ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում։
Այցի շրջանակում գլխավոր հանձնակատարն այցելել է Ստամբուլում գործող Գարակէօզեան հայկական վարժարան, որն ավելի քան մեկ դար կարևոր դերակատարում ունի տեղի հայ համայնքի կրթական կյանքում։
Զարեհ Սինանյանը հանդիպել է վարժարանի տնօրինության, հոգաբարձուների խորհրդի և վարչական կազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շուրջ 220 աշակերտ ունեցող կրթօջախի գործունեությանը, կրթական գործընթացի կազմակերպմանը և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ստամբուլի հայ համայնքի կրթական կյանքի առանձնահատկություններին, հայկական կրթական հաստատությունների առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և տեղի հայ համայնքի միջև կրթական ու մշակութային կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Զարեհ Սինանյանն ընդգծել է հայկական կրթական հաստատությունների առանցքային նշանակությունը հայապահպանության, ազգային և մշակութային ինքնության պահպանման, հայոց լեզվի ու մշակութային ժառանգության փոխանցման, ինչպես նաև երիտասարդ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության գործում՝ կարևորելով դրանց գործունեության շարունակականության ապահովումը, կրթական ներուժի զարգացումն ու Հայաստանի հետ կապերի ամրապնդումը։
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ



















































