Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՊԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՏՈՒՆԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԶՈՀ

Մայիս 01,2004 00:00

ՆԱԽԱՊԱՊԻ ԿԱՌՈՒՑԱԾ ՏՈՒՆԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԶՈՀ Առաջին անգամ տունը սեփականատիրոջից խլել են 1937թ. երկրորդ անգամ՝ 2004թ. 1875թ. Ազիզ Ստեփանյանը Երեւանի սրտում՝ նախկին Մալյառսկայա եւ Տարխանովսկայա փողոցների (ներկայիս Պուշկինի եւ Տերյան) անկյունում գնեց մի հողատարածք, որի վրա կառուցեց բնակելի տուն՝ 612,96 քմ մակերեսով։ Այդ սեփականությունը, ըստ Ազիզ Ստեփանյանի ծոռան ծոռի՝ Իրինա Եդիգարյանի, գույքագրվեց Երեւանի քաղխորհրդի տեղական տնտեսության բաժնում, տրվեց գնահատման ամփոփագիր նախ 1896թ. մարտի 30-ին, ապա 1928թ.։ ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը Պուշկինի 34 հասցեում գտնվող այդ տունը համարում է պատմամշակութային հուշարձան: Այս տանն ապրեց Ի. Եդիգարյանի պապը՝ Ֆիոլետովո գյուղի ուսուցիչ, դաշնակցական Հակոբ Եդիգարյանը, որը 1937-ին գնդակահարվեց։ Բռնագրավվեց այս տան անձնական գույքը եւ, ըստ Ի. Եդիգարյանի, այն «բռնի կերպով բնակեցվեց օտար մարդկանցով»։ Արարատի մարզի Դվին գյուղի դաշնակցության կազմակերպությունը կոչվում է Հ. Եդիգարյանի անվամբ, եւ՝ ըստ ՀՀ ՊԱԿ-ի արխիվային տվյալների, Հ. Եդիգարյանը գնդապետ Դրո Կանայանի առաջադրանքներն է կատարել։ Ի դեպ, 40-ականների «Սպարտակ» ֆուտբոլային թիմի խաղացող, այնուհետեւ համամիութենական կարգի մրցավար Միքայել Եդիգարյանը նույնպես ապրել է այս տանը։ Այսինքն, տունը պատմության համար բացառիկ է այս իմաստով նույնպես։ Սակայն շենքն այսօր քանդման ենթակա է: Հյուսիսային պողոտայի կառուցման արդյունքում այս տունը կօտարվի Ի. Եդիգարյանից։ «1937թ. մեր ընտանիքին թողնվել էր ընդամենը 1 սենյակ։ Մինչ օրս իմ ընտանիքը ապրում է այս հասցեում։ Ես եւ քույրս իր եղբայրների հետ հանդիսանում ենք տունը կառուցապատողների սեփականատերերի ուղիղ ժառանգները»,- ասում է Ի. Եդիգարյանը։ Վերջինս դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ Պուշկինի 34 տան նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ամբողջությամբ ճանաչելու պահանջով։ Առաջարկվել է 20 հազար դոլար «չնչին» գումար։ «Դատաիրավական համակարգը արգելափակված է Հյուսիսային պողոտայի իրացման գոտում բնակչի արդարացի հայցի դրական լուծման համար»,- արդարացիորեն շարունակում է տոհմիկ սեփականատերը։ Սակայն այս պատմության մեխն այն է, որ պետությունն ընդհանրապես իր ձեռքերը լվացել էր եւ չեն հատուցվել բռնադատված ընտանիքին հասցրած նյութական, բարոյական, իրավական վնասները։ Ուշագրավ է, որ 1937-ին Պուշկինի 34 տունը «պետության կարիքների համար» խլվեց Եդիգարյանների ընտանիքից, պետության անունից խլվում է եւ հիմա։ «Իմ ընտանիքը չի կարող եւ չի պատրաստվում շարունակ տուժել եւ չի պարտավորվում այս կառավարությանը նվիրել իր ստեղծած նյութական արժեքները»,- ասում են Եդիգարյանները։ Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված փոխհատուցում նախատեսվել եւ առաջարկվել են նաեւ այն բնակիչներին, որոնք ոչինչ չեն ստեղծել այդ տարածքում, եղել են վարձակալներ կամ հեռակա բնակիչներ։ Մինչդեռ Եդիգարյանների խնդիրը, նախադեպի առումով, բացառիկ է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել