Լրահոս
Օրվա լրահոսը

«Իտալական» նվեր հայ կանանց

Մարտ 06,2004 00:00

«Իտալական» նվեր հայ կանանց «Հայ կանայք գեղեցիկ են ու տիրապետում են հրապուրիչ լինելու արվեստին»,- ասում է իտալացի դիրիժոր Լուիջի դի Բելան։ Երիտասարդ դիրիժորը սիրով է ընդունել հրավերը՝ ղեկավարելու մարտի 7-ին կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված կանանց միջազգային օրվան։ Սա արվեստագետի երկրորդ այցն է Հայաստան (առաջինը 2001-ին էր)։ Իտալիայում ու Ավստրիայում հիմնավոր երաժշտական կրթություն ստացած երաժշտի (որպես դաշնակահար, կոմպոզիտոր ու դիրիժոր) համակրանքը հայ ազգի հանդեպ եկել է դեռ ուսանողական տարիներից, շնորհիվ Արամ Խաչատրյանի երաժշտության։ Ըստ արվեստագետի, Իտալիայի բարձրագույն երաժշտական կենտրոններում, այդ թվում՝ Բոլոնիայի կոնսերվատորիայում, որտեղ ինքն ուսանել է, աստվածացնում են համաշխարհային մեծության աստղ Արամ Խաչատրյանին. «Չէ՞ որ կոմպոզիտորի յուրաքանչյուր ստեղծագործության հիմքում սերն է՝ հագեցած անզուսպ մեղեդայնությամբ ու կրքով»։ Թեեւ երաժիշտը զուգահեռներ է անցկացնում հայուհիների ու իտալուհիների միջեւ (երկուսի մոտ էլ կարեւորում է տաքարյունությունը), սակայն կա մի «բայց»՝ «իտալուհիները չափից ավելի ազատ են, իսկ հայուհիները չափից ավելի նվիրված են իրենց ընտանիքներին»։ Լուիջի դի Բելայի համոզմամբ, ինչպես նվագախումբն է կոլեկտիվ, այնպես էլ ընտանիքը, ու այսօր հայ ընտանիքների մեծամասնությունը առաջնորդվում է հայուհու՝ դարեր առաջ հիմնած «ընտանեկան դաստիարակության համակարգով»։ Հայերի՝ մասնավորապես հայուհիների մասին, Լուիջին այսօր ավելի շատ տեղեկություններ կունենար, եթե իր ծննդավայրում՝ Բոլոնիայում «ուսումնառությանս տարիներին կարողանայի սովորել հայոց լեզուն, որը գեղեցիկ հնչողություն ունի»։ Իտալացի դիրիժորը չի կարողացել իրականացնել հայերեն սովորելու իր երազանքը՝ համապատասխան մասնագետ չգտնելու պատճառով։ «Առավոտի» հարցին՝ ընդհանուր գծերով բնութագրում եք հայուհուն, իսկ ընտանիք կկազմեի՞ք նրա հետ, երաժիշտը պատասխանեց. «Այո, բնականաբար, բուռն սիրո առկայության դեպքում»։ Հաջորդ՝ «Համերգին որպես նվեր կհնչի Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան ձեր մեկնաբանությամբ, ինչո՞ւ հատկապես այդ ստեղծագործությունը» հարցին դիրիժորը պատասխանեց. «Այս երկը գրված է կոմպոզիտորի եռուն ուժերի պոռթկուն շրջանում»։ Մեր հետաքրքրությանը՝ դա ո՞ր տարիքն է, Լուիջի դի Բելան կատակեց. «Եթե Բեթհովենը լիներ հայ կամ իտալացի, չէր ծագի նման հարց, քանի որ տաքարյուն հայերի ու իտալացիների համար այս հարցում տարիքային սահմանափակում չկա։ Ինչ վերաբերում է Բեթհովենին՝ նա 30 տարեկան էր»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել