ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հրանտ Դինքի անվան հայկական վարժարան։
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է վարժարանի տնօրեն Հերիքնազ Ավագյանի, փոխտնօրեն Լուսինե Հարությունյանի, ինչպես նաև հոգաբարձուներ Դալար և Արտո Հորոզօղլուների հետ։
Վարժարանում, որտեղ ներկայում սովորում է Հայաստանից շուրջ 50 աշակերտ, կրթությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրին համապատասխան՝ նպաստելով հայոց լեզվի, պատմության և մշակույթի պահպանմանն ու փոխանցմանը։
Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը ծանոթացել է վարժարանի գործունեությանը, կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև լսել աշակերտների պատրաստած ելույթները։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են վարժարանի կրթական առաքելությանը, հայաստանցի աշակերտների կրթության կազմակերպմանը, հայեցի դաստիարակությանը և կրթական գործընթացի շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր։
Զարեհ Սինանյանն ընդգծել է հայկական կրթօջախների կարևոր դերակատարությունը հայապահպանության, ազգային և մշակութային ինքնության պահպանման, ինչպես նաև երիտասարդ սերնդի՝ Հայաստանի Հանրապետության հետ կապերի ամրապնդման գործում՝ կարևորելով վարժարանի կրթական գործունեության շարունակականությունն ու զարգացումը։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ



















































