«Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա ցավում եմ՝ մենք խաղաղության պայմանագիր դեռ չունենք, քանի որ դեռ պետք է փոխվի ՀՀ սահմանադրությունը, որն այսօրվա թիվ մեկ օրակարգն է։ Մենք դեմ ենք ալիևյան սահմանադրությանը»,- ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ի պատասխան խաղաղության խաչմերուկի հետ կապված իշխող կուսակցության ներկայացուցիչ պատգամավորների հայտարարություններին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Նա փաստեց՝ ամբողջ քարոզարշավի ժամանակ ՔՊ-ն խոսում էր, որ խաղաղությունն արդեն եկել է, բայց հիմա պարզվում է՝ մինչև Ալիևի պարտադրած սահմանադրությունը չընդունվի, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց․ «Դուք էլ ամբողջ քարոզարշավի ընթացքում 300 հազար ադրբեջանցիների մասին էիք խոսում, բա ո՞ւր են»։ Հայկ Ֆարմանյանն էլ արձագանքեց՝ 300 հազար ադրբեջանցիները հունիսի 8-ին հո չէի՞ն գալու։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանն էլ հավելեց․ «Երբ գալիս է Արարատ Միրզոյանը և ասում՝ գիտեք Ադրբեջանը չի ասում՝ սահմանադրություն փոխեք, չի ասում նախապայման կա, բայց ասում է՝ մինչև սահմանադրություն չփոխեն, խաղաղության պայմանագիր չեմ ստորագրի, չեմ հասկանում՝ բա նախապայմանն էլ պոզով, պոչո՞վ է լինում։ Ադրբեջանցիների գալը պետք չէ պրիմիտիվացնել՝ ինչու հունիսի 12-ին չեկան, էսօր արդեն նոյեմբեր է։ Ադրբեջանում հսկայական ֆինանսավորում է իրականացվում «արևմտյան Ադրբեջան» փառատոնների համար, հայկական մշակութային ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական, հասել են արդեն Նորավանք, էլ ո՞նց պիտի գան էդ ադրբեջանցիները, չեք լսե՞լ այդ հայտարարությունները, որ Նորավանքն աղվանական մշակութային ժառանգության մաս են համարում․ միլի մեջլիսի պատգամավորն է հայտարարել։ Եթե ՀՀ սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է, ապա բերվող սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան ալիևյան սահմանադրություն»։
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































