«Շատ ցավալի դեպք է, բայց ես իրավաբան չեմ, չեմ կարող մեկնաբանել»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով երեկ ՔԿՀ–ում Ստեփանավանում համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին հարցին։
Նախարարը համաձայն չէ լրագրողների հետ, որ Արսեն Գեւորգյանը քաղաքական դրդապատճառներով էր կալանավորված․ «Ընտրակաշառքը սարսափելի հանցագործություն է, ես կարծում եմ, որ կալանքի տանելն ադեկվատ է։ Ես իրավապահ մարմինների գործողությունները ինչպե՞ս կարող եմ հարցականի տակ դնել, եթե ես դրա մասնագետը չեմ, ես չգիտեմ որ դեպքում են սանկցիա կիրառում։ Քրեական գործ է հարուցվել, որպեսզի պարզվի՝ ո՞վ է պատասխանատու դրա համար։ Պարզ է, եթե անգործություն է տեղի ունեցել, պատասխանատվություն կրում է (նկատի ունի՝ իշխանության պատասխանատվությունը-Ն․ Գ․)»։
Հիշեցնենք, երեկ առավոտյան քրեակատարողական հիմնարկում մահացել էր Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Իսկ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































