Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈ՞ՒՄ

Մայիս 01,2004 00:00

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈ՞ՒՄ Երեկ «Արմատ» կենտրոնում քննարկվում էր Հայաստանի տնտեսական իրականությունը։ Կենտրոնի անդամ, տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի մատուցմամբ, 2004 թ. սկսած նախատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկում՝ մինչեւ 5%։ Այսինքն՝ տնտեսական տեմպերի ապակայունացում։ Այդ հայտարարությունը բանախոսն արեց՝ հղում կատարելով ՀՀ կառավարության 2004թ. ծրագրին։ «Բացի այդ, հայտարարվեց, որ 2004 թ. բյուջեն 75 մլն դոլարի դեֆիցիտ ունի։ 5% աճով եւ դեֆիցիտի հաշվի՞ն են պատրաստվում ավանդները ետ վերադարձնել»,- հարցրեց Էդ. Աղաջանովը: Տնտեսագետը զարմանալի չի համարում, որ սննդի եւ ծխախոտի արդյունաբերությունների մասնաբաժինը վերամշակող արդյունաբերական կառուցվածքում կազմում է ավելի քան 70%։ «ՀՀ-ում ձեւավորվել է ենթաակցիզային եւ առեւտրամիջնորդական տնտեսություն, որը հատուկ է 4-րդ, 5-րդ կարգի երկրներին»։ Իսկ արտահանման ծավալների 51,5% (349,4 մլն դոլար) բաժին է ընկնում թանկարժեք քարերին եւ իրերին։ Ընդ որում, իրերի արտադրության մասնաբաժինը վերամշակող արդյունաբերության ընդհանուր ծավալում 7,7%-ն է (37,9 մլն դոլար)։ Պատճառն այն է, որ թանկարժեք քարերի եւ իրերի արտահանումից ստացված տարադրամային հասույթը եւ շահույթը պատկանում են ոչ թե հայ արտադրողին, այլ հումք մատակարարողին։ ՀՀ-ում այդ սկզբունքով է կարի եւ ալյումինի արտադրությունը։ Իբրեւ եզրակացություն, ըստ Աղաջանովի, արտահանման իրական ծավալները 45% են, քանի որ մնացած 55%-ը մեր արտադրողներին բաժին չի լինում։ Իսկ դա նշանակում է, որ իրական առեւտրային դեֆիցիտը 964,3 մլն դոլար է (առանց հաշվի առնելու ստվերային ներկրման ծավալները)։ Այսպիսով, առեւտրային դեֆիցիտը ՀՀ-ում ՀՆԱ-ի 34,4%-ն է, որը Էդ. Աղաջանովը «բավականին վտանգավոր» է որակում։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել