտչյանին։ «Անմեղսունակությունը չի՞ դառնում հովանավորչություն» հարցից էլ սկսվեց Արամ Թամազյանի հետ մեր հարցազրույցը։ – Մի շարք գործերով, երբ անձինք ճանաչվել են անմեղսունակներ՝ հանցագործությունը կատարելու պահին, օրենքով սահմանված կարգի համաձայն, դատարանի կողմից կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ։ Նրանք խիստ հսկողության հոգեբուժական հիվանդանոցում են պատիժները կրում։ Մեր տեսադաշտում եղել են մի քանի գործեր, որ կարճ ժամանակ անց այդ մարդիկ խիստ հսկողության հոգեբուժական հիվանդանոցից տեղափոխվել են ընդհանուր եւ հնարավորություն են ունեցել այնտեղից դուրս գալ։ Ինչը, անշուշտ, մեզ մտահոգում է։ Այդ տեղաշարժերը եղել են շատ կարճ ժամանակում։ Խիստ հսկողության տակ եղել են 6-7 ամիս, որից հետո ռեժիմը փոխվել է, համապատասխան եզրակացությունների հիման վրա։ «Քալանթարյանի գործով» նույն վիճակն էր։ Բեկանվել է գործը, ուղարկվել 1-ին ատյանի դատարան, նոր քննության։ Ես առողջապահության նախարարին մի քանի գործերի առնչությամբ արդեն իսկ (օգոստոսի 27-ին) գրել եմ, իմ մտահոգությունն եմ հայտնել՝ առաջարկելով կատարել անհապաղ ուսումնասիրություններ նշված ոլորտում, ձեռնարկել համապատասխան միջոցներ սպանություններ եւ առանձնապես ծանր այլ հանցագործություններ կատարած անձանց առողջական վիճակի լիարժեք-անկողմնակալ հետազոտման եւ հիմնավորված եզրակացություններ տալու ուղղությամբ։ Եթե անմեղսունակը 6 ամսվա ընթացքում ի վիճակի է ապաքինվել, եթե ապաքինումը ճիշտ է, նշանակում է, նախաքննության ժամանակ եւ դատարանում տրված այդ եզրակացությունը շատ կասկածելի է։ Եթե եզրակացությունն է ճիշտ, ուրեմն ապաքինման վիճակն է կասկածելի։ Երկու դեպքում էլ վտանգը կա։ «Առավոտի» Ձեր հրապարակումը երբ կարդացի, ինձ համար էլ անհասկանալի է, թե անմեղսունակը ինչպես է երկար տարիներ գյուղապետ աշխատել։ – Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ ոստիկանության կողմից զենք կրելու իրավունք էլ է ունեցել հոգեկան հիվանդ ձեւակերպվածը։ – Կարող եմ ասել, որ գործը ուսումնասիրում ենք։ – Ձեր համակարգի աշխատակիցներից մեկի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազի օգնական Սամվել Գոգինյանի նկատմամբ բերման որոշո՞ւմ է կայացվել։ – Ս. Գոգինյանի համար ինֆորմացիա էի ստացել, որ օգնել է օդանավակայանի արգելված գոտուց դուրս գալ մի հետախուզվողի (զինակոչիկի)։ Հանդիպել եմ Գոգինյանին, նա ասել է, որ շահ չի ունեցել եւ տեղյակ չի եղել, որ հետախուզման մեջ է գտնվել։ Արարքը այնպիսին էր, որը մեր համակարգին պատիվ չէր բերի եւ իրեն հեռացրել եմ զբաղեցրած պաշտոնից եւ իշխանազանցության համար քրգործ ենք հարուցել։ Իշխանազանցությունը որպես պատժատեսակ պարունակում է նաեւ պաշտոնանկություն։ Ես հանդիմանել եմ բերման որոշում կայացրած քննիչ Խաչատրյանին, որը իրավունք չուներ դեռեւս 3 օրվա ընթացքում վարույթում գտնվող գործի նկատմամբ այդպիսի որոշում կայացնել։ Մանավանդ չէր պարզված, թե չարամտորե՞ն է նա խուսափել քննությունից։ Գոգինյանը բուժումներից հետո եթե չներկայացավ, մենք խափանման միջոցի հարցում ավելի խիստ կգտնվենք։ – Կա՞ն դատախազության այլ աշխատակիցներ, որոնք քրեական հետապնդման մեջ են։ – Եվ գործեր ենք հարուցել, եւ ատեստացիաների արդյունքում համակարգից ազատման փաստեր կան։ – Պրն Թամազյան, այս կիսամյակում ինչպիսի՞ն է չբացահայտված սպանությունների վիճակագրությունը։ – 10 մարզերից 9-ում մենք չբացահայտված սպանություններ չենք ունեցել։ Միայն Արագածոտնում ունեցել ենք 2, Երեւանում 6 դեպք՝ 56 դեպքերից։ Հանցագործությունը սոցիալական երեւույթ է եւ չի պայմանավորված ոչ ինձնով, ոչ ձեզնով։ Կան տասնյակ գործոններ, որոնցով պայմանավորված է հանցագործությունների աճը։ – Պատվիրված սպանություններից, օրինակ, ի՞նչ փուլում է գտնվում Մուշեղ Ազատյանի (հեղինակություններից, «Լենինգրադցի Մուշեղ») գործը (Աբովյան փողոցում սպանվեց)։ – Քննություն է գնում։ Նա երկար տարիներ բացակայել է հանրապետությունից։ Տարվա մեջ մեկ-երկու անգամ գալիս էր։ Շարժառիթը չի ճշտված։ – Իրավական փոխօգնության պայմանագրով (Մինսկի կոնվենցիա) նախատեսված է տեղեկատվության փոխանակման մասին եւս։ Արդյոք Դիոնիս Մարգարյանի, Վանուշ Թորոսյանի՝ Մոսկվայում կատարված սպանության մասին կա՞ լրացուցիչ ինֆորմացիա։ – Այդ հարցերով ոստիկանությունն է զբաղվում։ Մի քանի օր առաջ ԱՊՀ բոլոր երկրների գլխավոր դատախազներին պաշտոնական գրություն ենք ուղարկել տեղեկությունների փոխանակման եւ համագործակցության մասին։ Հասարակությունը թող տեղեկանա։ – Որպես անհատի եմ Ձեզ դիմում եւ ոչ թե գլխավոր դատախազի. ո՞րն է եղել ամենածանր հանցագործությունը։ – Անշուշտ՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը։ Ամենացնցողն էր։ Նախատոնական օրերին կատարված։ Կան էլի սպանություններ, որոնք կարելի է հիշատակել, բայց դրանց մի մասը ոչ թե հնչեղ է, այլ դարձրել են հնչեղ՝ արհեստականորեն։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել