Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանական վաղաժամկետը պետք է վերապահել դատարանին

Դեկտեմբեր 13,2003 00:00

Պայմանական վաղաժամկետը պետք է վերապահել դատարանին Դա չպետք է մնա քրեակատարողական հիմնարկի քմահաճույքին Գործող քրեական օրենքի համաձայն, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը կիրառվում է դատապարտյալի պատժի կատարումը տնօրինող մարմնի միջնորդագրով։ Փորձը ցույց է տալիս, որ հիշյալ կարգը արդյունավետ չէ, այն կապված է երկարատեւ բյուրոկրատական քաշքշուկի, ինչպես նաեւ կամայական, հայեցողական վերաբերմունքի հետ։ Պատիժը տնօրինող մարմինը շուրջ 1-2 ամիս ուշացումով է միջնորդագիր ուղարկում դատարան։ Արդյունքում, դատապարտյալը երբեմն նույնիսկ 2-3 ամիս ուշացումով է պայմանական վաղաժամկետ ազատվում, որը օրինականության կոպիտ խախտում է։ Մինչդեռ, եթե դատավճիռ կայացնող դատավորը դատավճռում նշի դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատվելու որոշակի օրը, ապա կբացառվեն կամայականությունն ու չարաշահումները։ Եվ, որ առավել կարեւոր է, դատապարտյալը կձգտի օրինակելի, անբասիր վարքագիծ դրսեւորել, որպեսզի պրոբլեմ չունենա պայմանական վաղաժամկետ ազատվելու հոգեմաշ քաշքշուկի հետ։ Պատժի կատարումը տնօրինող քրեակատարողական հիմնարկը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով թող դատարան ուղարկի այն դատապարտյալների գործերը, ովքեր պատիժը կրելիս ռեժիմի խախտում են թույլ տվել, բացասական վարքագիծ են դրսեւորել։ Հետեւաբար, դատավճռի եզրափակիչ մասում, իբրեւ պարտադիր նորմ, պետք է նշել. «Պատիժը կրելու ժամանակաընթացքում օրինակելի, անբասիր վարքագիծ դրսեւորելու դեպքում դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել՝ նշելով կոնկրետ օրը»։ Եվ մի հարցի մասին էլ։ Անհասկանալի է նաեւ այն արտահայտությունը, որը դատավճռում պարտադրվում է նշել՝ «պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկում»։ Մինչդեռ, եթե հանցավորին պատիժ նշանակողը դատավորն է, ապա պատիժը կրելու ռեժիմն էլ նա պետք է որոշի, ինչպես եւ նախատեսված էր նախկին օրենքով: Չէ՞ որ «ռեժիմի» ընտրությունը պատժի անբաժանելի, բաղկացուցիչ մասն է։ Տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ ազատազրկման ձեւով պատժի ռեժիմին վերաբերող հարցերի լուծումը քրեակատարողական իրավունքին վերապահելը հակասահմանադրական է, այն հակասում է նաեւ արդարադատության իրականացման հրատապությանը։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել