Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Դեկտեմբեր 04,2003 00:00

ՄԵԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Մամուլի ազգային ակումբը եւ Երեւանի մամուլի ակումբը տրամագծորեն տարբեր կարծիքների են «ԶԼ մասին» կառավարական նախագծի վերաբերյալ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ անցնելու փաստը տարբեր ձեւով ընդունեցին լրագրողական կազմակերպությունները: Եթե Երեւանի մամուլի ակումբը դա համարեց հաղթանակ, ապա Մամուլի ազգային ակումբը հայտարարեց, որ եթե այս օրինագիծն օրենք դառնա, ապա «ՄԱԱ անդամները չեն ենթարկվի այդ օրենքին, կցուցաբերեն քաղաքացիական անհնազանդություն»: Երեկ 3 ժամ տարբերությամբ ասուլիսներ էին հրավիրել ՄԱԱ-ն եւ ԵՄԱ-«Ինտերնյուս»-Ժուռնալիստների միություն-«Խոսքի ազատության կոմիտե» քառյակը: ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի կարծիքով, «ԶԼ մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումն անցավ ոչ միայն այն բանի համար, որ դա կառավարության նախագիծն էր, եւ կոալիցիան կողմ քվեարկեց (չնայած նախապես ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հակառակն էին խոստացել), ոչ միայն կանոնակարգային կոպիտ խախտումների շնորհիվ, այլեւ այն պատճառով, որ ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը թյուրիմացության մեջ էին գցել պատգամավորներին: Նրանք երկրորդ ընթերցումից առաջ հայտարարել են, իբր ԵԽ-ն եւ միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններ ուղարկել են փորձագիտական դրական եզրակացություններ: Այնինչ, ըստ Նարինե Մկրտչյանի, դա բացարձակ կեղծիք է: ԵԽ փորձագետների եզրակացությունը գաղտնի է պահվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն, մեղմ ասած, դրական չէ, իսկ «Արտիկլ 19» բրիտանական կազմակերպությունը, որի անունը հիշատակել են ԱԺ նիստի ժամանակ, ուղարկել է 17 մտահոգություններից եւ դիտողություններից բաղկացած եզրակացություն: Հրանուշ Հակոբյանը հայտնել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Ա.Պրյախինի անունից ուղարկված նամակի մասին, որում հայտնվում էր, որ «ԶԼ մասին» օրինագիծը եվրոպական չափանիշներին համապատասխան է: Իսկ ՄԱԱ հարցմանն ի պատասխան, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից ասել են, որ տեղյակ չեն նման նամակի գոյության մասին: Այս ամենից ելնելով, ՄԱԱ-ն պատրաստվում է պահանջել Հրանուշ Հակոբյանի եւ Աշոտ Աբովյանի հրաժարականները: Իսկ ահա, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ «ԶԼ մասին» օրինագիծը ներկայիս վիճակով բավականին ընդունելի է: Ավելին, մեր հարցին ի պատասխան՝ «Մի՞թե հնարավոր չէր համախմբվել ոչ թե կառավարության, այլ ՄԱԱ հեղինակած նախագծի շուրջ», պարոն Նավասարդյանն ասաց. «Կառավարության նախագծին սկզբնական շրջանում մենք եւս միանշանակորեն դեմ էինք, բայց այն բանից հետո, երբ տեսանք, որ պատրաստակամորեն ընդունվում են առաջարկները, մենք որոշեցինք համագործակցել, եւ դա տվեց իր պտուղները: «ԶԼ մասին» օրինագծի օգոստոսյան տարբերակը շատ ավելի էր համապատասխանում մեր մոտեցումներին, քան անգամ մեր իսկ հեղինակած օրինագիծը, այնպես որ, մենք մի կողմ թողեցինք մերը եւ սկսեցինք աշխատել սրա վրա: Եվ շատ ավելի նպատակահարմար էր աշխատել կառավարական շտկված նախագծի վրա, քան ՄԱԱ հեղինակածի, որը զիջում էր առաջինին, եւ նրանում որոշ դրույթներ վտանգում էին խոսքի ազատությանը»: «Խոսքի ազատության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը փորձեց բացատրել, թե ինչումն է խնդիրը, որ չեն կարողանում իրար հետ լեզու գտնել այդ կազմակերպությունները. «ՄԱԱ-ն իր ստեղծման օրվանից ասում էր, որ ստեղծվում է ի հակադրումն ԵՄԱ-ի եւ Ժուռնալիստների միության, որտեղ իբր գործող լրագրողներ չկան, անընդհատ ասվում էր, որ մենք խոսում ենք բոլոր լրագրողների անունից, երբ մենք նման հավակնություն չունենք, եւ եթե լիներ կոնստրուկտիվ մոտեցում հարցին, եւ ոչ թե՝ «կամ մեր նախագիծը, կամ՝ ոչ մի բան», ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ»: Իսկ ահա «Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանին մտահոգում էր մի այլ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որն ընդունվելու դեպքում մեծ պրոբլեմներ կարող են ծագել հեռուստաընկերությունների առաջ: Սակայն այս մասին՝ մեկ այլ առիթով: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել